Ավագ հինգշաբթին՝ Թբիլիսիի հայոց եկեղեցիներում
2026 թվականի ապրիլի 2-ին, Ավագ Հինգշաբթի օրը, առավոտյան Վիրահայոց Թեմի գործող եկեղեցիներում մատուցվեց Սուրբ Պատարագ: Թբիլիսիի Սբ. Գևորգ առաջնորդանիստ և Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցիներում Սուրբ Պատարագը մատուցեցին արժ. Տեր Հուսիկ քահանա Հարությունյանը և արժ. Տեր Սամվել քահանա Թորոսյանը:
Հընթացս Սուրբ Պատարագի, եկեղեցիներում Պատարագիչ քահանա հայրերը քարոզ խոսեցին Քրիստոսի Սուրբ Հաղորդության հաստատման մասին:
Այնուհետև եկեղեցիներում կատարվեց Ոտնլվայի արարողություն: Քրիստոս վերջին ընթրիքից հետո, ցուցաբերելով ճշմարիտ հեզության ու խոնարհության օրինակ, լվանում է իր աշակերտների ոտքերը: Թբիլիսիի հայոց եկեղեցիների հոգևոր հայրերը, Տիրոջ օրինակով, շարականների երգեցողության ներքո, եկեղեցու խորանին ծնկաչոք լվացին 12 անձանց և մանուկների ոտքերը և օծեցին օրհնված յուղով:
Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում Ոտնլվայի արարողությունը կատարվեց Թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպս. Դավթյանի նախագահությամբ: Սբ. Էջմիածնում ոտնլվայի արարողությունը կատարեց արժ. Տեր Սամվել քահանա Թորոսյանը:
Արարողությունից հետո օրհնված յուղը բաժանվեց հավատացյալներին:
Հայերեն
ქართული
English
Русский 


