Աստվածամոր Ավետման տոնը Թբիլիսիի Սբ. Էջմիածին եկեղեցում
Աստվածամոր Ավետման համաքրիստոնեական տոնը անշարժ նշվում է ապրիլի 7-ին: Ն.Ս.Օ.Տ.Տ.Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը այդ օրը հռչակել է մայրերի և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր: Այն նշանավորվում է հայոց եկեղեցիներում Սուրբ Պատարագների մատուցմամբ և մշակութային տարբեր միջոցառումներով:
2026 թվականի ապրիլի 7-ին, Թբիլիսիում, Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում, Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանի օրհնությամբ, տոնական Սուրբ Պատարագ մատուցեց արժ. Տեր Կիրակոս քահանա Սիմոնյանը:
Հընթացս Սուրբ Պատարագի, Տեր Կիրակոս քահանան խոսեց Աստվածամորը նվիրված տոների և Հայոց Եկեղեցում Սուրբ Մարիամի խորհրդի, Աստծուց ժառանգած կնոջ արարչագործության պսակի՝ մարդ ստեղծելու շնորհի և կարողության մասին: Աստվածամայրը խորհրդանշում է հավատք, խոնարհություն, սեր, պատրաստակամություն ունեցող կնոջ կերպար: Նա կատարյալ կնոջ խորհրդանիշ է, - իր քարոզում ընդգծեց Տեր Կիրակոսը:
Պատարագիչ-քահանան շնորհավորեց բոլոր մայրերին ու քույրերին տոնի կապակցությամբ, փոխանցեց թեմակալ առաջնորդի շնորհավորանքներն ու բարեմաղթանքները:
Աստվածամոր Ավետման տոնին նվիրված Սուրբ Պատարագներ մատուցվեցին Վիրահայոց թեմի մյուս գործող եկեղեցիներում:
Հայերեն
ქართული
English
Русский 
