«Սբ. Մովսես Խորենացի» նախակրթարանի ավարտական հանդեսը
2026 թվականի հունիսի 12-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում կայացավ Թեմի Սբ. Մովսես Խորենացու անվան նախակրթարանի ավագ խմբի ավարտական հանդեսը: Գեղեցիկ զարդարված դահլիճը տոգորված էր հայկական շնչով՝ հայոց լեռնաշխարհի, Մասիս սարի գեղատեսիլ բնանկարով, գույնզգույն փուչիկներով: Դահլիճում տեղեր էին զբաղեցրել ուսուցիչներ, ծնողներ, հյուրեր, թբիլիսահայ հասարակայնության ներկայացուցիչներ:
Հայկական նախշազարդեր կրող հագուստներով փոքրիկները արժ.Տեր Կիրակոս քահանա Սիմոնյանի գլխավորությամբ բարձրացրին «Տերունական աղոթքը»՝ ցույց տալով նախակրթարանում սովորելու իրենց ամենօրյա արարողակարգը: «Հայարտուն» կենտրոնի տնօրեն Եվգենյա Մարկոսյանը՝ բացելով տոնահանդեսը, երախտագիտության խոսքեր փոխանցեց Թեմակալ առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանին, ում հայրական օրհնությամբ, բարեմաղթանքով և ցուցաբերած ուշադրությամբ այս տարի «Սբ. Մովսես Խորենացի» նախակրթարանը գիտելիքների աշխարհ է ուղղորդում 14-րդ շրջանավարտներին:
Հայեցի կրթություն ստանալու նախաշեմը մեր ոսկեղենիկ լեզուն սովորելն է, մեսրոպյան տառերը սերտելը, մայրենիով մտածելն ու առաջ ընթանալը: Դրա վկայությունն էր «Տառերի թագադրություն» գրական մոնտաժը, որով շրջանավարտները ցույց տվեցին մեսրոպատառ երկաթագիր գրերի գեղեցկությունը, հնչեղությունը, խոր իմաստն ու արժանապատվությունը: Երեխաների շուրթերից հնչած հայկական այբուբենն ավարտվեց նրանցից յուրաքանչյուրի գլուխը ծաղկեպսակով զարդարելով: Միջոցառումը նաև շրջանավարտների արտասանության, ազգային երգի և խրոխտ շուրջպարի ցուցադրություն էր:
«Սբ. Մովսես Խորենացի» նախակրթարանի 16 շրջանավարտները իրենց դպրոցական կյանքի շեմը կհատեն Թբիլիսիի թիվ 104 հայկական և թիվ 103 վրաց-հայկական կրթօջախներում:
Ներկա գտնվող հյուրերը՝ Լևոն Չիդիլյանը, Կարինե Մանուկյանը, թիվ 104 և թիվ 103 դպրոցների մանկավարժներ Լիլիթ Կարագյոզյանը և Էմմա Հովհաննիսյանը, ովքեր լինելու են այս երեխաների հայեցի կրթության ու դաստիարակության առաջին ուսուցիչները, ինչպես նաև նախակրթարանի սաների ծնողները՝ արժևորելով շրջանավարտների պատրաստվածության մակարդակը, իսկական հայ մեծանալու ամուր հիմքը և լավ սովորելու գործում ներդրած ավանդը երախտագիտության խոսքեր ուղղեցին Եվգենյա Մարկոսյանին, դաստիարակներ Տաթևիկ Սահակյանին, Աիդա Բազոյան-Սուրմալյանին, դայակ Երինազ Մարտիրոսյանին:
Տոնահանդեսի վերջում բոլոր շրջանավարտները արժ. Տեր Կիրակոս քահանա Սիմոնյանի ձեռամբ և օրհնությամբ ստացան «Սբ. Մովսես Խորենացի» նախակրթարանն ավարտելու վկայականներ և մանկության տարիները հիշեցնող վինետկաներ, իսկ Թեմի վարչական բաժնի տնօրեն Կարեն Երիցյանի կողմից բաժանվեցին «Բարի սամարացու» նվերներ:
Հայերեն
ქართული
English
Русский 
