Материалы

Վիրահայոց թեմում նշվեց Մեծ պահքի 24-րդ օրը`«Միջինք»-ը

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոնացույցով Մեծ Պահքի շրջան է: 2022 թվականի մարտի 23-ին Պահքը կիսվեց, քանզի 24-րդ օրն էր: Այն կոչվում է Միջինք: Եկեղեցական այս տոնը ուղեկցվում է ժողովրդական մի շարք սովորություններով ու ավանդույթներով, օրինակ, գաթա կամ բաղարջ թխելով:

Հոգևոր հովիվների գլխավորությամբ, Վիրահայոց թեմի եկեղեցիներում հավուր պատշաճի էին պատրաստվել օրվան՝ եկեղեցական ծիսակատարությանը զուգակցելով ժողովրդական սովորությունը:

Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ  և Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցիներում, հոգևորականների և սարկավագաց դասի մասնակցությամբ կատարվեց «Հանգստյան» և «Խաղաղական» ժամերգություն:

1

Ներկաներին Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հգշ. Տեր Կիրակոս վրդ. Դավթյանի օրհնությունը փոխանցեց և  օրվա խորհրդին անդրադարձ կատարեց արժ. Տեր Սամվել քահանա Թորոսյանը: Հոգևոր Հայրը հավատացյալներին մաղթեց սիրով և հավատքով անցնել նաև Պահքի երկրորդ կեսը, որը կշարունակվի մինչև Հրաշափառ Հարության տոնը, որն այս տարի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոնացույցով նշվում է ապրիլի 17-ին:

Միջինքը բաղարջով կամ գաթայով նշելու ժողովրդական ավանդույթը  վիրահայության շրջանում վեր է ածվել հայկական գաթայի փառատոնի: Սեղաններին շարվեցին այդ օրվա համար հատուկ թխած տարատեսակ գաթաները, որոնք  Օրհնվեցին և հայկական տարազներով զուգված «Հայարտուն» կենտրոնի «Ներսես Շնորհալի» երգչախմբի անդամները բաժանեցին ժողովրդին: Ներկաներից ոմանց համար հաճելի անակնկալ դարձավ եկեղեցիների խաչի քավորների կողմից պատրաստված նվերները՝ օրհնված խաչերը:

1

Միջինքի օրը առանձնահատուկ շքեղությամբ և գաթայի փառատոնով նշվեց Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության Ախալքալաքի Սուրբ Խաչ գլխավոր եկեղեցում  և հարակից գյուղերում, Ախալցիխեի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Նինոծմինդայի Սբ. Սարգիս, Բաթումի «Սուրբ փրկիչ» եկեղեցիներում, Ծալկայի և Ասպինձայի շրջանների գյուղերում, Քվեմո Քարթլիի տարածաշրջանի հայոց եկեղեցիներում, Ռուսթավի քաղաքի Սբ. Գրիգոր Նարեկացի հոգևոր, կրթամշակութային և երիտասարդական կենտրոնում: Ներկաները իրազեկվեցին օրվա խորհրդի մասին, հյուրասիրվեցին օրհնված գաթայով, որը դարձավ հավատքով և աղոթքով Պահքի երկրորդ կեսը անցնելու և քրիստոնական սիրով Սուրբ Զատիկը դիմավորելու գրավական:

Եկեղեցիների հոգևոր դասը երախտագիտության խոսքեր ուղղեց  տարվա խաչքավորներին «Միջինքի» նշանավորմանը ցուցաբերած օժանդակության համար:

1

 

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են