Վիրահայոց թեմում նշվեց Մեծ պահքի 24-րդ օրը`«Միջինք»-ը
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոնացույցով Մեծ Պահքի շրջան է: 2022 թվականի մարտի 23-ին Պահքը կիսվեց, քանզի 24-րդ օրն էր: Այն կոչվում է Միջինք: Եկեղեցական այս տոնը ուղեկցվում է ժողովրդական մի շարք սովորություններով ու ավանդույթներով, օրինակ, գաթա կամ բաղարջ թխելով:
Հոգևոր հովիվների գլխավորությամբ, Վիրահայոց թեմի եկեղեցիներում հավուր պատշաճի էին պատրաստվել օրվան՝ եկեղեցական ծիսակատարությանը զուգակցելով ժողովրդական սովորությունը:
Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ և Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցիներում, հոգևորականների և սարկավագաց դասի մասնակցությամբ կատարվեց «Հանգստյան» և «Խաղաղական» ժամերգություն:
Ներկաներին Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հգշ. Տեր Կիրակոս վրդ. Դավթյանի օրհնությունը փոխանցեց և օրվա խորհրդին անդրադարձ կատարեց արժ. Տեր Սամվել քահանա Թորոսյանը: Հոգևոր Հայրը հավատացյալներին մաղթեց սիրով և հավատքով անցնել նաև Պահքի երկրորդ կեսը, որը կշարունակվի մինչև Հրաշափառ Հարության տոնը, որն այս տարի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոնացույցով նշվում է ապրիլի 17-ին:
Միջինքը բաղարջով կամ գաթայով նշելու ժողովրդական ավանդույթը վիրահայության շրջանում վեր է ածվել հայկական գաթայի փառատոնի: Սեղաններին շարվեցին այդ օրվա համար հատուկ թխած տարատեսակ գաթաները, որոնք Օրհնվեցին և հայկական տարազներով զուգված «Հայարտուն» կենտրոնի «Ներսես Շնորհալի» երգչախմբի անդամները բաժանեցին ժողովրդին: Ներկաներից ոմանց համար հաճելի անակնկալ դարձավ եկեղեցիների խաչի քավորների կողմից պատրաստված նվերները՝ օրհնված խաչերը:
Միջինքի օրը առանձնահատուկ շքեղությամբ և գաթայի փառատոնով նշվեց Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության Ախալքալաքի Սուրբ Խաչ գլխավոր եկեղեցում և հարակից գյուղերում, Ախալցիխեի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Նինոծմինդայի Սբ. Սարգիս, Բաթումի «Սուրբ փրկիչ» եկեղեցիներում, Ծալկայի և Ասպինձայի շրջանների գյուղերում, Քվեմո Քարթլիի տարածաշրջանի հայոց եկեղեցիներում, Ռուսթավի քաղաքի Սբ. Գրիգոր Նարեկացի հոգևոր, կրթամշակութային և երիտասարդական կենտրոնում: Ներկաները իրազեկվեցին օրվա խորհրդի մասին, հյուրասիրվեցին օրհնված գաթայով, որը դարձավ հավատքով և աղոթքով Պահքի երկրորդ կեսը անցնելու և քրիստոնական սիրով Սուրբ Զատիկը դիմավորելու գրավական:
Եկեղեցիների հոգևոր դասը երախտագիտության խոսքեր ուղղեց տարվա խաչքավորներին «Միջինքի» նշանավորմանը ցուցաբերած օժանդակության համար: