Վիրահայոց թեմի պատվիրակությունը Բերդավանում մասնակցեց Հայոց բանակի 30-ամյակի տոնակատարությանը
2022 թվականի հունվարի 28-ին, Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հգշ. Տեր Կիրակոս վրդ. Դավթյանի օրհնությամբ և աջակցությամբ, թեմի պատվիրակությունը, մասնակցեց ՀՀ Տավուշի մարզի Բերդավան սահմանամերձ գյուղում Հայոց բանակի 30-ամյակին նվիրված միջոցառումներին:
Պատվիրակության կազմում էին Վիրահայոց թեմի բարեշնորհ սարկավագ Գևորգ Ավետիսյանը, մշակույթի բաժնի պատասխանատու Սուրեն Աբրահամյանը, դուդուկի դասարանի ուսուցիչ Իվանե Մկրտչյանը, հնչյունային օպերատոր Սերգեյ Արությունյանը և ստեղծագործական խմբերի սաներ:
«Հայարտուն» կենտրոնի (ղեկավար՝ Եվգենյա Մարկոսյան) և Բերդավան համայնքի (հիմնադրամի նախագահ՝ Սմբատ Մուղդուսյան) միջև հաստատված հարաբերությունները ավանդական են, պարուրված բարեկամության, համագործակցության, փոխադարձ այցելությունների ջերմությամբ և սիրով: Սակայն այս տարվա այցելությունը հուզմունքախառն էր, դառնալով Հայոց բանակի 30-ամյա հոբելյանի առիթով հայրենասիրության, անձնազոհության, տունը պահպանելու և Հայոց բանակը զարգացնելու և ամրապնդելու գաղափարների արտահայտություն:
Հայրենիքի սահմանները խիզախորեն պաշտպանող և պահպանող հերոսական բերդավանցիները, հարգելով 44-օրյա արցախյան պատերազմում զոհված իրենց հայրենակիցների լույս հիշատակը, տոնակատարությունը սկսեցին հուշահամալիր այցելությամբ և ծաղիկներ խոնարհելով:
Հուզմունքախառն, հայրենասիրության ոգով տոգորված միջոցառումը նվիրվեց այն մարդկանց, ովքեր այսօր էլ ուժ, եռանդ և անգամ կյանքը չեն խնայում հայրենիքի պաշտպանության և բանակաշինության գործում: Մշակույթի տանը տեղի ունեցավ համերգ, որտեղ հնչեցին հայրենիքին, նրա հերոսներին նվիրված երգեր, հայկական խրոխտ պարեր: Տոնական միջոցառումը իրենց կատարումներով գեղեցկացրին «Հայարտուն» կենտրոնի մենակատար Աիդա Բազոյանը, դուդուկահար Իվանե Մկրտչյանը և «Տարոն» պարի խումբը:
Գևորգ սարկավագ Ավետիսյանը փոխանցեց թեմակալ առաջնորդ հգշ. Տեր Կիրակոս վրդ. Դավթյանի օրհնությունը և շնորհավորանքները, նաև մաղթանքները՝ անփորձանք ծառայություն Հայոց բանակի բոլոր զինվորականներին, և ողջ-առողջ վերադարձ նորակոչիկներին: Միջոցառման ղեկավարները և կազմակերպիչները բարձր գնահատեցին Վիրահայոց թեմի պատվիրակության այցելությունները, որոնք ոգեշնչող են, ուրախացնող և մայր հայրենիքի սահմանները անսասան պահելու հորդոր:
Նույն օրը ուշ երեկոյան թեմի պատվիրակությունը վերադարձավ Թբիլիսի: