Թբիլիսիի հայերենի ուսուցման վարժարանը 30 տարվա պատմություն ունի

Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանի օրհնությամբ և աջակցությամբ, 2025 թվականի հունիսի 8-ին, Թեմի «Հայարտուն» կենտրոնում կայացավ «Սբ. Եղիա մարգարեի» անվան հայերենի ուսուցման վարժարանի 30-ամյակին նվիրված միջոցառում:
Տոնահանդեսին իր օրհնաբեր ներկայությունն էր բերել Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանը: Դահլիճում էին Վրաստանի հայերի միության նախագահ Հենրիխ Մուրադյանը, փոխնախագահ, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, վարժարանի ուսուցիչներ Ռոզա Զոհրաբյանը, Նազելի Ոսկանյանը, շրջանավարտներ և ներկայի սովորողներ, թբիլիսահայ հասարակայնության ներկայացուցիչներ:
Անկախության վերականգնումից հետո Վրաստանում հայերենի ուսուցման առաջին դասընթացը հիմնադրվել է 1994 թվականին, Վիրահայոց թեմի առաջնորդ, երջանկահիշատակ Գրշ. Տեր Գևորգ արքեպս. Սերայդարյանի նախաձեռնությամբ և օրհնությամբ:
«Սբ.Եղիա մարգարե» վարժարանը իր շուրջն է համախմբում մեսրոպատառ այբուբենը չիմացողներին, հայերենին չտիրապետողներին, հայորդիներին զերծ պահում ուծացման վտանգից, օժանդակում հայ մեծանալու, հայեցի դաստիարակվելու և հայավարի ապրելու գործում: Հաճախելով այս դասընթացներին, վերջիններս թերթում են հայոց լեզվի, հայ ժողովրդի և Եկեղեցու պատմության էջերը, ծանոթանում հայ գեղարվեստական ու պատմական վիպասանությանը, սերտում հայ բանաստեղծություններ, հպարտանում ազգային պատկանելությամբ:
Թեմի կրթության բաժնի պատասխանատու Եվգենյա Մարկոսյանի բացման խոսքից հետո, Գրշ. Տեր Կիրակոս Սրբազանն իր խոսքում կարևորեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու առաքելությունը՝ հանրության շրջանում քրիստոնեական հավատքը խորացնելու, եկեղեցու շուրջը համախմբելու, հայոց լեզուն պահպանելու, հայ մշակույթը տարածելու, ժողովրդական ավանդույթները սերունդներին փոխանցելու գործում: Այդ առաքելության իրականացման ուղիներից մեկը կիրակնօրյա դպրոցի ազգանվեր գործունեությունն է:
Սրբազանը բարձրաձայնեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի սրբատառ կոնդակը, որի համաձայն՝ ընդառաջելով Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանի միջնորդությանը, վաստակաշատ ուսուցչուհի Ռոզա Զոհրաբյանն արժանանում է Սբ. Ներսես Շնորհալի եկեղեցական շքանշանի: Սրբազանը փոխանցեց բարձրապատիվ շքանշանը ուսուցչուհի Ռոզա Զոհրաբյանին, ով դասընթացների սկզբնավորման օրից 30 տարի շարունակ տարբեր տարիքի ու մասնագիտության հայերին սովորեցնում է ոսկեղենիկ հայերենը, կազմակերպում գեղեցիկ միջոցառումներ, որոնք մասնակիցների համար անմոռանալի են և դառնում են նրանց կյանքի ուղեկիցը:
Ներկայումս Թբիլիսիում գործում է երկու կիրակնօրյա դպրոց, այդպիսիք գործում են նաև Վրաստանի տարբեր շրջաններում: Հոբելյանական միջոցառմանը շնորհակալության խոսքեր ուղղվեցին Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանին, ում ազգանվեր գործունեությամբ, թեմի աջակցությամբ և թեմակալ առաջնորդի հոգատարությամբ զարգանում են հայերենի ուսուցման դասընթացները: Գնահատանքի խոսքեր ասվեցին «Հայարտուն» կենտրոնի տնօրեն Եվգենյա Մարկոսյանի մասին, ում վերահսկողությամբ իրականացվում է վարժարանի երկամյա ծրագիրը: Առցանց շնորհավորանք էին հղել Վիրահայոց թեմի նախկին առաջնորդ Գրշ. Տեր Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը և կիրակնօրյա դպրոցի շրջանավարտ Մարինե Սարգսյանը:
Միջոցառումը գեղեցկացրին դասընթացների շրջանավարտներ դաշնակահարներ Կարեն Միրզոյանը և Իսայի Աբովյանը: Տոնահանդեսն ավարտվեց «Հայարտուն» կենտրոնի դուդուկի խմբի (ղեկավար՝ Իվանե Մկրտչյան) և մենակատար Աիդա Բազոյան-Սուրմալյանի հոգեհմա կատարումներով: