Материалы

40-օր առանց Ժորա (Գևորգ) Սնխչյանի

Ասում են՝  մահից հետո հանգուցյալի հոգին շարունակում է մնալ ընտանիքում, իր տանը,  հարազատների շրջապատում, և միայն 40 օր հետո  հոգին համբառնում է Երկինք՝ միանալով հավերժական երկնային կյանքի  անմահությանը:

Մարտի 16-ին լրացավ վիրահայ բանաստեղծ, «Վերնատուն» միության հիմնադիր նախագահ, Նինոծմինդայի «Ռաֆայել Ջավախ» կրթամշակութային կենտրոնի տնօրեն Ժորա Սնխչյանի մահվան քառասունքը:  

Այդ օրը Ժորա Սնխչյանի հիշատակին Վիրահայոց թեմի Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում արժ.Տեր Կիրակոս քհն. Սիմոնյանի և դպիր Օթար Գիգաուրիի կողմից  կատարվեց հոգեհանգստյան պաշտոն, որին ներկա էին թբիլիսահայ մտավորականներ, հանգուցյալի ընկերները, ճանաչողները: Ներկաները մոմեր վառեցին և աղոթք բարձրացրին արժանավոր հայորդի, պետական, հասարակական գործիչ, շնորհաշատ  բանաստեղծ Ժորա Սնխչյանի հոգու խաղաղության համար: Այնուհետև Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում, թեմակալ հգշ. Տեր Կիրակոս վրդ. Դավթյանի օրհնությամբ և Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության անդամներ Արտեմ Գրիգորենցի նախաձեռնությամբ ու  Ռոզա Զոհրաբյանի համակարգմամբ կազմակերպվեց  Ժորա Սնխչյանի հիշատակի միջոցառում:

276060344

Հուզումնալից էր ներկաների  խոսքը  վաղամեռիկ բանաստեղծի  մասին: «Վերնատուն» տարեգրքի 11 համարների (12-րդը՝ վերջինը իր կողմից խմբագրված, բայց չհրատարակված) խմբագրի, պետական և հասարակական բազում շքանշանների, մեդալների, Օրհնության գրերի և շնորհակալագրերի արժանացած հայորդու մասին խոսք ասաց վաստակաշատ  ուսուցչուհի Ռոզա Զոհրաբյանը, Ժորա Սնխչյանի հեղինակային երեք ժողովածուների և  բազմաժանր գրական ժառանգության մասին բանախոսեց բանաստեղծուհի Սուսաննա Ավետիսյանը:

Ժորա Սնխչյանի՝իր ծննդավայր Նինոծմինդայում, Վրաստանում և Հայաստանում   ազգասիրության, հայրենասիրության, բարեկամության գաղափարներով հագեցած պետական, հասարակական տարբեր կառույցներում բարձրարժեք գործունեության մասին հիշատակի ելույթներում արժեվորվեց իսկական հայորդու, ազգի արժանավոր զավակի, հայրենի երկրին, ընտանիքին անմնացորդ նվիրվածությամբ իր կյանքն ապրած  Սնխչյան մարդ տեսակի հիշատակը: 

Հուզիչ էր Վիրահայոց թեմի  «Սուրբ Եղիա մարգարե» կիրակնօրյա դպրոցի  սաների  ասմունքը  Ժորա Սնխչյանի բանաստեծություններից: Առանձնահատուկ տպավորություն թողեցին լրագրող Եկատերինա Մինասյանի  հիշատակի պատումները վաղամեռիկ բանաստեղծի կյանքից:

Թեև արդեն 40 օր մեզ հետ չէ  Ժորա Սնխչյանը, բայց կա նրա անջնջելի հետքը Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության, «Կրտսեր վերնատունցիներ» պատանեկան  խմբակի, Նինոծմինդայի «Ռաֆայել Ջավախ»  կրթամշակութային կենտրոնի գործունեությունում, դառնալով մարդու  արարած լավ գործերի վկայություններ:

Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի։

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են