Հիշատակի միջոցառում ՝ նվիրված Գևորգ Բաշինջաղյանին

Վրաստանի հայ մտավորականների միության (նախագահ՝ Ենոք Թադևոսյան) նախաձեռնությամբ և «Հայարտուն» կրթամշակութային կենտրոնի (տնօրեն՝ Եվգենյա Մարկոսյան) կազմակերպմամբ, Վիրահայոց թեմում շարունակվում են «Մեր մեծերը» շարքից միջոցառումները: 2025 թվականի փետրվարի 2-ին, Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանի օրհնությամբ և հանդիսապետությամբ, անցկացվեց հայ մեծատաղանդ նկարիչ, ազգային ռեալիստական բնանկարչության հիմնադիր Գևորգ Բաշինջաղյանի հիշատակի միջոցառում, որը նվիրվեց գեղանկարչի մահվան 100-ամյա տարելիցին:
Գևորգ Բաշինջաղյանի նկարները զարդարում են Թբիլիսիի Սբ. Գևորգ եկեղեցու պատերը, այն եկեղեցու, որի բակում հուղարկավորված է հայազգի ճանաչված արվեստագետը: Հավարտ կիրակնօրյա Սբ. Պատարագի, Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանի նախագահությամբ, Բաշինջաղյանի շիրիմի մոտ կատարվեց հոգեհանգստյան կարգ և ծաղիկներ խոնարհվեցին նրա շիրմաքարին:
Հիշատակի միջոցառումը յուրահատուկ հնչեղություն ստացավ «Հայարտուն» կենտրոնում, որտեղ ցուցադրվեց Գևորգ Բաշինջաղյանի մասին վավերագրական ֆիլմ: Երախտագիտությամբ նշենք, որ «Մեր մեծերը» շարքից վավերագրական ֆիլմերը «Հայարտուն» կենտրոնին տրամադրել է Հայաստանի Հանրապետության «Գրանդ Քենդի» ընկերությունը:
Անդրադարձ կատարելով ճանաչված նկարչի Սայաթ-Նովայի աշուղական արվեստի նկատմամբ տածած սիրուն և երկրպագությանը, «Հայարտուն» կենտրոնի դուդուկի խմբի (ղեկավար՝ Իվանե Մկրտչյան)նվագակցությամբ և մեներգիչ Աիդա Բազոյան-Սուրմալյանի կատարմամբ հնչեցին Սայաթ-Նովայի ստեղծագործությունները:
Վիրահայոց թեմի առաջնորդն օրհնության և գնահատանքի խոսքում արժևորեց նման միջոցառումների նշանակությունը, որը նորանոր էջեր կբացի վիրահայ համայնքի մեծերի մասին: