Էկումենիկ աղոթք Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում
Վիրահայոց թեմի Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու կամարների ներքո հունվարի 24-ին հնչեց ամենամյա էկումենիկ աղոթքը՝ հանուն քրիստոնյաների միասնության:
Վրաստանում այն տարիներ շարունակ բարձրացվում է միավորելու տարբեր եկեղեցական ավանդույթների հետևող քրիստոնյաներին մի վայրում՝ համատեղ փառաբանելու Տիրոջը: Էկումենիկ աղոթքն ամեն տարի կատարվում է քրիստոնեական տարբեր հարանվանությունների եկեղեցիներից մեկում. Կովկասի Կաթոլիկ Եկեղեցու Առաքելական Վարչության, Վրաստանի Ավետարանական-Լյութերական Եկեղեցու, Վրաստանի Ավետարանական-Մկրտական Եկեղեցու և Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի կողմից:
Այս տարվա էկումենիկ աղոթքի կազմակերպիչն էր Վիրահայոց թեմը: Բարեխնամ առաջնորդի հրավերով էկումենիկ աղոթքին ներկա էին մասնակից քրիստոնեական հարանվանությունների առաջնորդները, հոգևոր դասը, դեսպանները, կազմակերպությունների ներկայացուցիչները և հավատացյալները:
Միասնական աղոթքն ընթացավ «Հավատո՞ւմ ես այս ամենին» (Հովհաննես 11.26) կարգախոսով: Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը ողջունեց քրիստոնեական աղոթքի բոլոր մասնակիցներին` շեշտելով միասնական աղոթքի կարևորությունը: Այսպիսի միջոցառումները կարող են մոտեցնել եկեղեցիների հավատացյալներին` պաշտելու միակ Աստծուն և Փրկչին` Հիսուս Քրիստոսին:
Հինավուրց եկեղեցու կամարների ներքո` բոլոր եկեղեցիների երգչախմբերի կատարմամբ տարածվեց շարականների շունչն ու ջերմությունը` ստեղծելով աղոթասացության անկրկնելի մթնոլորտ: Հյուրընկալ Վիրահայոց թեմի առաջնորդն իր քարոզ խոսքում անդրադարձ կատարեց օրվա կարգախոսին` «Հավատո՞ւմ ես այս ամենին», և հորդորեց ներկաներին, որ միշտ մեր պատասխանը լինի՝ «Սա այն է, որին մենք հավատում ենք»: Եվ որպես քրիստոնեական հավատքի միության խորհուրդ` ներկաները միմյանց փոխանցեցին մեկ մոմից վառած լույսը ասելով. «Քրիստոսի լույսը»:
Աղոթքն ավարտվեց հոգևոր հայրերի օրհնությամբ՝ արտացոլելով քրիստոնեական միասնության և համերաշխության ոգին: