Հրաժեշտի միջոցառում
2019 թվականի հունիսի 16-ին, Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում, Թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ, Սուրբ Պատարագ մատուցեց Մառնեուլի շրջանի Կարմիր և Աղքյորփի գյուղերի հոգևոր հովիվ հոգեշնորհ Տեր Զավեն վարդապետ Յազիչյանը: Հավարտ Սուրբ Պատարագի հավատացյալները հավաքվեցին եկեղեցու բակում՝ մասնակցելու Վազգեն Սրբազանի առաջնորդական ծառայության ավարտին նվիրված հրաժեշտի միջոցառմանը:
Եկեղեցու բակը լեփ-լեցուն էր մարդկանցով: Ներկա էին Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետները, Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ, համայնքային կառույցների և հայկական հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, թբիլիսահայ հասարակայնության անդամներ:
Թեմի մամլո և լրատվության բաժնի տնօրեն Սուսաննա Խաչատրյանն իր խոսքում անդրադարձ կատարեց Թեմակալ առաջնորդի առաջնորդական ծառայության տարիներին իրականացված նվիրական գործունեությանը. 60 եկեղեցիների վերաօծում Վրաստանի հայաբնակ շրջաններում, ընդորում երկուսը Թբիլիսիում, խոնարհված և բռնագրավված եկեղեցիների վերադարձման ուղղությամբ չընդհատվող պայքար, ընդհուպ մինչև դատավարություն, հիմնադրված գիտական, կրթամշակութային և երիտասարդական կենտրոնների հստակ գործունեություն՝ միտված հայ մշակույթի, ավանդույթների, եկեղեցական ծիսակատարությունների և հոգևոր արժեքների պահպանությանը, զարգացմանը և տարածմանը:
Վազգեն Սրբազանի՝ Վիրահայոց թեմում առաջնորդական ծառայության տարիները և իրականացված գործունեությունը երախտագիտությամբ արժևորեցին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը,Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Դավիթ Ճիճինաձեն, ճանաչված մանրանկարիչ Մերուժան Շահումյանը:
Հրաժեշտի իր խոսքում ՎԻՐԱՀԱՅՈՑ ԹԵՄԻ ԲԱՐԵԽՆԱՄ ԱՌԱՋՆՈՐԴ ԳԵՐԱՇՆՈՐՀ ՏԵՐ ՎԱԶԳԵՆ ԵՊԻՍԿՈՊՈՍ ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆԻ ՀՐԱԺԵՇՏԻ ԽՈՍՔԸ՝ ՈՒՂՂՎԱԾ ԹԵՄԻ ՀՈԳԵՎՈՐ ԴԱՍԻՆ ԵՎ ՀԱՎԱՏԱՑՅԱԼՆԵՐԻՆ Վազգեն Սրբազանը անդրադարձ կատարեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի բարձր տնօրինությամբ իրեն Վիրահայոց թեմում ծառայության կոչելուն, որն ընթացել է դժվարություններով և ձեռքբերումներով՝ հոգևոր դասի, պաշտոնեության հետ միասին, հավատացյալ ժողովրդի աջակցությամբ: Վազգեն եպիսկոպոսն իր խոսքում ընդգծեց, որ Թեմն այսօր ներկայանում է կայուն գործունեությամբ, վերաօծված եկեղեցիներով, հոգևոր սպասավորներով, թեմական կառույցներով, կառավարման հստակ համակարգով:
Իր առաջնորդական պարտականությունները Վրաստանում ավարտած համարելով, Թեմակալ առաջնորդը, Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ, վերադառնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ շարունակելու հոգևոր ծառայությունը:
Յուրաքանչյուր սկիզբ ունի իր տրամաբանական ավարտը: Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի առաջնորդական ծառայությունը Վիրահայոց թեմում բեղմնավոր էր և հագեցած, այն իր հաստատուն արձանագրությունը գտավ հավատացյալ ժողովրդի հոգում:
- Hits: 2208