Материалы

Վիրահայոց թեմի առաջնորդը Մոսկվայում մասնակցեց «IX գիտական ընթերցումներ» գիտաժողովին

2021 թվականի նոյեմբերի 17-ին Մոսկվայի Անդրեյ Ռուբլյովի անվան հին ռուսական մշակույթի և արվեստի կենտրոնական թանգարանում բացվեց ամենամյա IX գիտական ընթերցումները «Ռուսաստան. Վրաստան. Քրիստոնեական Արեւելք։ Հոգևոր և մշակութային կապեր» խորագրով՝ նվիրված թանգարանի հիմնադիր և առաջին տնօրեն Դ. Ի. Արսենիշվիլիի (1905-1963) հիշատակին։

Միջոցառմանը մասնակցում էին Վրաց Ուղղափառ Եկեղեցու Ախալքալաքի, Գումբուրդոյի և Կարսի միտրոպոլիտ Նիկոլոզ Փաչուաշվիլին և Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը:

Գիտաժողովում «Հայ և Վրաց Եկեղեցիները միավորված են Քրիստոսով և քարոզում են Հիսուսի կենդանարար խոսքն ու վարդապետությունը» բանախոսությամբ հանդես եկավ  հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը: Վերջինս ներկայացրեց  Վիրահայոց թեմի պատմությունը՝ Վրաստանի հայերի հոգևոր-մշակութային ակտիվ կյանքը 4-րդ դարից սկսած մինչև մեր օրերը:

1 Մոսկվայում Վրաստանից ժամանած հյուրերին ընդունեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Եզրաս արք․ Ներսիսյանը։  Սրբազան Հայրն իր օրհնությունը և բարեմաղթանքները  բաշխեց  պատվավոր հյուրերին: Իր հերթին Միտրոպոլիտ Նիկոլոզ Փաչուաշվիլին  շնորհակալություն հայտնեց  Սրբազանին հայ մշակույթի հետ ծանոթանալու և առնչվելու հնարավորություն ընձեռելու կապակցությամբ: Թեմերի առաջնորդները փոխանակեցին հուշանվերներ:

Նոյեմբերի 19 –ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հանդիսությունների դահլիճում     կայացավ ռեժիսոր  Հենրիխ Մալյանի «Նահապետ« գեղարվեստական ֆիլմի  ցուցուդրությունը  և  քննարկումը:   Միջոցառումը բացեց Վիրահայոց թեմի առաջնորդը: Հոգեշնորհ Տեր Կիրակոս Դավթյանը խոսելով ֆիլմի արժանիքների մասին, ընդգծեց, որ այն Հայոց ցեղասպանության մասին առաջին գեղարվեստական ֆիլմն է, որտեղ բացահայտ ցույց են տրված 20-րդ դարի ողբերգական իրադարձությունները, հայ ժողովրդի կոտորածն ու պատուհասած արհավիրքները: Վիրահայոց թեմի առաջնորդը արժևորեց եղբայրական ժողովուրդների հետաքրքրությունը  հայ ժողովրդի պատմության  էջերով:

-Ճանաչելով միմյանց, մենք կարող  ենք դիմակայել արդի մարտահրավերներին  և մարդատյացության  գեղափարախոսությանը,- իր խոսքն ավարտեց  Հայր Սուրբը:

Միտրոպոլիտ Նիկոլոզ Փաչուաշվիլին արտահայտելով իր կարծիքը և տպավորությունը ֆիլմի մասին, ընդգծեց, որ ֆիլմը սովորեցնում է՝ վերստին ոտքի կանգնելու և ապրելու անհրաժեշտությունը,  որ մարդը կարող է և պետք է ապրի, չնայած ամեն ինչին:  Ֆիլմի քննարկմանը մասնակցեցին  «Նուռ» երիտասարդական միության անդամները:

Հավարտ միջոցառման, հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետը շնորհակալություն հայտնեց հյուրերին և  ներկաներին  ֆիլմի բարձր գնահատման և հայ ժողովրդի  պատմության նկատմամբ ցուցաբերած մեծ հետաքրքրության համար:

Նոյեմբերի 21-ին վրաստանցի հյուրերը բարձր տպավորություններով վերադարձան Թբիլիսի:

1

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են