Վրաստանում ՀՀ նորանշանակ դեսպանի հանդիպումը վիրահայ համայնքի ներկայացուցիչների հետ
2022 թվականի սեպտեմբերի 17-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում կայացավ Վրաստանում ՀՀ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանի հանդիպումը Թբիլիսիի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Հանդիպումն սկսվեց դեսպանի և դիվանագետների այցելությամբ Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցի: Հյուրերը Վիրահայոց թեմի առաջնորդ հգշ. Տեր Կիրակոս վրդ. Դավթյանի առաջնորդությամբ, դիտեցին հինավուրց եկեղեցին, ունկնդրեցին Հայր Սուրբի ծանոթության խոսքը եկեղեցու պատմությունից: Պարոն դեսպանը մոմեր վառեց և աղոթք բարձրացրեց Հայոց եկեղեցում:
«Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան դահլիճում հանդիպումը հայ համայնքի ներկայացուցիչների հետ սկսվեց Վիրահայոց թեմի առաջնորդի օրհնությամբ: Նորանշանակ դեսպանի ողջույնի և ծանոթության խոսքից հետո, հանդիպումն ընթացավ հարց ու պատասխանի ձևաչափով: Ներկաների հարցերը վերաբերում էին Մայր հայրենիքում տիրող իրավիճակին, ՀՀ նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած զավթողական գործողություններին, հայ-վրացական հարաբերություններին, թբիլիսահայ համայնքի ձեռքբերումներին և խնդիրներին: Պարոն դեսպանը պատասխանեց ներկաներին հետաքրքրող հարցերին:
Վիրահայոց թեմի առաջնորդը հանրագումարեց հանդիպումը և նորանշանակ դեսպանին մաղթեց արգասաբեր գործունեություն՝ ի փառս երկու քրիստոնյա ազգերի բարեկամության, հայ-վրացական դիվանագիտական հարաբերությունների բազմակողմանի և հարաճուն զարգացման:
Հանդիպման վերջում արտակարգ և լիազոր դեսպան Սմբատյանը շրջայց կատարեց կենտրոնում գործող նախակրթարան, ունկնդրեց հայերենի ուսուցման մեկօրյա դասընթացների և գեղարվեսական խմբերի գործունեության մասին: