ՀՀ Մշակույթի նախարարի պաշտոնակատարի աշխատանքային այցը Թբիլիսի
2019 թվականի մայիսի 6-7-ին աշխատանքային այցով Թբիլիսիում էր գտնվում ՀՀ Մշակույթի նախարարի պաշտոնակատար տիկին Նազենի Ղարիբյանը՝ խորհրդական Արուսյակ Տերչանյանի ընկերակցությամբ: Այցի շրջանակնրում տիկին նախարարի պաշտոնակատարը, Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետների ուղեկցությամբ տեղում ծանոթացավ կառուցվող Պետրոս Ադամյանի անվան հայպետդրամայի շինարարական աշխատանքների ընթացքին և զրույց ունեցավ թատրոնի ղեկավարության հետ: Այնուհետև նախարարի պաշտոնակատարը այցելեց Վրաստանում ՀՀ դեսպանություն, որտեղ պատվիրակությանը ընդունեց Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը: Հաջորդ օրը՝ մայիսի 7-ին, տիկին Նազենի Ղարիբյանը, վրացի գործընկերների հետ հանդիպումներից հետո, ծաղիկներ խոնարհեց հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոնում հանգչող մեծերի շիրիմներին, այնուհետև մոմեր վառեց Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում, դիտեց «Հայարտուն» կենտրոնը, ծանոթացավ կենտրոնի աշխատանքներին:
ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատարը այցելեց նաև Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի: Հյուրերին դիմավորեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Առաջնորդանիստ եկեղեցու մասին թեմակալ առաջնորդի պատմածը ունկնդրելուց և Սայաթ-Նովայի շիրիմին ծաղիկներ խոնարհելուց հետո, Նազենի Ղարիբյանը և նրան ուղեկցողները այցելեցին «Հովհաննես Թումանյանի տուն» կենտրոն: Այստեղ Վրաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և Վիրահայոց թեմի առաջնորդի հանդիսապետությամբ կայացավ հանդիպում թբիլիսահայ կառույցների ղեկավարների և մտավորականների հետ: Թեյի սեղանի շուրջ ներկաները տիկին նախարարի պաշտոնակատարին ներկայացրեցին իրենց գործունեությունը, ծանոթացրին այն ուղենիշներին, որոնք առաջարկում են իրականացնել հայ մշակույթը և ավանդույթները վիրահայության շրջանում պահպանելու, հայ -վրացական մշակութային հարաբերությունները զարգացնելու գործում:
ՀՀ Մշակույթի նախարարի պաշտոնակատարը օրվա վերջին այցելեց «Գարի Դավթյան» տիկնիկային մշակույթի տուն:
Տիկին Նազենի Ղարիբյանին Թբիլիսիում ուղեկցում էին Վրաստանում ՀՀ դեսպանության մշակութային հարցերի պատասխանատու Արթուր Սարգսյանը և մամլո և հասարակայնության հետ կապի պատասխանատու Հարություն Հայրապետյանը: