Վիրահայոց թեմում հավատացյալներին բաժանվեցին զատկական նվերներ
2019 թվականի ապրիլի 19-ին, Տիրոջ և Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի առիթով, Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ և Հավլաբարի Սուրբ Էջմիածին Եկեղեցիներում հավատացյալներին բաժանվեցին զատկական նվերներ:
Բարեգործական գործողությունը նախաձեռնել էին Վիրահայոց Թեմի առաջնորդարանը, հոգևոր և սարկավագաց դասը, Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միությունը, անհատ բարերարներ և հավատացյալներ:
Նախքան նվերների բաժանումը հոգևոր հայրերը ներկաներին փոխանցեցին Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հայրական օրհնությունը և գալիք Զատկական շնորհավորանքները:
Սուրբ Գևորգ առաջնորդանիստ Եկեղեցու նվիրյալ հավատացյալ Էմմա Ջնդոյանի նվիրատվությամբ Հայոց եկեղեցու 50 հավատացյալ ստացավ զատկական ավանդական բարիքներ:
Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցու խաչի քավորի, մի քանի ընկերությունների նվիրատվություններով, անհատ բարերարների աջակցությամբ նվերներ ստացան բազում կարիքավոր, միայնակ և հաշմանդամ ծերեր, բազմանդամ ընտանիքներ:
Եկեղեցում հավաքված հավատացյալները և բարեգործական գործողության մասնակիցները հոգևոր դասի հետ միասին աղոթք բարձրացրին ի փառս Հայոց Եկեղեցու և ամենազոր Աստծու: