Վիրահայոց թեմի գործող եկեղեցիները միացան Համազգային արարողությանը
2020 թվականի հոկտեմբերի 3-ին, ժամը 18:00-ին հնչեցին Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու զանգերը և թբիլիսահայությունը, Վիրահայոց թեմի առաջնորդ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի գլխավորությամբ, միացավ հանուն Արցախի և հայրենյաց պաշտպանների զորակցության աղոթքին:
Ներկաները առ Աստված ուղղված հայացքներով, Հաղթանակի մեծ հույսով և հավատքով աղոթք բարձրացրին սահմանին կանգնած հայ զինվորների պաշտպանության և պահպանության աղերսով:
Հավարտ աղոթքի ներկաներին դիմեց Վիրահայոց թեմի առաջնորդը: Անդրադարձ կատարելով վերջին յոթ օրվա ընթացքում Արցախի և Ադրբեջանի սահմանի երկայնքով ընթացող լայնամասշտաբ պատերազմին, Հայր Սուրբն իր խոսքում ասաց, որ ազատասեր և ազատատենչ հայ ժողովուրդն իր պատմության ընթացքում մահու և կենաց պայքար է մղել ազատության և հայրենիքի պաշտպանության համար: Այսօր այն օրհասական պահն է, երբ Սարդարապատի, Բաշ Ապարանի օրինակով, հայրենիքի անսասանության վճռականությամբ կրկին պետք է պաշտպանենք մեր հողը, մեր երկրի ազատությունը, մեր տունը հայրենյաց, որպեսզի վաղը հիշենք արյուն թափած, կյանքը զոհաբերած մեր հերոսներին: Դա է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եկող պատգամը, դա է պահանջում Մայր հայրենիքը:
Վիրահայոց թեմի եկեղեցիներում հավատացյալները միացան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ, համազգային զորակցության աղոթքին: