Բուն Բարեկենդանը Թբիլիսիում նշվեց հարիսայի փառատոնով
2021 թվականի փետրվարի 14-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոնացույցով նշվեցին Տյառնընդառաջը և Բուն Բարեկենդանը: Տոնական օրը Վիրահայոց Թեմի գործող եկեղեցիներում նշանավորվեց Սուրբ և Անմահ Պատարագով: Թբիլիսիի Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի հանդիսապետությամբ Սուրբ Պատարագ մատուցեց արժանապատիվ Տեր Սամվել քահանա Թորոսյանը:
Բուն Բարեկեդանին էր նվիրված նաև ավանդական հարիսայի փառատոնը, որը թեմի առաջնորդարանի և «Հայարտուն» ու «Հովհաննես Թումանյանի տուն» կենտրոնների աջակցությամբ կազմակերպել էր Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միությունը: Թբիլիսահայ համայնքում գեղեցիկ այս փառատոնը անց է կացվում 2012 թվականից անընդմեջ, տարեցտարի ընդարձակվելով այն վերածվել է ժողովրդական տոնահանդեսի:
Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում սեղանների վրա շարված շուրջ երկու տասնյակ կաթսաներից տարածվում էր յուղալի և համեղ հարիսայի բույրը՝ ներդաշնակված տարբեր թթուներով և այլ ուտեստներով:
Չնայած քաղաքային տրանսպորտի բացակայությանը, բազմամարդ էր եկեղեցու բակը: Միջոցառմանը ներկա էին հոգևոր հայրերը, Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներ, վիրահայ համայնքի անդամներ:
Միջոցառումը բացեց Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության նախագահ Սուսաննա Խաչատրյանը: Նա կարևորեց միջոցառման նպատակը՝ Մեծ Պահքի նախօրեին նշվող ավանդական հարիսայի փառատոնով պահպանել և սերունդներին փոխանցել ազգային այս կերակրատեսակը, ժողովրդական ավանդույթները և սովորությունները: Նա առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց Վիրահայոց թեմի առաջնորդարանին, Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգևոր դասին, եկեղեցու խաչքավոր Գրիգորի Նալբանդյանին և բազում հավատացյալների, ում աջակցությամբ և հովանավորությամբ ապահովվեց հարիսայի փառատոնի իրականացումը:
Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը շնորհավորեց ներկաներին եկեղեցական երկու տոների՝ Տյառնընդառաջի և Բուն Բարեկենդանի կապակցությամբ և մաղթեց ամուր կամքով և անսասան հավատքով անցնել Մեծ Պահքի ժամանակաշրջանն ու դիմավորել Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը:
Օրհնվեցին սեղանները ու սկսվեց հարիսայի համտեսն ու հյուրասիրությունը ուրախ երգ-երաժշտության ուղեկցությամբ: Բուն բարեկենդանի և հարիսայի պարգևած ուրախ տրամադրությունը երկար ժամանակ թևածում էր շուրջբոլորը: Օրհնված հարիսա փոխանցվեց նաև հիվանդներին և տարեցներին: