ՆԻՆՈԾՄԻՆԴԱՅԻ ՌԱՖԱՅԵԼ-ՋԱՎԱԽ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ ԱՐՄԱԹ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ
2021 թվականի հուլիսի 12-ին, Վիրահայոց թեմի Նինոծմինդայի Ռաֆայել-Ջավախ կրթամշակութային և երիտասարդական կենտրոնում, բարերարությամբ Արմեն և Թաթուլ Ղարսլյանների և անմիջական աջակցությամբ ՋԱՀ-ի, տեղի ունեցավ Արմաթ լաբորատորիայի բացման հանդիսավոր արարողությունը:
Բացմանը ներկա էին Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը՝ հոգևոր դասի ուղեկցությամբ, Արմեն և Թաթուլ Ղարսլյանները, հյուրեր Հայաստանից և Վրաստանի տարբեր բնակավայրերից:
Միջոցառումը իր օրհնության խոսքով բացեց թեմակալ առաջնորդը, այնուհետև Արժանապատիվ Տեր Նարեկ քահանա Տիգրանյանն ընթերցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ամենայն հայոց հայրապետի կոնդակը, որից հետո Հոգեշնորհ Հայր Սուրբը կենտրոնի տնօրեն Ժորա Սնխչյանին հանձնեց Սուրբ Սահակ և Սուրբ Մեսրոպ մեդալը: Իսկ ՋԱՀ-ի կողմից շնորհակալագրերի արժանացան Նինոծմինդայի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Արմաշ քահանա Պողոսյանը, Արմեն և Թաթուլ Ղարսլյանները և այլոք, ովքեր աջակցել են Արմաթ լաբորատորիայի հիմնմանը:
Տոնական միջոցառման ընթացքում ելույթ ունեցան Ռաֆայել-Ջավախ կենտրոնի «Ծաղկազարդ» պարի խմբի, «Առավոտ լուսո» երգչախմբի և «Պառնաս» ասմունքի խմբի սաները: Բացման արարողությունից հետո լաբորատորիայի նորակառույց շենքում հոգևոր դասը կատարեց տնօրհնյաց կարգ: