Իսանի շրջանի մեծամասնական պատգամավորի թեկնածուի այցը Սուրբ Գևորգ եկեղեցի
2021 թվականի սեպտեմբերի 2-ին, ինքնակառավարման մարմինների նախընտրական քարոզարշավի շրջանակներում, Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի այցելեց մայրաքաղաքի Իսանի շրջանի գամգեբելիի պաշտոնակատար, մեծամասնական պատգամավորի թեկնածու Կախաբեր Լաբուչիձեն:
Կախաբեր Լաբուչիձեն, ով մեկ անգամ չէ, որ այցելել է ինչպես Վիրահայոց թեմի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ, այնպես էլ Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցի, ներկա գտնվել «Հայարտուն» կենտրոնի տարբեր միջոցառումներին, որոշեց հանդիպել թեմի առաջնորդի հետ, լսել հայ հավատացյալներին հուզող հարցերի մասին:
Վիրահայոց թեմի առաջնորդ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի և պատգամավորի թեկնածուի միջև, Առաջանորդական նստավայրում կայացած զրույցի ժամանակ, անդրադարձ կատարվեց վիրահայոց թեմական կյանքի խնդիրներին, շին-վերանորոգչական աշխատանքներին, շոշափվեցին եկեղեցական արարողությունների սահմանափակումների, առաջացած դժվարությունների հարցերը, ինչպես նաև Կովիդ-19 համավարակի պատճառով երկրի առջև ծառացած դժվարությունները:
Վիրահայոց թեմի առաջնորդն իր օրհնությունը հղեց պատգամավորի թեկնածուին և հաջողություններ մաղթեց առաջիկա ընտրություններում: Կախաբեր Լաբուչիձեի այցը Հայոց առաջնորդանիստ եկեղեցի ավարտվեց եկեղեցու բակում ամփոփված Սայաթ-Նովայի հուշաքարի մոտ խոնարհումով: