Материалы

Թբիլիսիում նշվեց Սբ. Սարգիս զորավարի, նրա որդու և զինակիցների տոնը

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Սուրբ Սարգիս զորավարի, նրա Մարտիրոս որդու և 14 զինակիցների  հիշատակը այս տարի նշում է փետրվարի 12-ին: Հայ հավատացյալի սիրված եկեղեցական տոնը հավուր պատշաճի է նշվում Վիրահայոց թեմի գործող եկեղեցիներում: Տոնական միջոցառումները մեկնարկեցին տոնի նախօրեին ամենուրեք կազմակերպված խաչերթով և Սրբի անունը կրող եկեղեցիներ և մատուռներ ուխտագնացությամբ:

Թբիլիսահայ հավատացյալները տոնը ավանդաբար նշում են Խարփուխ թաղամաում պահպանված 1883 թվականի կառույց Սբ. Սարգսի մատուռ կատարած խաչերթով:

Tbilisi

Տոնի նախօրեին, 2022 թվականի փետրվարի 11-ին, Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում հավաքված ուխտավորների բազմամարդ թափորը, արժանապատիվ Տեր Կիրակոս քահանա Սիմոնյանի առաջնորդությամբ, սարկավագաց դասի ուղեկցությամբ, Սուրբ Սարգսի սրբապատկերով և խաչվառներով, շարականներ երգելով և աղոթք անելով, ուղղվեց դեպի Սուրբ Սարգիս մատուռը: Նկատելի էր տարբեր հասարակական կազմակերպությունների երիտասարդական խմբերի ակտիվությունը, բարձր կազմակերպվածությունը: Խաչերթի մասնակիցները կանգ առան և աղոթք բարձրացրին Շամխորեցոց Կարմիր Ավետարան խոնարհված եկեղեցու փլատակների մոտ:

Բոլոր ուխտավորները մեկ առ մեկ մատուռում իրենց ուխտը կատարելուց հետո,   Տերունական աղոթքը մայրենի լեզվով բարձրաձայնելով հասան Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի:

Նախատոնակ երեկոյան ժամերգությունը կատարվեց Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հգշ. Տեր Կիրակոս վրդ. Դավթյանի հանդիսապետությամբ և հոգևոր դասի մասնակցությամբ:

Tbilisi

Թեմակալ առաջնորդն իր օրհնությունը հղելով ներկաներին, քարոզ խոսեց օրվա խորհրդի, Սուրբ Սարգիս զորավարի, նրա որդու և 14 զինակիցների հանուն քրիստոնեության նահատակության մասին: Հայր Սուրբը անդրադարձ կատարեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ Հայրապետի բարձր տնօրինությամբ Ս.Սարգսի տոնը Երիտասարդների օրհնության օր հռչակելուն, կատարեց երիտասարդության օրհնության կարգ և մաղթեց նրանց նպատակների իրականացում:

Սուրբ Սարգսի տոնը ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլեւ ժողովրդական սովորությունններով: Նախատոնակի արարողության վերջում ներկա երիտասարդները ստացան օրհնված աղի բլիթներ, որոնց հետ կապում են իրենց երազանքների իրականացումը: Փետրվարի 12-ին, տոնի օրը, Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահի հանդիսապետությամբ կմատուցվի տոնական Սուրբ և Անմահ Պատարագ:

Վիրահայոց թեմը շնորհակալություն է հայտնում Վրաստանի ներքին գործերի նախարարության ճանապարհային ոստիկանության ծառայությանը՝ Թբիլիսիում հավատացյալների խաչերթն ուղեկցելու և երթևեկային ճանապարհով խաղաղ ընթացքն ապահովելու համար:

Tbilisi

Akhalqalaqi

Akhaltsikhe Surb Grigor Lusavorich

Ninotsminda

Batumi Surb Phrkich

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2022 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են