Материалы

Սուրբ թարգմանիչների տոնը Վիրահայոց թեմի «Հովհ. Թումանյանի տուն» կենտրոնում

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոնացույցով, 2024 թվականի հոկտեմբերի 12-ին նշվեց Սուրբ թարգմանիչների տոնը:

Վիրահայոց թեմի «Հովհ. Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնում կայացած միջոցառման խորհուրդն էր Սբ. թարգմանիչ Վարդապետների օրինակով թարգմանչական գործունեության դերի ու նշանակության վերհանումը հայ-վրացական գրական կապերի մերձեցման ու խորացման գործում:   

Միջոցառմանը ներկա էին հայ գրականասեր հասարակայնության ներկայացուցիչներ, բանաստեղծներ ու թարգմանիչներ, վրացի գրչակից ընկերներ: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին վերջերս կյանքից հեռացած բազմավաստակ բանաստեղծ-թարգմանիչ Գիվի Շահնազարի հիշատակը:

Տերունական աղոթքից հետո «Հովհ. Թումանյանի տուն» կենտրոնի հոգևոր տեսուչ արժ. Տեր Կիրակոս քահանա Սիմոնյանը փոխանցեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանի օրհնությունը և բարեմաղթանքները, խոսեց մշակույթի զարգացման, ազգի պահպանության և հավատքի խորացման գործում գրերի ստեղծման և թարգմանական գործի կարևորության մասին:

2

Միջոցառումը նվիրված էր հայ և վրաց գրականություններից արհեստավարժ թարգմանչուհի Ասյա Դարբինյանի թարգմանությունների և Արմեն Օհանյանի «Հակամիմինո» (Անտիմիմինո) ժողովածուի շնորհանդեսին: Թարգմանչուհին մանրամասն խոսեց այն մասին, թե ինչպես երկու քրիստոնյա ազգերի գրական կապերից կատարված թարգմանությունների միջոցով կարելի է ընթերցողներին ծանոթացնել հայ և վրաց գրականությունների զարգացման իրատեսական առաջընթացին, խորացնել հետաքրքրությունն ու հարգանքը միմյանց պատմության, մշակույթի, գրականության նկատմամբ:

Թարգմանական գործության կարևորությանը անդրադարձ կատարեցին վրացի գրողներ Մանանա Գորգիշվիլին և Գելա Սուլաձեն: Գնահատանքի խոսքով ելույթ ունեցան «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, թեմի մամլո խոսնակ Սուսաննա Խաչատրյանը, իրենց ստեղծագործությունները և կատարած թարգմանությունները ներկայացրին բանաստեղծներ Մարինա Կիրակոսյան-Մոսեսովան և Միքայել Անանովը:

Միջոցառման ավարտին ներկաները ստացան Ասյա Դարբինյանի կողմից վրացերեն  թարգմանված տարբեր գրքեր: 

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են