Խոկում՝ միասնական աղոթք Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում

2025 թվականի ապրիլի 16-ին, Վիրահայոց թեմի Սբ. Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում, թեմակալ առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանի օրհնությամբ, տեղի ունեցավ Խոկում, բարձրացվեց միասնական աղոթք:
Արարողությունն այս տարի իրականացվեց չարչարանաց շաբաթվա երրորդ օրը՝ չորեքշաբթի:
Ներկա հավատացյալներն ունկնդիրը դարձան քահանաների, սարկավագների և դպիրների կողմից սաղմոսների և աղոթքների ընթերցանությանը:
Վիրահայոց թեմի արժանապատիվ Տեր Հուսիկ քահանա Հարությունյանի խոսքը ուղղված ներկաներին խորհրդածության առիթ ընձեռեց: Վերջինս անդրադարձ կատարելով Հիսուս Քրիստոսի Ավագ շաբաթվա օրերին կրած տանջանքներին ու չարչարանքներին, հորդորեց ներկաներին՝ հավատարիմ մնալ մեր Աստծուն, Հիսուս Քրիստոսի պատվիրաններին, սիրել մեկս մյուսին, նվիրվել մեր հայրենիքին, սիրել մեր ազգը և ապրել մեր հավատքով:
Հավատացյալները ծնկաչոք խորհրդածում էին՝ խոկում քար լռության մեջ Տեր Հուսիկ քահանայի խոսքերի շուրջ, և յուրաքանչյուրը մտովի աղոթք էր բարձրացնում առ Աստված, հայցելով երկրներին խաղաղություն, ռազմագերիներին ազատություն, տարհանվածներին վերադարձ իրենց տները և մարդկանց՝ արևշատ օրեր:
Խոկումը գեղեցկացավ երգչախմբի հոգեթով երգեցողությամբ և ավարտվեց հոգևոր դասի մաղթանք-աղոթքով։