Материалы

«Հայարտուն» կենտրոնում ԺանԽաչի հիշատակին տեսաֆիլմով մեկնարկեց ֆիլմաշարը

2025 թվականի մայիսի 31-ին Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանի օրհնությամբ,թեմի «Հայարտուն» կենտրոնում մեկնարկեց «Ճանաչենք մեր արժանավորներին» խորագրով ֆիլմաշարը, որի առաջին տեսաֆիլմը ձոնված  էր թբիլիսահայ շնորհաշատ նկարիչ, վաղամեռիկ ԺանԽաչի ստեղծագործական կյանքին և հիշատակին:

Ֆիլմաշարի  նախաձեռնությունը պատկանում է բժշկական գիտությունների թեկնածու վրացահայության շրջանում ճանաչված հայորդի Գուրգեն Մխիթարյանին, համահեղինակն է արվեստագետ Էդուարդ Մեսրոպյանը:

Երևի ներկա սերունդները շատ քիչ, կամ բոլորովին ոչինչ չգիտեն տաղանդավոր նկարիչ Վարուժան Խաչատրյանի՝  ԺանԽաչի մասին, ծանոթ չեն նրա անհուն երևակայությամբ, հարուստ ներկապնակով ու վարպետ վրձնախաղով կերտած խոհական, հոգեբանական ու Աստվածաշնչից բխած կտավներին, որոնց  հենքում սերն է, գեղեցկությունը, հավատքն ու  իմաստնությունը:

Դահլիճում ցուցադրված կտավները հանդիսատեսին տեղափոխեցին  տաղանդաշատ ստեղծագործողի կտավների խորության, գույների համադրության և երկնային  բովանդակության  խորքերը: Տեսաֆիլմը կոչված է արդիականացնելու  ԺանԽաչի հիշատակը և մեծությունը:

Ֆիլմը վավերագրական է, հագեցած փաստագրական նյութով, հուշերով, նրա արվեստի գնահատականներով ու նրա անկրկնելի կտավների ցուցադրությամբ:   

Դահլիճը լեփ-լեցուն էր հանդիսատեսով, արվեստի տարբեր ազգի գործիչներով, ովքեր միանշանակ  կարևորեցին ԺանԽաչի կտավների հայրենասիրական, ազգագրական և հոգևոր պաթոսը սերունդներին փոխանցելու և տարածելու անհրաժեշտությունը: Իսկ ելույթ ունեցողները՝ Երևանի  Գիտությունների ազգային ակադեմիայի ներկայացուցիչ Հարություն Խուդանյանը, լրագրող Աիդա Բաբաջանովան, թեմի լրատվական բաժնի պատասխանատու  Սուսաննա Խաչատրյանը և «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը միանշանակ հորդորեցին  հեղինակին և համահեղինակին՝  շարունակել  ֆիլմաշարի վրա աշխատանքը,  անմահացնել  վիրահայ մյուս գործիչների հիշատակը:

Ներկաներին իր օրհնությունը բաշխեց և միջոցառումը ամփոփեց արժանապատիվ Տեր Սամվել քահանա Թորոսյանը: Վերջինս փոխանցելով Վիրահայոց թեմի առաջնորդի  օրհնությունը և  բարեմաղթանքը, անդրադարձ կատարեց ԺանԽաչի ստեղծագործական  աշխարհի  լիակատարությանը, Աստծու հետ խոսելու  ներսից բխող հոգևոր ձայնին և  իր խոսքն  ավարտեց  «Մարդը մեծանում է, երբ մեծարում է մեծերին»   խոսքերով:

2

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2025 armenianchurch.ge