Սուրբ թարգմանիչների տոնին՝ նմուշներ հայ-վրացական գրական թարգմանություններից

Հայոց Եկեղեցին 2025 թվականի հոկտեմբերի 11-ին նշեց Սուրբ թարգմանիչ վարդապետների տոնը, որը նաև թարգմանիչների և թարգմանչական գործունեության գնահատման օր է ինչպես եկեղեցական, այնպես էլ գրական և գիտական ոլորտի թարգմանությունների առումով:
Վիրահայոց թեմի «Հովհ. Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնում Թեմակալ առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանի հանդիսապետությամբ, Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանի ներկայությամբ, կայացավ Թարգմանչաց տոնին նվիրված միջոցառում, որի նպատակն էր հայ-վրացական փոխադարձ թարգմանությունների գրական նմուշների վերհանմամբ ներկայացնել երկու քրիստոնյա ժողովուրդների գրականությունների թարգմանական ոլորտի նկարագիրը:
Գրշ. Տեր Կիրակոս եպիսկոպոսի օրհնությունից հետո, կենտրոնի էքսկուրսավար Գոհար Մազմանյանի բացման խոսքը վերաբերում էր ընդհանուր առմամբ թարգմանչական գործունեությանը, Աստվածաշնչի առաջին հայերեն թարգմանությանը և Սուրբերի շարքում դասված թարգմանիչներին:
Երևանի պետական համալսարանի դասախոս հայագետ Ասյա Դարբինյանը անդրադարձ կատարեց ինչպես վրացերենից, այնպես էլ հայերենից գրականության տարբեր ժանրի իր թարգմանություններին, ի մասնավորի խոսեց միջոցառմանը ներկա վրացի ճանաչված արձակագիր Թամթա Մելաշվիլու գողտրիկ գործերի մասին, որոնցից հայ ընթերցողին են ներկայացվել .Ասելուկ» պատմվածքը և 2011 թվականին «Սաբա» մրցանակին արժանացած և գեղարվեստական ֆիլմի սցենար դարձած «Մոշ, մոշ, մոշահավ» վիպակը:
Վրացի արձակագիրը երախտագիտությամբ և սիրով վերհիշեց վերջերս Երևան կատարած այցելությունը, ինչը ստեղծագործական նոր լիցք հաղորդելուց բացի, էլ ավելի լայնացրեց գրչակից մարդկանց հետ ծանոթությունների շրջանակը, առաջացրեց երկու եղբայրական ժողովուրդներին մերձեցնելու նորանոր գաղափարներ: Իսկ հայ թարգմանչուհին հիշատակեց նաև գրողներ Էկա Քեվանիշվիլու և Արամ Պաչյանի ստեղծագործությունների հայերեն և վրացերեն թարգմանությունները, որոնք հետաքրքրությամբ ընդունվել են երկուստեք ընթերցողների կողմից:
Թարգմանչուհի Դարբինյանի և արձակագիր Մելաշվիլու կողմից ընթերցվեցին դրվագներ վրացերեն բնագրերից և հայերեն թարգմանություններից:
Իրենց թարգմանություններից նմուշներ կարդացին բանաստեղծուհի Մարինա Մոսեսովա Կիրակոսյանը, Ռուզաննա Հովսեփյանը, Լևան Ցալուղելաշվիլին և Միխայիլ Անանովը:
Թամթա Մելաշվիլին «Հովհ. Թումանյանի տուն» կենտրոնին նվիրեց իր ստեղծագործություններից նմուշներ: