Էքսկուրսիա՝ Թբիլիսիի հայկական հետքերով
2026 թվականի մայիսի 24-ին, Հայ Օգնության Միության Ախալքալաքի Երիտասարդական կենտրոնի Հայոց պատմության խմբակի սաների Թբիլիսի կատարած էքսկուրսիայի նպատակը քաղաքի գեղատեսիլ վայրերին և հայկական հետքին ծանոթությունն էր: Կենտրոնի ղեկավար Կարինե Թադևոսյանի գլխավորությամբ շրջայցը Վրաստանի մայրաքաղաքում մեկնարկեց Վիրահայոց թեմի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցուց և կիրակնօրյա Սբ. Պատարագին մասնակցությամբ: Վիրահայ հասարակական գործիչ Լևոն Չիդիլյանը միանալով հյուրերին՝ ծանոթացրեց առաջնորդանիստ եկեղեցու պատմությանը, ցույց տվեց եկեղեցու բակում հանգչող Սայաթ-Նովայի շիրիմը և խոսեց աշուղի հիշատակին նշվող ավանդական «Վարդատոնի» մասին:
Այցի մասնակիցների համար առանձնապես տպավորիչ էր Հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոնը: Երիտասարդները ակնածանքով էին մոտենում յուրաքանչյուր շիրիմին ու կարդում իրենց քաջածանոթ պանթեոնում հուղարկավորված ազգանունները:
Հետաքրքիր զուգադիպությամբ Հավլաբարի Սբ. Էջմիածին եկեղեցի այցելելությունից և «Հայարտուն» կենտրոնի գործունեությանը ծանոթանալուց հետո, երիտասարդները ներկա գտնվեցին «Հայարտանը» «Մեր մեծերը» շարքից Թբիլիսիի նախկին քաղաքագլուխ Ալեքսանդր Խատիսովին նվիրված վավերագրական ֆիլմի ցուցադրությանը: Այն հիրավի հետաքրքիր ու բովանդակալից անդրադարձ էր Թբիլիսիի հայկական հետքին:
Տպավորություններով հագեցած օրն ավարտվեց Թեմի «Հովհ. Թումանյանի տուն» գիտակրթամշակութային կենտրոնում: Այստեղ հյուրերի առջև բացվեց Մեծ լոռեցու կյանքի թիֆլիսյան տարիները, նրա ստեղծագործական և ակտիվ հասարակական գործունեությունը:
Շնորհակալության ջերմ խոսքերով ավարտվեց Ախալքալաքի երիտասարդական կենտրոնի «Թբիլիսիի հայկական հետքերով» խորագրով էքսկուրսիան:
Հայերեն
ქართული
English
Русский 
