Ս. Աթանաս և Ս. Կյուրեղ հայրապետների հիշատակության օր
- Այս տարի նշվում է.: 2025-01-25
Ս. Աթանաս և Ս. Կյուրեղ հայրապետներն Ընդհանրական Եկեղեցու ամենակարկառուն գործիչներից են, ովքեր իրենց ողջ կյանքն ապրեցին հանուն քրիստոնեական հավատի ուղղափառության հաստատման ու տարածման` ընդդեմ մոլար ըմբռնումների և ուսմունքների:
Ս. Աթանաս հայրապետը (295-373 թթ.) ծնվել է Ալեքսանդրիայում` հույն քրիստոնյա ընտանիքում: Բարձրագույն կրթություն ստացել է հայրենի քաղաքի հռչակավոր աստվածաբանական ճեմարանում: Սարկավագ ձեռնադրվելով տեղի պատրիարք Ալեքսանդր Ալեքսանդրացու կողմից, իբրև նրա անձնական քարտուղար` մասնակցել է Նիկիայի 325 թվականի տիեզերաժողովին և լուրջ հակահարված հասցրել Արիոսին ու նրա հետևորդներին, ովքեր մերժում էին Քրիստոսի աստվածային բնությունը` Նրան համարելով արարած: Ի հակադրություն այս սխալ վարդապետության` Աթանասը հաստատում է Քրիստոսի Աստված լինելու իրողությունը և փրկությունը տեսնում է Աստծո հետ մարդկային բնության միավորման մեջ, ինչը հնարավոր է միայն Աստծո մարդացմամբ: Փրկությունը, ըստ Աթանասի բանաձևման, ոչ այլ ինչ է, եթե ոչ աստվածացում. «Աստված մարդացավ, որպեսզի մարդն աստվածանա»: Աստվածացումն Աստծուն որդեգրվելն է, «որպեսզի մարդկանց որդիները դառնան Աստծո որդիներ»: 328 թվականին բարձրանալով պատրիարքական գահին, Ս. Աթանասը հետագա իր ողջ կյանքի ընթացքում անդադար պայքարում է արիոսական հերձվածի դեմ, պաշտպանում նիկիական ուղղափառ դավանանքը: Ենթարկվելով հալածանքների` իր եպիսկոպոսական 47 տարիներից 15-ն անցկացրել է աքսորում: Սակայն ճշմարտության հաստատման իր գերմարդկային ջանքերը տալիս են բարի պտուղներ. Աթանասի մահից 7-8 տարիներ հետո` Կ. Պոլսի 381 թվականի տիեզերաժողովում, վերջնականապես ամրագրվում է Աթանասի վարդապետությունը: Մեծ է Աթանասի վաստակը նաև վանականության զարգացման գործում:
Ս. Կյուրեղ Ալեքսանդրացի հայրապետն Ալեքսանդրյան աստվածաբանական դպրոցի փայլուն ներկայացուցիչներից մեկն է: Ծնվել է 380 թվականին, Թեոփիլոս պատրիարքի եղբորորդին է, որին հաջորդել է 412 թվականին: Կ. Պոլսի պատրիարք Նեստորի դեմ պայքարել է ուղղափառ դավանանքի համար, որի պատճառով էլ Թեոդորոս Բ կայսրը 431 թվականին Եփեսոսում հրավիրել է երրորդ տիեզերական ժողովը: Ժողովի ընթացքում Նեստորի ուսմունքը դատապարտվել է, իսկ Մարիամի համար ընդունվել է «Աստվածածին» անվանումը: Կյուրեղի նշանավոր բանաձևը`«Մի բնութիւն Բանին մարմնացելոյ», դարձել է Հայ Առաքելական Եկեղեցու` Քրիստոսի բնության վարդապետության հիմնաքարը:
2030-01-26 Ս. Աթանաս և Ս. Կյուրեղ հայրապետների հիշատակության օր
2029-07-28 Ս. Աթանաս և Ս. Կյուրեղ հայրապետների հիշատակության օր
2028-01-22 Ս. Աթանաս և Ս. Կյուրեղ հայրապետների հիշատակության օր
2027-07-31 Ս. Աթանաս և Ս. Կյուրեղ հայրապետների հիշատակության օր
2026-08-01 Ս. Աթանաս և Ս. Կյուրեղ հայրապետների հիշատակության օր
2025-01-25 Ս. Աթանաս և Ս. Կյուրեղ հայրապետների հիշատակության օր
2024-06-27 Ս. Աթանաս և Ս. Կյուրեղ հայրապետների հիշատակության օր
2023-01-21 Ս. Աթանաս և Ս. Կյուրեղ հայրապետների հիշատակության օր
2022-01-22 Ս. Աթանաս և Ս. Կյուրեղ հայրապետների հիշատակության օր
2021-01-23 Ս. Աթանաս և Ս. Կյուրեղ հայրապետների հիշատակության օր
2020-01-25 Ս. Աթանաս և Ս. Կյուրեղ հայրապետների հիշատակության օր