ՓՈՔՐ ՊԱՄԱՃ - ՍՈՒՐԲ ԽԱՉ ԵԿԵՂԵՑԻ
Փոքր Պամաճը Ախալցիխե քաղաքից 6,5 կմ հարավ-արևմուտք գնվող հայաբնակ գյուղ է, որն ինչպես տարածաշրջանի գրեթե բոլոր հայաբանակ գյուղերը, ևս ունեցել է իր եկեղեցին:
Փոքր Պամաճ գյուղի եկեղեցին մինչև 1863 թվականը փայտաշեն էր[1]: Եկեղեցու վերաբերյալ արխիվային վավերագրերը տեղեկություններ են հաղորդում սկսած 1837 թվականից[2]:
Հայ Առաքելական Եկեղեցու Վրաստանի և Իմերեթի թեմի կոնսիստորիայի արխիվային վավերագրերում Փոքր Պամաճ գյուղի եկեղեցին հիշատակվում է Սուրբ Հակոբ (1837 թ.), Սուրբ Աստվածամայր (1840 թ.), իսկ սկսած 1841 թվականից՝ Սուրբ Խաչ անուններով[3]: Ըստ էության եկեղեցին ենթարկվել է հաճախակի վերանորոգությունների և վերաօծման:
Ճարտարապետություն. Հիմնանորոգված եկեղեցու արտաքին չափսերն են 12,85x8,0 մ: Կից զանգակատան հարավային որմերին զետեղված են հիմնանորոգման վերաբերյալ արձանագրությունները[4]:
Ծխատեր քահանաներ. Սուրբ Խաչ եկեղեցու 19-րդ դարի քահանաներից են Տեր Սահակը, Հովհաննես Մինասյանը, Ղազարոս Հովհաննիսյան Տեր-Սահակյանցը[5], Կարապետ Տեր-Մարտիրոսյան Տեր-Նահապետյանցը[6]: 1995 թվականին քահանա Գարեգին վարդապետ Բալասանյանը Փոքր Պամաճին զուգահեռ հովվել է նաև հարևան Մեծ Պամաճ, Սազել և Օրալ գյուղերի ծխերը:
Եկեղեցու Ավետարաններ. Ըստ 1837 թվականի Վրաստանի և Իմերեթի թեմի եկեղեցիների շարժական և անշարժ կալվածքների ցուցակի` Սուրբ Խաչ եկեղեցում պահվել է 5 ծիսական գիրք` Ճաշոց, արծաթե փոքր խաչով Ավետարան, Ձայնաքաղ շարական, Ժամգիրք, Սիմեոնի տոնացույց[7]: Մինչ օրս տեղաբնակիչների մոտ պահպանվում են նաև 15-րդ դարի երկու ձեռագիր Ավետարաններ:
Դպրոց. 1881 թվականին գյուղում գործել է մասնավոր դպրոց[8]: Նույն թվականին թեմական իշխանությունների կողմից Փոքր Պամաճում կենտրոնական ուսումնարան բացելու մասին որոշում է կայացվել[9]: Այստեղ պետք է ուսանեին նաև հարևան գյուղերի երեխաները: Չնայած կենտրոնական դպրոցի կանոնադրության հաստատմանը` նախագիծը չի իրագործվել: Հետագայում` 1908 թվականին, նման նախաձեռնություն ցուցաբերեց նաև Կովկասյան բարեգործական ընկերության Ախալցիխեի վարչությունը, սակայն այս անգամ ևս նախագիծը չիրագործվեց[10]:
Հետխորհրդային շրջան. Եկեղեցին իր գործունեության տարիներին իր շուրջն է համախմբել ժողովրդին և հոգևոր սպասավորների միջոցով հոգացել տեղի բնակչության ուսումնառության և հոգևոր կրթության մասին, սակայն խորհրդային տարիներին եկեղեցին փակվել է և վերածվել պահեստի:
Հետագայում եկեղեցին հիմնանորոգվել է 20-րդ դարում: Շինարարական աշխատանքները սկսվել են 1965 թվականին, սակայն եկեղեցին ավարտուն տեսքի չի բերվել: 1993 թվականին տեղի բնակիչ Հովհաննես Մանուկյանի ջանքերով եկեղեցու նորոգությունը կրկին շարունակվում է և բերվում ավարտուն տեսքի[11], իսկ 1995 թվականից սկսում է գործել:
1996 թվականին, ձեռամբ Վիրահայոց թեմի աոաջնորդ Գերաշնորհ Տ. Գևորգ արքեպիսկոպոս Սերայդարյանի, օծվեց գյուղից հարավ գտնվող «Կարմիր բլուր» կոչվող բարձրադիր սարահարթի վրա կառուցված Եղեռնի զոհերին նվիրված հուշամատուռը[12]:
Եկեղեցու վերաօծում. Տարիների ընթացքում եկեղեցին կրկին հիմնանորոգման կարիք ուներ և այդ առաքելությունն ստանձնեցին արմատներով փոքրպամաճցի Անդրանիկ և Խաչատուր Բաբոյանները ու Ռուբեն Սահակյանը:
2011 թվականի դեկտեմբերի 25-ին, ձեռամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի և մասնակցությամբ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Բաբգէն աբեղա Սալբիյանի, վերաօծվեց Ախալցիխեի շրջանի Փոքր Պամաճ գյուղի 19-րդ դարի սկզբին կառուցված Սուրբ Խաչ եկեղեցին[13]:Փոքր Պամաճի Սուրբ Խաչ եկեղեցին վերանորոգվել է Ռուբեն Սահակյանի, Անդրանիկ և Խաչատուր Բաբոյանների հովանավորությամբ։
Վիրահայոց թեմ
Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն
[1] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3843, թ. 60-ի շրջ.-61:
[2] ՀԱԱ, ֆ. 56, ց. 6, գ. 39, թ. 134:
[3] ՀԱԱ, ֆ. 56, նույն տեղում; ֆ. 53, ց. 1, գ. 3800, թ. 4; գ. 3798, թ. 126:
[4] Ս. Կարապետյան, Ախալցխա, Երևան, 2008, էջ263:
[5] Ս. Կարապետյան, նույն տեղում, էջ 264:
[6] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 795, թ. 66:
[7] ՀԱԱ, ֆ. 56, նույնտեղում:
[8] «ՄեղուՀայաստանի», 1881, N 15, էջ 3:
[9] «Մեղու Հայաստանի», 1881, N 232, էջ 1:
[10] ՀԱԱ, ֆ. 28, ց. 1, գ. 300, թթ. 15-16:
[11] Ս. Կարապետյան, նույն տեղում, էջ 263:
[12] «Էջմիածին», 1996 (Դ), էջ 109:
[13] Վիրահայոց թեմի մամլո դիվան, 2011. 11.25: