ԲԵԺԱՆՈ - ՍՈՒՐԲ ՄԻՆԱՍ ԵԿԵՂԵՑԻ, ՀԻՄՆԱԴՐՎԵԼ Է 19-ՐԴ ԴԱՐԻ ԱՌԱՋԻՆ ԿԵՍԻՆ:
ԲԵԺԱՆՈ - ՍՈՒՐԲ ՄԻՆԱՍ ԵԿԵՂԵՑԻ, ՀԻՄՆԱԴՐՎԵԼ Է 19-ՐԴ ԴԱՐԻ ԱՌԱՋԻՆ ԿԵՍԻՆ:
Բեժանոն (Ջանճղա (Ճանճղա), հայաբնակ գյուղ է Ախալքալաքի շրջանում: Հայտնի է, որ մինչև նոր եկեղեցու կառուցումը, գյուղի բնակիչները եկեղեցական ծիսաարարողությունները կատարել են «Կարմիր ժամ» կոչվող եկեղեցում, որը կառուցված էր կարմրագույն սրբատաշ քարից: Առ այսօր եկեղեցին իր կանգուն մնացած պատերով ծառայում է որպես ուխտատեղի: Ներկայիս գործող եկեղեցին կրում է Սուրբ Մինաս Եգիպտացու անունը, ում մասին, ի դեպ, խոսվում է «Վարք Սրբոց» գրքում[1]:
Եկեղեցու կառուցում. Բեժանոյի Սուրբ Մինաս միանավ բազիլիկ եկեղեցին կառուցվել է 1830-ական թվականներին: Համաձայն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վրաստանի և Իմերեթի թեմի եկեղեցիների 1840 թվականի տեղեկագրի` եկեղեցու ծխականների թիվը եղել է մոտ 196[2]: 1840-ական թվականներին եկեղեցին դեռևս փայտաշեն էր[3]: 1899 թվականին եկեղեցին վնասվել էերկրաշարժից, սակայն 1906 թվականինհիմնովինվերակառուցվել է: Այդ է վկայում եկեղեցուհարավայինմուտքիցվերեղածարձանագրությունը[4]:
Ճարտարապետություն. Եկեղեցին կառուցված է մոխրագույն տուֆից: Պատկանում է սրահի տիպին: Ընդհանուր չափսերն են 18,72x10,64 մ: Հարավային և հյուսիսային պատերին բացված են կիսաշրջանաձև պատուհաններ: Երկու մուտքերը բացված են հարավային և արևմտյան կողմերից: Հարավային մուտքի վերևում խաչքար է քանդակված, իսկ արևմտյան մուտքի վերևում` խաչաձև քանդակ: Մուտքի աջ կողմում քառատող հայերեն գրություն է արված. ՍՈՒՐԲ ՄԻՆԱՍ ԵԿԵՂԵՑԻ 1906 Թ. | ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎԵՑ 2007 Թ.-ԻՆ | ԲԱՐԵՐԱՐՆԵՐ ՎԱՍԻԼ ԵՎ ՎԻԿՏՈՐ | ՍԱՐԳՍՅԱՆ ԵՂԲԱՅՐՆԵՐ: Տանիքի արևմտյան մասում զանգակատունն է: Եկեղեցու կոր տանիքը երեսապատված է թիթեղով: Առաստաղը կամարաձև է: Ներքին տարածքում պատերը սվաղած են և ներկած: Արևելյան մասում կառուցված է խորանը, որի աջ և ձախ կողմերում ավանդատներն են: Հյուսիսային պատին տեղակայված է մկրտության ավազանը[5]:
Ծխատեր քահանաներ. Սուրբ Մինաս Եկեղեցու քահանաներից են եղելԳրիգոր քհն. Տեր-Քերոբյանցը[6], Գրիգոր քհն. Սարգսյանը, Հակոբ քհն. Քերոբյանցը[7], ովքեր քահանայագործել են 1860-1870-ական թվականներին:
Դպրոց. Գյուղի եկեղեցա-ծխական դպրոցի վերաբերյալ հիշատակություն կա 1860-ական թվականների արխիվային վավերագրերում: Մասնավորապես, 1869 թվականի Վրաստանի և Իմերեթի թեմի դպրոցների տեղեկագրի համաձայն, այն հիմնադրվել է 1863 թվականին տեղի հասարակության միջոցներով: Տվյալ պահին աշակերտների թիվը եղել է 54[8] (1865 թ.-ին` 47 էր)[9]:
Եկեղեցին 21-րդ դարում. Եկեղեցու վերանորոգչական հետագա աշխատանքներ իրականացվել են միայն 2006-2007 թվականներին: Եկեղեցին վերանորոգվել է ծագումով նույն գյուղից Վասիլ և Վանիկ Սարգսյան եղբայրների նյութական օժանդակությամբ:2007 թվականի օգոստոսի 17-ին Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիկոպոս Միրզախանյանի ձեռամբ և մասնակցությամբ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տ. Բաբգէն աբեղա Սալբիյանի` վերաօծվեց Բեժանո գյուղի Սուրբ Մինաս եկեղեցին[10]: Անդրանիկ Սուրբ Պատարագը մատուցվեց Ախալքալաքի շրջանի հայության հոգևոր հովիվ Տ. Սամվել քահանա Թորոսյանի ձեռամբ: Առաջնորդ Սրբազան Հայրը գնահատանքի և օրհնության իր խոսքն ուղղեց եկեղեցու վերականգնման գործում զգալի ներդրում կատարած Սարգսյանների ընտանիքին և շինարարներին՝ նրանց փոխանցելով առաջնորդական Օրհնության գիր և հուշանվերներ[11]:
Բեժանո գյուղից 0.5 կմ արևելք պահպանվել են նաև «Կաթնաղբյուրի ժամ» կոչված եկեղեցու ավերակները: Ըստ ճարտարապետական առանձնահատկությունների, եկեղեցու կառույցը բնորոշ է ԺԲ-ԺԳ դարերին: Գյուղի հարավ-արևելյան կողմում պահպանվել են սրբատաշ քարով կառուցված մեկ այլ` «Վանք» անվամբ եկեղեցու հիմնապատերը: Գյուղում կան նաև այլ սրբություններ, որոնք պահպանվում են գյուղացիների տանը[12]:
Վիրահայոց թեմ
Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն
[1] «Նորաշեն», 2007, /4/(10), էջ 6:
[2]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3800, թ.4-ի շրջ.:
[3] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3802 (1), թ. 63-ի շրջ.-64:
[4] Ս. Կարապետյան, Ջավախք, Երևան, 2006, էջ 113:
[5]Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն: Վիրահայոց թեմ:
[6]ՀԱԱ, ֆ. 53, ց. 2, գ. 944, թ. 2; գ. 947, թ. 2
[7]ՀԱԱ, ֆ. 53, ց. 2, գ. 953, թ. 2; 4:
[8]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3977, թ. 55-ի շրջ.-56:
[9]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3848, թ. 2-ի շրջ.:
[10]«Էջմիածին», 2007, Ը, էջ 144:
[11]Վիրահայոց Թեմի մամլո դիվան, «Էջմիածին», 2007, Ը, էջ 144:
[12] Ս. Կարապետյան, նույն տեղում: