ԼՈՄԱՏՈՒՐՑԽ - ՍՈՒՐԲ ԱՄԵՆԱՓՐԿԻՉ ԵԿԵՂԵՑԻ
Եկեղեցու հիմնադրում. Ախալքալաքից 17 կմ հյուսիս գտնվող Լոմատուրցխ գյուղի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերաբերյալ ամենավաղ հիշատակությունները հաղորդում են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վրաստանի և Իմերեթի թեմի ֆոնդի արխիվային վավերագրերը: Այն հայտնի է Սուրբ Փրկիչ և Սբ. Ամենափրկիչ անուններով: Այսպես` 1857-1860-ական թվականների տեղեկագրում այն հիշատակվում է Սբ. Փրկիչ անվամբ[1], 1864-1867-ական թվականների մեկ այլ տեղեկագրում` Սբ. Ամենափրկիչ[2]: 19-րդ դարի 60-ական թվականներին եկեղեցին դեռևս փայտաշեն էր[3]: «Արձագանք» թերթի տվյալների համաձայն` 1885 թվականին այն արդեն քարաշեն էր, փայտածածկ[4]: 19-րդ դարի 90-ական թվականներին եկեղեցին վերանորոգման կարիք ուներ: Կառավարության հարուցած արգելքների պատճառով սկսված շինարարական աշխատանքներն ընթացել են դժվարություններով[5]: 20-րդ դարի սկզբին եկեղեցին դարձյալ վթարային վիճակում էր: 1905 թվականին աշխատանքներ են ծավալվում հիմնովին նոր եկեղեցի կառուցելու ուղղությամբ: Ըստ եկեղեցու պատին արված արձանագրության՝ շինարարական աշխատանքները սկսվել են 1906 թվականին[6]:
Գյուղի հյուսիս-արևմտյան եզրին տարածվում է գյուղի գերեզմանոցը:
Ճարտարապետություն. Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին կառուցված է տուֆից և պատկանում է երկթեք դահլիճի տիպին: Ընդհանուր չափսերն են 16,82x9,67 մ: Հարավային և հյուսիսային պատերին բացված են կամարակապ պատուհանները: Մուտքը հարավային կողմից է: Տանիքի արևմտյան մասում կառուցված է զանգակատունը՝ հենված 4 սյուների վրա: Երկթեք ծածկը երեսապատված է թիթեղով: Ներքին տարածքն իրենից ներկայացնում է մեկ մեծ դահլիճ, որտեղ ոչ մի բաժանող սյուն չկա: Պատերը սվաղած են և ներկած: Հյուսիսային մասում է գտնվում Սբ. Խորանն՝ աջ և ձախ կողմերի ավանդատներով: Հյուսիսային պատին տեղակայված է նաև մկրտության ավազանը: Կամարակապ առաստաղը երեսապատված է փայտե տախտակներով[7]:
Ծխատերքահանաներ. Սուրբ Փրկիչ եկեղեցու քահանաներից է եղել Ղուկաս քհն. Տեր-Բաղդասարյանը[8]:
Դպրոց. Լոմատուրցխ գյուղի եկեղեցա-ծխական դպրոցը բացվել է 1863 թվականին տեղի բնակիչների միջոցներով: 1869 թվականի դրությամբ ունեցել է 20 սովորող[9]: Ուսուցիչներից է եղել Հովհաննես Տեր-Բաղդասարյանը[10]:
Եկեղեցու վերաօծում.Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին պատկանում է այն եկեղեցիների թվին, որը Խորհրդային Միության տարիներին իր գործառույթները կորցրեց և վերածվեց կոլտնտեսության պահեստի, ապա հարսանյաց և հոգեհացի արարողությունների սրահի, իսկ հետո մատնվեց անուշադրության:
2016 թվականին, նախկին լոմատուրցխեցի Սեդրակ և Արթուր Խաչատրյան եղբայրների նախաձեռնությամբ և բարեգործությամբ, կարճ ժամանակամիջոցում գյուղի շինարար երիտասարդների ակտիվ մասնակցությամբ և տեղացի Գևորգ Իրիցյանի համակարգմամբ իրականացվեցին եկեղեցու վերակառուցման աշխատանքները:
2017 թվականի հունիսի 11-ին, իր առաջին օծումից 111 տարի անց, գյուղի վերակառուցված Սուրբ Փրկիչ եկեղեցում տեղի ունեցավ վերաօծման հանդիսավոր արարողությունը:
Եկեղեցու վերաօծումը կատարվեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի ձեռամբ և Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանի մասնակցությամբ: Դռնբացեքի արարողությունից հետո սրբասուրբ մյուռոնով օծվեցին Սուրբ Փրկիչ եկեղեցու Սուրբ Սեղանը, Մկրտության ավազանը և 16 սյուները: Վերակառուցված և վերաօծված եկեղեցում կատարվեց անդրանիկ Սուրբ և Անմահ Պատարագը: Սուրբ Պատարագն ավարտվեց Վիրահայոց թեմի Առաջնորդի Պահպանիչ աղոթքով:
Տոնական օրը գյուղի բնակչության համար ավարտվեց Սեդրակ և Արթուր Խաչատրյանների կողմից կազմակերպված հյուրասիրությամբ[11]:
Վիրահայոցթեմ
Վրաստանի հայկականպատմամշակութայինժառանգությանուսումնասիրության կենտրոն
[1]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3830, թ. 40-ի շրջ.-41:
[2]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3843, թ. 56-ի շրջ.:
[3]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3848, թ. 74-ի շրջ.-75:
[4]«Արձագանք», 1885, N 3, էջ 43:
[5]ՀԱԱ, ֆ. 56, ց. 1, գ. 8948, թ. 1 ևշրջ., 25-26:
[6]Ս. Կարապետյան, Ջավախք, Երևան, 2006, էջ 214:
[7]Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն: Վիրահայոց թեմ:
[8]ՀԱԱ, ֆ. 53, ց. 2, գ. 2707, թ. 2; գ. 2713, թ. 2:
[9]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3977, թ. 55-ի շրջ.-56:
[10]ՀԱԱ, ֆ. 56, ց. 15, գ. 52, թ. 43:
[11]http://armenianchurch.ge/hy/lurer/34-news/1347-ekghecu-ocum: Վիրահայոց թեմի մամլո դիվան: