ԴԻԼԻՍԿԱ - ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ ԵԿԵՂԵՑԻ
ՀԻՄՆԱԴՐՎԵԼ Է 1830-ԱԿԱՆ ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ:
Դիլիսկան Ջավախքի բազմամարդ գյուղերից մեկն է: Գյուղում պահպանված հնագիտական հուշարձանները վկայում են, որ Դիլիսկան բնակեցված է եղել վաղնջական ժամանակներից: Վերջինս Ջավախքի այն սակավաթիվ գյուղերից է, որը 1830 թվականին Կարնո հայտնի գաղթի ժամանակ ուներ տեղաբնիկ հայ բնակչություն[1]:
Եկեղեցու հիմնադրում. Ախալքալաքի Դիլիսկա գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցին հիշատակված է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վրաստանի և Իմերեթի թեմի 1840 թվականի եկեղեցիների տեղեկագրում, համաձայն որի եկեղեցու ծխականների թիվը տվյալ պահին եղել է 499[2]: Նոր եկեղեցին կառուցվել է 1870-ական թվականների սկզբին[3]: 1885 թվականին եկեղեցին քարաշեն էր, փայտածածկ: Այն ունեցել է նաև Գրիգոր վարդապետի ձեռքով գրված ձեռագիր Ավետարան[4]:
Ճարտարապետություն. Եկեղեցին կառուցված է անմշակ քարով, կրաշաղախով, պատկանում է միանավ դահլիճի տիպին: Բացառություն է կազմում արևմտյան ճակատը, որը կառուցված է սրբատաշ քարից: Պատերին ներքուստ ագուցված են 15-16-րդ դարերի խաչքարեր: Եկեղեցու արտաքին չափսերն են 19,68x12 մ: Արևմտյան ճակտոնի գագաթին վեց սյունով զանգակատունն է[5]: Մուտքը արևմտյան կողմից է: Վերջինիս ճակատային մասից բացված է կիսաշրջանաձև պատուհան: Ծածկը կորաձև է: Նախկինում եղել է փայտաշեն, իսկ այժմ երեսապատված է թիթեղով: Ներքին տարածքը չորս զույգ փայտե սյուներով բաժանված է եղել երեք նավերի, այժմ՝ առանց որևէ օժանդակ սյան մեկ մեծ սրահ է: Սուրբ Խորանը կառուցված է արևելյան մասում՝ իր աջ և ձախ ավանդատներով: Հյուսիսային պատին մկրտության ավազանն է[6]:
Ծխատեր քահանաներ. 1830-40-ական թվականներին Սուրբ Սարգիս եկեղեցում քահանայագործել է Տեր-Հովհաննես քահ. Տեր-Սարգսյանը: Դպիրներն են եղել Հովհաննես Տեր-Բարսեղյանը, Ալեքսանդր Վարդանյանը, Տոնական Համբարյանը[7]:
Դպրոց. 1837 թվականին գյուղում հիմնվել է խալֆայական կարգի առաջին դպրոցը[8]: 1869 թվականի Վրաստանի և Իմերեթի թեմի դպրոցական տեղեկագրի համաձայն` Դիլիսկա գյուղի եկեղեցա-ծխական դպրոցը հիմնադրվել է 1864 թվականին գյուղի հասարակության միջոցներով: 1869 թվականի դրությամբ ունեցել է 70 սովորող, մեկ ուսուցիչ[9]: Դպրոցը գործել է մինչև 1885 թվականը: Հետագայում գյուղում բացվել է ռուսական պետական դպրոց, որը գործել է մինչև 1918 թվականի[10]:
Եկեղեցին խորհրդային և հետխորհրդային տարիներին. Ինչպես բազմաթիվ եկեղեցիներ, Դիլիսկա գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցին ևս Խորհրդային տարիներին հայտնվում է տնտեսական նշանակության շինության կարգավիճակում: Այդ տարիներին, եկեղեցին չծառայելով իր նպատակին, խոնավության ու անբարեկարգության պատճառով, աստիճանաբար հայտնվում է անմխիթար վիճակում: Սակայն հետագայում եկեղեցին և հարակից տարածքը ամբողջությամբ վերանորոգվում ու բարեկարգվում են ծնունդով Դիլիսկայից Սամվել Նահատակյանի նյութական աջակցությամբ ու բարերարությամբ[11]:
Եկեղեցու վերաօծում. 2009 թվականի դեկտեմբերի 9-ին, ձեռամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի և մասնակցությամբ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տ. Բաբգէն աբեղա Սալբիյանի, վերաօծվեց Ախալքալաքի շրջանի Դիլիսկա գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցին: Եկեղեցու վերաօծման ընթացքում կատարվեց տաճարի օրհնություն, ապա վերաօծվեցին տասնվեց սյուները, մկրտության ավազանը, սրբապատկերները և խաչքարերը: Այնուհետեւ մատուցվեց անդրանիկ Սուրբ Պատարագը[12]:
Ջավախքում Սուրբ Սարգսի տոնը բացառիկ եկեղեցական տոներից է, որը տասնյակ հազարավոր երիտասարդների համախմբում է հայ եկեղեցու շուրջ: Ընդունված ավանդույթի համաձայն՝ այդ օրը երիտասարդները հեռու և մոտիկ գյուղերից ու բնակավայրերից, ուղևորվում են դեպի Ախալքալաքի շրջանի Դիլիսկա գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցին[13]:
Եկեղեցին այսօր էլ իր ակտիվ գործունեությունն է ծավալում: Ծագումով դիլիսկացի, այժմ ռուսաստանաբնակ Նաիրի Նահատակյանի բարերարությամբ, 2017 թվականին կրկին վերանորոգվեց Սուրբ Սարգիս եկեղեցին: Եկեղեցին ավելի շքեղ տեսք ստացավ՝ որմնանկարներով զարդանախշված խորանով և մկրտության սուրբ ավազանով: 2017 թվականի դեկտեմբերի 9-ին վերանորգված եկեղեցու բակում կատարվեց հայոց Ցեղասպանության սրբադասված զոհերի հիշատակին և անհայտ զինվորին նվիրված խաչքարերի օծման արարողություն: Եկեղեցու և հիշատակի խաչքարերի օրհնության կարգը կատարվեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի ձեռամբ և հոգևոր դասի մասնակցությամբ[14]:
Վիրահայոց թեմ
Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն
[1]«Էջմիածին», 2009, ԺԲ, էջ 134:
[2]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3800, թ. 4-ի շրջ.:
[3]«Մշակ», 1876, N 21, էջ 3:
[4]«Արձագանք», 1885, N 3, էջ 42:
[5]Ս. Կարապետյան, Ջավախք, Երևան, 2006, էջ 159-160:
[6]Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն: Վիրահայոց թեմ:
[7]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 457, թ. 60-իշրջ.:
[8]Ս. Կարապետյան, նույն տեղում, էջ 159:
[9]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3977, թթ. 54-55:
[10]Ս. Կարապետյան, նույն տեղում:
[12]«Էջմիածին», նույն տեղում:
[13]http://armtimes.com/hy/article/126956: Վիրահայոց Թեմի Մամլո Դիվան:
[14] http://armenianchurch.ge/hy/lurer/34-news/1510-khachqar-diliska: Վիրահայոց Թեմի Մամլո Դիվան: