ՉԵՉԵՐԵՔ – ՍՈՒՐԲ ԱՎԵՏԱՐԱՆ ՄԱՏՈՒՌ
Չեչերեք (Ճալա) գյուղը գտնվում է Ախալցիխեից 4 կմ արևելք` Կուր գետի ձախ ափից մոտ 300 մ հեռավորության վրա: Չեչերեքը առ այսօր հայտնի է գյուղամիջում գտնվող Սուրբ Ավետարան կոչված ուխտատեղիով և այնտեղ պահվող պատկերազարդ ձեռագիր Ավետարանով[1]։
Սուրբ Ավետարան մատուռ. Ըստ հուշարձանագետ Ս. Կարապետյանի` եկեղեցուն փոխարինած շենքն իրենից ներկայացրել է գլխատան հորինվածքով բնակելի տուն[2]: Սուրբ Ավետարան մատուռը աղոթատեղիի համբավ է ձեռք բերել այստեղ պահպանվող, 1745 թվականով թվագրված ձեռագիր Ավետարանի առկայության շնորհիվ: 2005 թվականին գյուղի բնակիչ Էդվարդ Հակոբյանի նախաձեռնությամբ և միջոցներով վերականգնվեց սրբատեղի մատուռը[3]:
Ճարտարապետություն. Մատուռն ունի քառանկյան ձև: Ընդհանուր չափսերն են 5,7x4,6 մ: Ճակատային պատերը սվաղած են ցեմենտի լուծույթով: Պատերը զարդանախշված չեն: Ներքին տարածքում պատերը սվաղած են և ներկած: Մուտքը բացված է արևմտյան պատին, որի վերևում ծածկոց է տեղադրված: Արևմտյան պատի աջ հատվածում հայերեն արձանագրությամբ կարմիր տուֆով խաչքար կա: Երկթեք ծածկը երեսապատված է թիթեղով: Մատուռի քանդակազարդ դռներից ձախ` պատի մեջ, տեղադրված է խաչքար, որին կից արված է եռատող հայերեն արձանագրություն. «ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՂ | ԷԴՎԱՐԴ | ՀԱԿՈԲՅԱՆ. 2005»[4]:
Ծխատեր քահանա. Չեչերեքում որպես կանոն հոգևոր ծառայություն են մատուցել Ախալցիխե քաղաքի հոգևորականները: Այսպես`1885 թվականի դրությամբ գյուղը եկեղեցի չուներ, ուներ 9 ծուխ, որոնց և հովվում էր Ախալցիխեի քահանան[5]:
Գերեզմանատուն. Տարածվում է գյուղի հյուսիս-արևելյան եզրին: Տապանաքարերից հները անարձանագիր են և վերաբերում են ԺԹ դարի կեսերին[6]:
Վիրահայոց թեմ
Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն