Материалы

ԳՈՐԾՈՂ ԵԿԵՂԵՑԻՆԵՐ և ՄԱՏՈՒՌՆԵՐ

ԴԻԼԻֆ (ԴԼԻՎԻԿ) ԳՅՈՒՂԻ ՍՈՒՐԲ ՎԱՐԴԱՆ ԶՈՐԱՎԱՐ ԵԿԵՂԵՑԻ

1Նինոծմինդայի շրջանում գտնվող ժամանակակից Դիլիֆ գյուղը` Դլիվեկ անվամբ հայ մատենագրության մեջ առաջին անգամ հիշատակվել է 988 թվականին, Դլիվ անվանաձևով` 1595 թ. օսմանյան հարկացուցակներում: Ի տարբերություն հարևան շատ գյուղերի Դիլիֆի ներկայիս բնակիչների նախնիները Ջավաղք են տեղափոխվել, ոչ թե Կարնո գավառից, այլ` Տարոնից: Գաղթել են Մուշից, Կարաչոբան և Կենդիքով գյուղերից[1]:

Դիլիֆ գյուղի Սուրբ Վարդան զորավար անվամբ եկեղեցին կառուցվել է 1866 թվականին: Եկեղեցու մուտքի բարավորին փորագրված է. «1866 Սուրբ Վարդանանց Եկեղեցի. գյուղ Դիլիֆ»: Հավելենք, որ 1847-1885 թվականների չափաբերական մատյաններում, մինչև 1870 թվականը[2], գյուղում գործող եկեղեցին հիշատակվում է Սուրբ Գևորգ անվամբ, որից հետո` Սուրբ Վարդան[3]:

Սուրբ Գևորգ անվամբ եկեղեցու վերաբերյալ Վրաստանի և Իմերեթի թեմի ֆոնդի արխիվային վավերագրերը ամենավաղ տեղեկությունները հաղորդում են սկսած 1839-1840 թվականներից[4]: Նույն թվականներին Սուրբ Գևորգ եկեղեցում քահանայագործել են Տեր-Մանուել քհն. Մերոյանը, Տեր-Հովհաննես քհն. Հովհաննիսյանը[5]: 1857 թվականի դրությամբ Սուրբ Գևորգ եկեղեցուն են պատկանել հասարակության կողմից ընծայված երկու սենյակ, որից ստացվող հասույթը տրված էր երեսփոխան Զաքար Տեր-Մանվելյանի տնօրինությանը[6]: 1880-ական թվականներին արդեն Սուրբ Վարդան անվամբ եկեղեցին հիշատակվում է՝ որպես քարաշեն, փայտածածկ կառույց[7]: 1915 թվականի դրությամբ նրա ծխականների թիվը հասնում էր 1242-ի[8]:

Գյուղում պահպանված ուխտատեղերից են Սուրբ Մինասը, Թևաթորոսը, Դավոյի սուրբը, Սուրբ Գրիգոր Լուսավորիչը և այլ սրբատեղեր: Նշենք նաև, որ գյուղացիների տներում պահպանվում են տարբեր կրոնական գրքեր, որոնցից շատերը պահվում են տներում առանձնացված անկյուններում և տների բակում կառուցված փոքրիկ աղոթատեղ մատուռներում[9]:

Ճարտարապետություն. Եկեղեցին կառուցված է անմշակ քարով, կրաշաղախով, գմբեթավոր եռանավ բազիլիկ է: Բացառություն է կազմում արևմտյան ճակատը, որը կառուցված է սրբատաշ քարից: Եկեղեցու արտաքին չափսերն են 11x18 մ: Արևմտյան ճակտոնի գագաթին կառուցված է մետաղյա զանգակատունը: Մուտքը արևմտյան կողմից է: Վերջինիս ճակատային մասից բացված է կիսաշրջանաձև պատուհան: Ներքին տարածքը երեք զույգ սյուներով բաժանված է երկու նավերի, իսկ կենտրոնական մասում մեկ մեծ սրահ է:

Սբ Խորանը կառուցված է արևելյան մասում՝ իր աջ և ձախ ավանդատներով: Հյուսիսային պատին մկրտության ավազանն է[10]:

Դպրոց. Եկեղեցին ունեցել է նաև իր ծխական դպրոցը, որի մասին արխիվային վավերագրերը տեղեկություններ են հաղորդում սկսած 19-րդ դարի 60-ական թվականներից: Համաձայն դրանց` այն բացվել է տեղի հասարակության միջոցներով 1864 թվականին և տվյալ պահին ունեցել է 20 սովորող[11]:

Վերանորոգություն և վերաօծում. Խորհրդային շրջանում եկեղեցին, ի թիվս մյուս եկեղեցի­ների, փակվեց և վերածվեց պահեստի: 2017 թվականին, նախկին Դիլիֆաբնակ բարերարների նախաձեռնությամբ իրականացվեցին եկեղեցու վերանորոգության աշխա­տանքները: Վերանորոգվեց եկեղեցու տանիքը, վերականգնվեց գմբեթը և կատարվեցին ներքին հարդարման աշխատանքներ: Ամբողջությամբ վերակառուցվեցին եկեղեցու Սբ Խորանն ու Մկրտության ավազանը[12]:

2018 թվականի հոկտեմբերի 12-ին Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի ձեռամբ վերաօծվեց Սրբոց Վարդան եկեղեցին: Հայ Եկեղեցու օծման կարգով Վիրահայոց թեմի Առաջնորդի հանդիսապետությամբ և Դիլիսկայի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Արժ. Տեր Տիգրան քահանա Մխիթարյանի ու Գանձայի Սուրբ Կարապետ եկեղեցու հոգևոր հովիվ Արժ. Տեր Գևորգ քահանա Ասատրյանի ընկերակցությամբ կատարվեց եկեղեցու դռնբացեքի արարողությունը: Սուրբ մյուռոնով օծվեցին եկեղեցու 16 սյուները, մկրտության ավազանը, պատկերները, որոնք վերածվեցին սրբապատկերի: Նորաօծ եկեղեցում անդրանիկ Սբ Պատարագը մատուցեց Նինոծմինդայի Սուրբ Սարգիս եկեղեցու և շրջանի համայնքների հոգևոր հովիվ Արժ. Տեր Արմաշ քհն. Պողոսյանը:

Սբ Պատարագի ավարտին եկեղեցու բակում կատարվեց խաչքարի օծում, որը նվիրված է Սարդարապատի հերոսամարտի և Հայոց պետականության վերականգնման 100-ամյակին: Եկեղեցու վերաօծման արարողությանը ներկա էին տեղական իշխանության ներկայացուցիչներ, Հայաստանի, Վրաստանի և Ռուսաստանի Դաշնության տարբեր շրջաններից ժամանած հյուրեր և ուխտավորներ[13]:

 

Վիրահայոց թեմ 

Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն



[1] Ս. Կարապետյան, Ջավախք, Երևան, 2006, էջ 166:

[2] ՀԱԱ, ֆ. 53, ց. 2, գ. 5540-5543; 5548-5552; 5557-5561:

[3] ՀԱԱ, ֆ. 53, ց. 2, գ. 5544-5547; 5553-5556; 5562-5572:

[4] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 457, թ. 60; գ. 3800, թ. 4:

[5] Նույն տեղում, գ. 457, թ. 60:

[6] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3830, թ. 37 շրջ.-38:

[7] «Արձագանք», 1885, N 3, էջ 41:

[8] ՀԱԱ, ֆ. 56, ց. 15, գ. 795 /մաս 3/, թ. 239 շրջ.-240:

[9] Ա. Դավթյան, Հայկական և հայախառը բնակավայրերը Վրաստանում, Երևան, 1997, էջ 110:

[10] Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն:

   Վիրահայոց թեմ:

[11] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3977, թ. 54 շրջ.-55:

[12] Վիրահայոց թեմի մամլո դիվան:

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են