ՄԵԾ ԱՐԱԳՅԱԼ - ՍՈՒՐԲ ԽԱՉ ԵԿԵՂԵՑԻ
ՀԻՄՆԱԴՐՎԵԼ Է 1830-ԱԿԱՆ ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ:
Եկեղեցու հիմնադրումը. Նինոծմինդայից 8 կմ հյուսիս-արևելք գտնվող Մեծ Արագյալ գյուղի Սուրբ Խաչ եկեղեցին հիմնադրվել է 19-րդ դարի 30-ական թվականներին: Եկեղեցու անունը հիշատակվում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վրաստանի և Իմերեթի թեմի 1839-1840 թվականների տեղեկագրում: Դպիրներ են հիշատակվում Հարություն Տեր-Հովհաննիսյանը, Առաքել Դանիելյանը[1]: Հիշյալ թվականներին եկեղեցու ծխականների թիվը կազմել է 149-ը[2]: 1860-ական թվականներին եկեղեցին հիշատակվում է որպես փայտաշեն կառույց[3], 1880-ական թվականներին, ինչպես թեմի մի շարք գյուղերի եկեղեցիները, քարաշեն, փայտածածկ[4]: 20-րդ դարի սկզբին եկեղեցու տարեկան եկամուտը կազմել է 41 ռ. 34 կ. արծաթով[5]:
Մեծ Արագյալ գյուղում պահպանվել են նաև 13-14-րդ դարերով թվագրվող «Ծերունի» անվամբ հայտնի ավերակ եկեղեցու մնացորդները[6]:
Ճարտարապետություն. Սուրբ Խաչ եկեղեցին 3 սյուների վրա հենվող քարաշեն, փայտածածկ կառույց է: Կառուցված է տուֆից՝ բացառությամբ հյուսիսային պատի, որը կառուցված է համակ սրբատաշ քարով: Եկեղեցին իրենից ներկայացնում է երկգմբեթավոր, վեհատեսիլ շինություն: Արտաքին չափսերն են 13,61x9,15 մ: Հարավային ճակատին առկա են նորոգման հետքեր[7]:
Ծխատեր քահանաներ. Համաձայն Մեծ Արագյալ գյուղի Սուրբ Խաչ եկեղեցու չափաբերական մատյանների` եկեղեցու քահանաներից են եղել Ստեփանոս քհն. Տեր-Ստեփանոսյանը[8], Բարսեղ քհն. Տեր-Հովհաննիսյանը[9]:
Դպրոց. Վրաստանի և Իմերեթի թեմի 1869 թվականի դպրոցների տեղեկագրի համաձայն՝ գյուղի եկեղեցա-ծխական դպրոցը, ի թիվս, շրջանի մի շարք գյուղերի դպրոցների, բացվել է 1864 թվականին, տեղի բնակիչների միջոցներով: 1869 թվականի դրությամբ ունեցել է 22 սովորող, 1 ուսուցիչ[10]: 1870-ական թվականներին ուսուցիչ է հիշատակվում Մելքոն Մանուկյանը[11]:
Եկեղեցու վերանորոգություն և վերաօծում. Եկեղեցին վերակառուցվել է 2014-2015 թվականներին: 2015 թվականի հոկտեմբերի 12-ին, իր դռները բացեց բարերարներ Արթուր և Աիդա Իսոյանների կողմից հիմնովին վերակառուցված, 1830 թվականին հիմնադրված «Սուրբ Խաչ» եկեղեցին, բարեկարգված բակով և տարածքով: Եկեղեցին վերակառուցվել է ճարտարապետ Ազատ Մղդեսյանի նախագծով, դիզայնի հեղինակն է Արմեն Ղուկասյանը, քանդակագործությունը պատկանում է Գևորգ Մնացականյանին: Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի ձեռամբ, նորովի վերակառուցված եկեղեցում կատարվեց դռնբացեքի արարողություն: Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 13-ին, Վիրահայոց թեմի առաջնորդի նախագահությամբ և Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանի, տարածաշրջանի հոգևոր դասի մասնակցությամբ կատարվեց հինավուրց «Սուրբ Խաչ» եկեղեցու վերաօծման կարգը: Սուրբ Խաչ եկեղեցում անդրանիկ Սուրբ Պատարագը մատուցեց Նինոծմինդայի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Արմաշ քահանա Պողոսյանը[12]:
Վիրահայոց թեմ
Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն
[1] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 457, թ. 58:
[2] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3800, թ. 4:
[3] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3848, թ. 74:
[4] «Արձագանք», 1885, N 3, էջ 41:
[5] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3912, մաս 1, թ. 112-ի շրջ.-113:
[6] Ս. Կարապետյան, Ջավախք, Երևան, 2006, էջ 371:
[7] Ս. Կարապետյան, նույն տեղում:
[8] ՀԱԱ, ֆ. 53, ց. 2, գ. 813, թ. 2:
[9] ՀԱԱ, ֆ. 53, ց. 2, գ. 810, թ. 2; գ. 840, թ. 2:
[10] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3977, թ. 54-ի շրջ.-55:
[11] ՀԱԱ, ֆ. 56, ց. 15, գ. 52, թ. 43-ի շրջ.-44:
[12] http://armenianchurch.ge/hy/lurer?start=435: Վիրահայոց Թեմի Մամլո Դիվան: