Материалы

ԳՈՐԾՈՂ ԵԿԵՂԵՑԻՆԵՐ և ՄԱՏՈՒՌՆԵՐ

ՍՈՒԼԴԱ -ՍՈՒՐԲ ԽԱՉ ԵԿԵՂԵՑԻ

2 sulda-surb xach-1ԿԱՌՈՒՑՎԵԼ Է 1830-ԱԿԱՆՆԵՐԻՆ:

Եկեղեցու հիմնադրում և վերանորոգություններ. Սուլդա գյուղի Սուրբ Խաչ եկեղեցին կառուցվել է 19-րդ դարի 30-ական թվականներին: Եկեղեցու վերաբերյալ հիշատակություններ են պահպանվել 1839-1840-ական թվականների Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վրաստանի և Իմերեթի թեմի եկեղեցիների և հոգևորականների տեղեկագրում: Քահանա է հիշատակվում Տեր Սիմեոն Տեր-Հովհաննիսյանը[1]: 1853 թվականին եկեղեցին վերակառուցվել է և վերաօծվել: Շինարարության մեջ օգտագործվել են նաև Հոկամ և Կաշ գյուղերի միջև գտնվող ավեր շինության սրբատաշ քարերը[2]: 1866 թվականի դրությամբ եկեղեցին փայտաշեն էր[3], 1885 թվականին`քարաշեն, փայտածածկ[4]:

Ճարտարապետություն. Եկեղեցին կառուցված է խառը տեսակի տուֆից և պատկանում է երկթեք դահլիճի տիպին: Ընդհանուր չափսերն են 19,01x10,87մ: Եկեղեցու չորս ճակատամասերին բացված են կամարակապ պատուհաններ: Մուտքը արևմտյան կողմից է: Արևմտյան պատին կից 4 սյուներով սյունասրահ է, որի վրա վեցանիստ զանգակատունն է: Եկեղեցու ծածկը կամարաձև է և երեսապատած է թիթեղով: Ներքին տարածքում պատերը սվաղած են ու ներկած: Դահլիճը կամարակապ սյուներով բաժանված է երեք նավերի: Արևելյան մասում խորանն է՝ աջ ու ձախ կողմերում գտնվող ավանդատներով: Մկրտության 1 Sulda Surb Xachավազանը հյուսիսային պատին[5] է:

Սբ. Գևորգ մատուռ. Սուլդա գյուղի հարավային եզրի բլրի գագաթին է գտնվում Սուրբ Գևորգ մատուռը: Մատուռը միանավ հորինվածքով, սրբատաշ, մեծաչափ քարով, կրաշաղախով կառուցված շինություն է: Պահպանված բարձրությունը հազիվ 2 մ է, արտաքին չափսերը՝ 6,9x4,8 մ: Շինարվեստն ու կառուցողական առանձնահատկությունները հնաոճ են, բնորոշ` Թ-Ժ դարերին[6]:

Ծխատեր քահանաներ. Սուրբ Խաչ եկեղեցու քահանաներից են եղել Մկրտիչ քհն. Մալխասյանցը, Սարգիս քհն. Ֆարմանյանը[7]: Քահանայագործել են 1860-1880-ական թվականներին:

Դպրոց. 1869 թվականի Վրաստանի և Իմերեթի թեմի դպրոցների տեղեկագրի հաղորդած տվյալների համաձայն` Սուլդա գյուղը դպրոցի համար հատուկ շենք չի ունեցել[8]: 1875 թվականի տեղեկագրում նշվում է, որ ունի մեկ նախակրթարան: Ուսուցիչ է հիշատակվում Մատթևոս Հովհաննիսյանցը[9]: Սուլդան Ախալքալաքի այն քիչ գյուղերից է, որ կարողացել է ավարտին հասցնել դպրոցական շենքի կառուցումը: Մեծ է եղել տեղի բնակիչ Հովհաննես Մալխասյանցի ներդրումը: Նորակառույց դպրոցը բացվել է 1917 թվականին[10]:

Գերեզմանատուն. Սուրբ Խաչ եկեղեցու արևելյան կողմում է տարածվում գյուղի երկու գերեզմանոցներից մեկը:

Եկեղեցու վերաօծում. 2016 թվականի հոկտեմբերի 22-ին Սուլդա գյուղում տեղի ունեցավ Սուրբ Խաչ եկեղեցու վերաօծման արարողությունը՝ ձեռամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, մասնակցությամբ Սամցխե- Ջավախքի և Ծալկայի ընդհանուր2 Sulda Surb Xach առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանի: Եկեղեցու վերաօծման հանդիսավոր արարողությանը ներկա էին Վրաց Ուղղափառ Եկեղեցու Ախալքալաքի և Կումուրդոյի առաջնորդ Նիկոլոզ արքեպիսկոպոս Փաճուաշվիլին, բարձրաստիճան պաշտոնյաներ Հայաստանից և Վրաստանից:

Եկեղեցին վերականգնվել է ծագումով Սուլդայից, բայց այժմ ռուսաստանաբնակ Հրազդան Առաքելյանի հովանավորությամբ և մի խումբ համագյուղացիների նյութական օժանդակությամբ: Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը Սրբալույս Մյուռոնով կատարեց եկեղեցու Սուրբ Սեղանի, 16 սյուների, ավագ դռան և մկրտության ավազանի օծումը: Հավարտ եկեղեցու վերաօծման կարգի, եկեղեցու բարերար Հրազդան Առաքելյանին Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը հանձնեց Օրհնության գիր և հուշանվեր: Այնուհետև Սուլդայի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Տիգրան քահանա Մխիթարյանը մատուցեց եկեղեցու անդրանիկ Սուրբ Պատարագը[11]:

 

Վիրահայոց թեմ

Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն



[1]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 457, թ. 54-ի շրջ.:

[2]ՀԱԱ, ֆ. 56, ց. 1, գ. 3352, թ. 4-5:

[3] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3848, թ. 74:

[4]«Արձագանք», 1885, N 3, էջ 41:

[5]Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն: Վիրահայոց թեմ:

[6]Ս. Կարապետյան, Ջավախք, Երևան, 2006, էջ 462:

[7]ՀԱԱ, ֆ. 53, ց. 2, գ. 5209, թ. 2; գ. 5235, թ. 3:

[8]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3977, թ. 53-ի շրջ.-54:

[9]ՀԱԱ, ֆ. 56, ց. 15, գ. 52, թ. 44:

[10]Ս. Կարապետյան, Ջավախք, Երևան, 2006, էջ 459-460:

[11]http://armenianchurch.ge/hy/lurer?start=235, Վիրահայոց թեմի մամլո դիվան

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են