Материалы

ԳՈՐԾՈՂ ԵԿԵՂԵՑԻՆԵՐ և ՄԱՏՈՒՌՆԵՐ

ՇԱՀՈՒՄՅԱՆ, ՄԵԾ ՇՈՒԼԱՎԵՐ - ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ

4 shaumiani-surb astvatsatsinis eklesiaՀԻՄՆԱԴՐՎԵԼ Է 19-ՐԴ ԴԱՐԻ ԱՌԱՋԻՆ ԿԵՍԻՆ

ԵԿԵՂԵՑՈՒ ՀԻՄՆՕՐՀՆԵՔԸ ԿԱՏԱՐՎԵԼ Է 1844 Թ.:

Եկեղեցու հիմնադրումը և վերանորոգություններ. Քվեմո-Քարթլի մարզի Մառնեուլիի շրջանի Մեծ Շուլավեր գյուղի Զագամեցոց կոչված թաղում գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցու հիմնադրման ստույգ տարեթիվը հայտնի չէ: Պետք է նշել, որ համանուն եկեղեցու տեղում գտնվել է միջնադարից ավանդված կիսավեր եկեղեցի[1]: 1841-1842 թվականների դրությամբ պատրաստ էր նոր կառուցվելիք եկեղեցու պլանը և ֆասադը[2], իսկ արդեն 1844 թվականին թեմակալ առաջնորդ Սարգիս արքեպս. Ջալալյանցի ձեռամբ իրականացվեց նորակառույց եկեղեցու հիմնօրհնեքը[3]:

Հետագայում եկեղեցին բազմիցս ենթարկվեց վերանորոգումների: Մասնավորապես, հիմնանորոգման աշխատանքներ են ընթացել 1862-1864 թվականներին: Այդ վկայող արձանագրությունները պահպանվել են եկեղեցու հյուսիսային մուտքի բարավորին: 1879 թվականի դրությամբ, վթարային վիճակում էր հյուսիսային մուտքին կից գտնվող զանգակատունը[4], որի կառուցման աշխատանքներն ընթացան 1887 թվականին[5]: 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին ևս իրականացվել են վերանորոգման աշխատանքներ[6]: 1913 թվականին Սուրբ Աստվածածին եկեղեցին դարձյալ հիմնանորոգման կարիք ուներ, ուստի տեղի հասարակության և հոգևոր պաշտոյաների աջակցությամբ քայլեր են ձեռնարկվում այդ ուղղությամբ: 1916 թվականին հաջողվում է վերանորոգել եկեղեցու տանիքը և ներքին պատերը[7]:3 Shaumiani Surb Astvatsatsin

Եկեղեցին խորհրդային տարիներին. Սուրբ Աստվածածին եկեղեցին գործել է մինչև 1920-ական թվականները: 1923 թվականին հաստատվել է եկեղեցու նորընտիր հոգաբարձության կազմը[8]: Այնուհետև այն փակվել և վերածվել է պահեստի: 1989-1990 թվականներին շուլավերցիները ձեռնարկել են եկեղեցու վերանորոգման աշխատանքներ: 1998 թվականին թեմակալ առաջնորդ Գևորգ արքեպս. Սերայդարյանը Սուրբ Աստվածածին եկեղեցու ծառայող է նշանակել Վահան Ասլամազյանին[9]:

Ճարտարապետություն. Սուրբ Աստվածածին եկեղեցին անմշակ քարով, կրաշաղախով կառուցված, երեք զույգ սյուներով շինություն է: Ժամանակակիցների կողմից այն բնութագրվել է որպես հնաշեն, կամարակապ կառույց[10]: Սյուներն ու թաղակիր կամարները սրբատաշ են: Ունի երկու մուտք՝ հյուսիսից և արևմուտքից: Նորոգումների արդյունքում ավելացվել է նաև կարմիր տուֆից վեղարաձև թմբուկ: Արևմտյան ճակտոնի գագաթին զանգակատունն է: Արտաքին չափսերն են 18,30 × 11,00 մ[11]:

Եկեղեցու տնտեսական դրություն. 1857-1860 թվականների թեմի եկեղեցիների տեղեկագրի համաձայն՝ Սուրբ Աստվածածին եկեղեցու մայր գումարը կազմել է մոտ 551 ռ. 89 կ. արծաթով[12]: Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վրաստանի և Իմերեթի թեմի կոնսիստորիայի ֆոնդում պահպանվում են նաև Սուրբ Աստվածածին եկեղեցու տնտեսական գործունեության վերաբերյալ արխիվային այլ վավերագրեր ևս: Համաձայն դրանց՝ եկեղեցին 1886 թվականի դրությամբ, զանազան եկեղեցական իրերից զատ ունեցել է նաև երկու խանութ և ուսումնարանի շինության 2 Shahumiani Surb Astvatsatsinհամար նախատեսված կից հողատարածք [13]:

Ծխատեր քահանաներ. Ի տարբերություն մյուս գյուղերի՝ Մեծ Շուլավերում իր մեծության պատճառով հովվել են միանգամից մի քանի քահանաներ: Գյուղի ծխական քահանաներից են եղել Մովսես քհն. Տեր-Գրիգորյանը, Պողոս ավագ քհն. Իսահակյանը, Հովհաննես քհն. Մարտիրոսյանը, Իսահակ քհն. Ավետիսյանը, Մկրտիչ քհն. Տեր-Եղիազարյանցը[14]:

Դպրոց. Գյուղն ունեցել է ինչպես արական, այնպես էլ իգական ծխական ուսումնարան: 1890-ական թվականներին եկեղեցուն կից հողատարածքում կառուցվել է երկհարկանի ուսումնարան[15]: 1893 թվականին տեղի բնակիչ Սիմեոն Պառավյանի միջոցներով կառուցվել է նաև Գայանյան-Պառավյան օրիորդական ուսումնարանը[16]:

Այլ եկեղեցիներ և մատուռներ: Գյուղի մյուս՝ Սբ Պողոս-Պետրոս (Մեսրոպ) եկեղեցին, գտնվում է Ղարամուրադ թաղում: Եկեղեցու շինարարությունը սկսվել է 1839 թվականին, սակայն ընդհատվել է[17]: Այդ աշխատանքները վերսկսվել են միայն 1844 թվականին: 1885 թվականի դրությամբ եկեղեցու կառուցման աշխատանքները, անհրաժեշտ միջոցների բացակայության պատճառով, դեռևս ավարտուն տեսք չունեին[18]: Եկեղեցու կառուցումն ավարտվեց միայն 1887 թվականին:1 Shahumiani Surb Astvatsatsin

Գյուղի հարավ-արևելյան կողմում` բլրի վրա, եղել են նաև Սուրբ Սարգիս անվամբ ուխտատեղի և Սուրբ Կիրակի կոչված մատուռ: Հարավ-արևմտյան կողմում գտնվել է Սիպտակշեն կոչված հին գյուղատեղին, որի մոտակայքում եղել է մի մատուռ և գերեզմանոց: Տապանաքարերին առկա են եղել նաև արձանագրություններ[19]:

Եկեղեցու վերաօծումը. 2013 թվականի դեկտեմբերի 21-ին, ձեռամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի և մասնակցությամբ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանի և հոգևոր դասի ներկայացուցիչների, օծվեց Մառնեուլի շրջանի Շահումյան ավանի Սուրբ Աստվածածին եկեղեցին: Տասնամյակների ընթացքում անմխիթար վիճակում հայտնված եկեղեցու վերանորոգությունը նախաձեռնեց և կազմակերպեց Վիրահայոց թեմը՝ Հրաչ և Վիտալի Մանասյանների և Միքայել Արաբաջյանի բարերարությամբ: Եկեղեցու օծումից հետո Տեր Հուսիկ քահանա Հարությունյանի կողմից մատուցվեց անդրանիկ Սուրբ Պատարագ:

Շահումյան ավանում բացի հայերից բնակվում են նաև ադրբեջանցիներ, վրացիներ, ռուսներ, հույներ, ուստի տեղի հայերի համար կարևոր էր ոչ միայն սեփական աղոթատեղի ունենալը, այլև մկրտվելու, պսակ անելու, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոններով և ազգային ավանդույթներով ապրելու հնարավորություն ստանալը[20]:

 

Վիրահայոց թեմ 

Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն



[1] Ս․Ասլանյան, Ս․Կարապետյան <<Շուլավեր>>, Երևան, 2002, էջ 34:

[2] ՀԱԱ, ֆ. 56, ց. 1, գ. 1055, թ. 1 և շրջ., 4:

[3] Տես՝ նույն տեղում, էջ 35:

[4] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 2906, թ. 5 և շրջ.:

[5] ՀԱԱ, ֆ. 53, նույն տեղում, թ. 22 և շրջ.:

[6] Տես՝ նույն տեղում, էջ 37:

[7] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3452, թ. 1, 9

[8] ՀԱԱ, ֆ. 53, նույն տեղում, թ. 24-25 և շրջ.:

[9] «Վրաստան», 1998, N 81-82, 10 հոկտեմբերի, էջ 8:

[10] «Արձագանք», 1884, N 42, էջ 612:

[11] Տես՝ նույն տեղում, էջ 38:

[12] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3830, թ. 21-ի շրջ.-22:

[13] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 2906, թ. 18:

[14] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3850, թթ. 5-ի շրջ.-14:

[15] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3452, թ. 53:

[16] ՀԱԱ, ֆ. 53, նույն տեղում, թ. 102:

[17] Տես՝ նույն տեղում, էջ 39:

[18] «Արձագանք», 1884, N 42, էջ 612-613:

[19] «Արձագանք»,նույն տեղում:

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են