Материалы

ԳՈՐԾՈՂ ԵԿԵՂԵՑԻՆԵՐ և ՄԱՏՈՒՌՆԵՐ

ՍԱԹԽԱ - ՍՈՒՐԲ ՄԵԾՆ ՆԵՐՍԵՍ ԵԿԵՂԵՑԻ

satxa-surb metsn nersesis eklesiaՀԻՄՆԱԴՐՎԵԼ Է 1869 ԹՎԱԿԱՆԻՆ:

Եկեղեցու հիմնադրումը. Ախալքալաքից 18 կմ հարավ-արևելք գտնվող Սաթխա գյուղի Սբ. Մեծն Ներսես Հայրապետ եկեղեցին կառուցվել է 1869 թվականին գյուղում գտնված Սբ. Աստվածածին հին եկեղեցուն կից` հարավային կողմից: Նոր եկեղեցու անհրաժեշտությունը պայմանավորված էր բնակչության քանակի աճով[1]: 1885 թվականի «Արձագանք» թերթի տվյալներով, Սաթխայի նոր եկեղեցին նման էր հին եկեղեցուն, սակայն ավելի ընդարձակ էր[2]: 1903 թվականին այն ենթարկվում է վերանորոգման տեղի հասարակության միջոցներով[3]: 1905 թվականին եկեղեցու եկամուտը կազմում էր 96 ռ. 26 կ. արծաթով[4]:

Վերոնշյալ Սուրբ Աստվածածին անվամբ հայտնի հին եկեղեցին դեռևս գոյություն ուներ միջնադարից, որը Սուրբ Աստվածածին անվամբ հիշատակվում է թեմի եկեղեցիների 1840 թվականի տեղեկագրում[5]: Եկեղեցու քահանա է հիշատակվում Տեր-Գևորգ Հարությունյանը, դպիր` 2 Sarxa Surb Metsn NersesՍտեփանոս Տեր-Զաքարյանը[6]:

Ճարտարապետություն. Եկեղեցու արտաքին չափսերն են 22.75 x 13,95 մ: Գմբեթավոր է, կառուցված է անմշակ, սրբատաշ քարով և կրաշաղախով[7]:

Ծխատեր քահանաներ. Համաձայն Սաթխա գյուղի Սուրբ Ներսես եկեղեցու չափաբերական մատյանների` եկեղեցու քահանաներից են եղել Ստեփանոս քհն. Տեր-Ստեփանոսյանը, Գրիգոր Տեր-Գևորգյանը[8]:

Դպրոց. Թեմի դպրոցների տեղեկագրի համաձայն` գյուղի եկեղեցա-ծխական դպրոցը բացվել է 1864 թվականին` հասարակության միջոցներով: 1869 թվականի դրությամբ ունեցել է 86 սովորող[9]: 1875 թվականի տեղեկագրի համաձայն՝ գյուղի նախակրթարանը գտնվել է եկեղեցու գավթում: Ուսուցիչ է հիշատակվում Եղիշե Տեր-Ստեփանոսյանը[10]:

Եկեղեցու վերանորոգություն. Սաթխայի Սուրբ Մեծն Ներսես եկեղեցին վերջին անգամ վերանորոգվել է 1994 թվականին, սաթխայաբնակ Արտյուշ Սանոսյանի նախաձեռնությամբ 1 Satxa Surb Metsn Nersesկազմակերպված ժողովրդական հանգանակությամբ: Վերանորոգման ժամանակ թիթեղապատվել է եկեղեցու տանիքը և գմբեթը, մաքրվել ու հարդարվել եկեղեցու սրահը:

Եկեղեցու վերանորոգման ժամանակ դռան շեմքի տակ հայտնաբերվել է գյուղի հյուսիս-արևելյան կողմում գտնվող 7 բլուրների վրա կառուցված ամրոցի հիմնադրման վերաբերյալ արձանագրություն՝ թվագրված (ԹՌՃԷ) 1658 թվականով[11]։

Ավելի ուշ, ծնունդով սաթխացի Մկոյան և Սանոսյան ընտանիքների ներկայացուցիչների նյութական միջոցներով հիմնանորոգվել է եկեղեցին։ 2002 թվականի դեկտեմբերի 15-ին ձեռամբ Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանի և մասնակցությամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օծվել է Սուրբ Ներսես Մեծ Հայրապետի անունը կրող եկեղեցին։

 

Վիրահայոց թեմ

Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն



[1] Ս. Կարապետյան, Ջավախք, Երևան, 2006, էջ 438:

[2] Արաձագանք, 1885, N 3 , էջ 41:

[3] Ս. Կարապետյան, նույն տեղում:

[4] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3912, մաս 1, թ. 112-ի շրջ.-113:

[5] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3800, թ. 4:

[6] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 457, թ. 58-ի շրջ.-59:

[7] Ս. Կարապետյան, նույն տեղում:

[8] ՀԱԱ, ֆ. 53, ց. 2, գ. 5003, թ. 2:

[9] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3977, թ. 54-ի շրջ.-55:

[10] ՀԱԱ, ֆ. 56, ց. 15, գ. 52, թ. 43-ի շրջ.-44:

[11] Ե. Լալայան, Երկեր, հ.1,Երևան 1983, էջ 61:

 

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են