ԱԽԱԼՔԱԼԱՔԻ ՇՐՋԱՆԻ ԿՈՐԽ ԳՅՈՒՂԻ ՍԲ. ՍՏԵՓԱՆՈՍ ԵԿԵՂԵՑԻ
Ախալքալաքի շրջանի Կորխի Սբ. Ստեփանոս (Սբ. Գրիգոր Լուսավորիչ) եկեղեցին, ամենայն հավանականությամբ, Կորխում հաստատված կարնեցի հայ գաղթականներն են կառուցել հնի տեղում և դա եղել է քարաշեն, փայտածածկ եկեղեցի: Այն հիշատակվում է 1839 թվականին Սբ. Գրիգոր Լուսավորիչ, իսկ 1840 թվականին՝ Սբ. Ստեփանոս անվամբ: Այստեղից հետևում է, որ 1839-40 թթ. միջակայքում կատարվել են եկեղեցու կառուցման կամ նորոգման աշխատանքներ: Սակայն շուտով խիստ սուղ միջոցներով կառուցված այդ եկեղեցին հիմնավորապես վերաշինելու կարիք է զգացվել:
Ուշագրավ է, որ նոր եկեղեցին կորխեցիները կառուցել են առանց հոգևոր իշխանության գիտության և միայն ավարտից հետո՝ 1848 թվականին դիմել են օծման խնդրանքով:
Հնի տեղում կառուցված հիշյալ նոր եկեղեցին նկարագրվել է այսպես. «...կառուցեալ են զփայտաշեն միջասահման եկեղեցիս, որոց որմունքն են քարեաէ և ծածկքն փայտեայ...»:
1884 թվականին եկեղեցին արդեն ենթակա էր նորոգման:
Հավանաբար հենց այս շրջանում կատարված նորոգության մասին է պատմում հարավային ճակատի արևելյան անկյունաքարին պահպանված արձանագրությունը.
ԿՈՐԽ. Սբ. Ստեփանոս եկեղեցու նորոգության մասին հետքեր. Պատմող արձանագրությունը (1890թ.), սրբատեղի և վաղ միջնադարյան եկեղեցու քիվաբեկոր արբատեղի-մատուռի պատի մեջ:
Արձանագրություն, 2 տող.
ԱՅՍ ԵՐԵԿ ՊԱՏԻ ՄԻԴԻՍԸ ԱԲՐԵԱՄ ԱՎԱՔԵԱՆՑԻ ԻՇԱՏ(Ա) Է , 1890 -ԻՆ:
Հրատ. Առաջին անգամ:
Ցայժմ Սբ. Ստեփանոս եկեղեցին կանգուն է, բայց ոչ միայն քայքայված, այլև վթարային դրության մեջ էր գտնվում:
Գյուղի գերեզմանատան հին մասում նկատելի էին հիմնավեր եկեղեցու՝ Կորխի Սբ. Ստեփանոս եկեղեցու նորոգության մասին հետքեր:
Կորխի Սուրբ Ստեփանոս եկեղեցու վերակառուցման աշխատանքները մեկնարկեցին 2019 թվականից: Այն օծվել է 2022 թվականի հոկտեմբերի 29-ին, ձեռամբ Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանի: Ներկա են գտնվել Տեր Կիրակոս, այն ժամանակ վարդապետ, Դավթյանը, Տեր Նշան վարդապետ Հմայակյանը, Տեր Զավեն վարդապետ Յազիչյանը, Տեր Նարեկ քահանա Տիգրանյանը, Տեր Վիրապ քահանա Ղազարյանը, Էջմիածնի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մկրտիչ քահանա Մուշադյանը:
Եկեղեցին վերակառուցվել է դրսում ապրող կորխեցիների նվիրատվությամբ: