Материалы

ԳՈՐԾՈՂ ԵԿԵՂԵՑԻՆԵՐ և ՄԱՏՈՒՌՆԵՐ

ԲԱԼԽՈ - ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԵԿԵՂԵՑԻ

44148922 307827906683373 3358713117516234752 n

ՀԻՄՆԱԴՐՎԵԼ Է 19-ՐԴ ԴԱՐԻ ԱՌԱՋԻՆ ԿԵՍԻՆ:

Եկեղեցու կառուցում. Բալխո գյուղի եկեղեցին հիմնադրվել է 19-րդ դարի 30-ական թվականներին, գյուղի բնակիչների նախաձեռնությամբ: Սուրբ Հարություն անվամբ եկեղեցին հիշատակված է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վրաստանի և Իմերեթի թեմի եկեղեցիների 1839-1840-ական թվականների ցանկում[1]: 1868 թվականի վերանորոգման առթիվ եկեղեցու արևմտյան կողմից բացված մուտքի բարավորին արված շինարարական արձանագրու­թյունում այն հիշատակվում է Սուրբ Հարություն անվամբ[2], իսկ ահա, 1869 թվականից սկսած, արխիվային վավերագրերում հիշատակվում է Սուրբ Սահակ Պարթև անվամբ[3]:

1868 թվականին Մինաս քհն. Մկրտչյանի գլխավորությամբ իրականացվել են հին եկեղեցու տեղում նոր եկեղեցու շինարարության աշխատանքները: Հետագայում`1898 թվականին, կառուցվել է եկեղեցու պարիսպը: Պահպանվել են նաև դա փաստող համապատասխան շինարարական արձանագրությունները[4]: Վերակառուցումից հետո եկեղեցին օծվել և հետագայում հիշատակվել է Սուրբ Հարություն անունով:

Ճարտարապետություն. Եկեղեցին կառուցված է կարմիր տուֆից: Պատկանում է երկթեք սրահի տիպին: Ընդհանուր չափսերն են` 17,1x9,50մ: Որպես եկեղեցու գեղարվեստական-դեկորատիվ միջոց, գործածվել են կոմպոզիցիոն դեկորատիվ որմնասյուներ: Հարավային և հյուսիսային պատերին բացված են քառանկյուն, իսկ արևմտյան և արևելյան պատերին՝ կիսաշրջանաձև պատուհաններ: Մուտքը արևմտյան կողմից է: Արևմտյան ճակատին քանդակված է խաչ, որի ներքևում երկշարք հայերեն գրություն կա: Տանիքի արևմտյան կողմից կառուցված է զանգակատունը: Երկթեք տանիքը երեսապատված է թիթեղով: Սրահը բաժանված է 44082463նավերի, որոնք միմյանց են կապվում կամարներով: Արևելյան մասում խորանն է, որի աջ և ձախ կողմերում ավանդատներն են: Հյուսիսային պատին մկրտության ավազանն է[5]:

Ծխատեր քահանաներ. 1830-1870-ական թվականներին Սուրբ Հարություն (Սահակ Պարթև) եկեղեցում քահանայագործել է Մինաս քհն. Մկրտչյանը[6]:

Դպրոց. Գյուղի եկեղեցական ծխական դպրոցի վերաբերյալ արխիվային վավերագրերը տեղեկություններ են հաղորդում՝ սկսած 1860-ական թվականներից: Համաձայն 1865 թվականի Ախալքալաքի և Ծալկայի դպրոցների վիճակի տեղեկագրի` աշակերտների թիվը տվյալ պահին եղել է 21[7]:

Եկեղեցին խորհրդային տարիներին. Եկեղեցին խորհրդային տարիներին, կորցնելով իր գործառույթները, վերածվել էր կոլտնտեսության պահեստի, իսկ հետխորհրդային շրջանում մատնվել անուշադրության: Աղոթազուրկ և անխնամ մնացած եկեղեցին հետագայում մասնակի վերանորոգվել է գյուղի արժանավոր զավակների բարերարությամբ: 2004 թվականին, եկեղեցու առաջին մասնակի վերանորոգումից հետո, Սամցխե-Ջավախքի և Ծալկայի փոխառաջնորդ հոգեշնորհ Տեր Բաբգէն աբեղա Սալբիյանի կողմից կատարվեց եկեղեցու օրհնության կարգ, և տաճարը դարձավ Վիրահայոց Թեմի գործող եկեղեցիներից մեկը[8]:

Եկեղեցու վերանորոգություն և վերաօծում. 2018 թվականի օգոստոսի 25-ին տեղի ունեցավ Բալխո գյուղի Սուրբ Հարություն եկեղեցու վերաօծման հանդիսավոր արարողությունը: Այն վերանորոգվեց գյուղի արժանավոր զավակ, ռուսաստանաբնակ Մեսրոպ Մովսիսյանի բարերարությամբ:

Եկեղեցին վերաօծվեց Վիրահայոց թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի ձեռամբ և Արժանապատիվ Քահանա Հայրեր Տեր Տաթև Մարուքյանի, Տեր Թադեոս Տեր-Մկրտչյանի ու Տեր Տիգրան Մխիթարյանի մասնակցությամբ: Դռնբացեքի արարողությունից հետո Սրբասուրբ մյուռոնով օծվեցին Սուրբ Հարություն եկեղեցու Սուրբ Սեղանը, Մկրտության ավազանը և 16 սյուները:

Վերակառուցված և վերաօծված եկեղեցում անդրանիկ Սուրբ և Անմահ Պատարագը մատուցեց Արակովայի «Սուրբ Գևորգ» եկեղեցու ու հարակից գյուղերի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Թադևոս քահանա Տեր-Մկրտչյանը[9]:


[1] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 457. թ. 50:

[2]Ս. Կարապետյան, Ջավախք, Երևան, 2006, էջ 94:

[3]ՀԱԱ, ֆ. 53, ց.1, գ. 3856, թ. 9:

[4]Ս. Կարապետյան, նույն տեղում:

[5]Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն: Վիրահայոց թեմ:

[6]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 457, նույն տեղում, գ. 3868, թ.17:

[7]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3848, թ. 2-ի շրջ.:

[8]Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո դիվան:

[9] Վիրահայոց թեմի մամլո դիվան:

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են