Материалы

ԳՈՐԾՈՂ ԵԿԵՂԵՑԻՆԵՐ և ՄԱՏՈՒՌՆԵՐ

ՏԱԲԱԾՂՈՒՐԻ - ՍՈՒՐԲ ԿԱՐԱՊԵՏ ԵԿԵՂԵՑԻ

2 borjomi-tabatsyuri-surb karapetՀԻՄՆԱԴՐՎԵԼ Է 19-ՐԴ ԴԱՐԻ ԱՌԱՋԻՆ ԿԵՍԻՆ:

Եկեղեցու հիմնադրումը. Ախալքալաքից 30 կմ հյուսիս-արևելք գտնվող Տաբածղուր գյուղի Սուրբ Կարապետ եկեղեցու հիմնադրման ստույգ տարեթիվը հայտնի չէ: 1884 թվականին եկեղեցին հիշատակվում է որպես քարաշեն, փայտածածկ կառույց[1]: Հավանաբար կառուցվել է 19-րդ դարի 70-ական թվականներին: Ինչպես գավառի մյուս գյուղերի եկեղեցիները, այն ևս մեծապես տուժել է 1899 թվականի դեկտեմբերի 19-ի երկրաշարժից[2]: Ներկայումս կանգուն է:

Այլ եկեղեցիներ. Գյուղից 2.5 կմ հյուսիս՝ հին գյուղատեղիում, պահպանվում են համակ սրբատաշ քարով կառուցված, միանավ հորինվածքով կիսավեր եկեղեցիներ, որոնք թվագրվում են 13-14-րդ դարերով[3]:

Ճարտարապետությունը. Պատկանում է դահլիճային տիպին: Արտաքին չափերն են՝ 16.16×9.10մ: Մուտքը բացված է արևմտյան կողմից: Մուտքի բարավորին առկա է հայերեն արձանագրություն հետևյալ բովանդակությամբ` «ՍՈՒՐԲ ԿԱՐԱՊԵՏ ԵԿԵՂԵՑԻ | ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎԵՑ 2007 | ԲԱՐԵՐԱՐ | ՎԱՐԴԱՆ ԱՅՎԱԶՅԱՆ» (Սուրբ Կարապետ եկեղեցի | վերականգնվել 2007 | բարերար | Վարդան Այվազյան): Ներքին պատերը սվաղած են և ներկած:

Դպրոցը. Գյուղի դպրոցի բացման աշխատանքները սկսվել են 1912 թվականին: Նախաձեռնությունը պատկանել է ուսուցիչ Արշակ Գրիգորյանին և քահանա Արշակ Տեր-Գալստյանին[4]: Շինարարությունն ավարտվել է 1913 թվականին[5]:

Եկեղեցին խորհրդային և հետխորհրդային տարիներին. Խորհրդային տարիներին, մասնավորապես 1930-ական թվականներին, եկեղեցին փակվել և վերածվել է պահեստի: Հետխորհրդային տարիներին համագյուղացիների ջանքերով նախաձեռնվում են եկեղեցու մաքրման և բարեկարգման աշխատանքներ: Հետագայում բարերարների նյութական աջակցությամբ եկեղեցին հիմնանորոգվում է, իսկ 2007 թվականին օրհնվում տեղի հոգևոր հովվի կողմից։

 

Վիրահայոց թեմ 

Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն



[1] «Արձագանք», 1885, N 3, էջ 43:

[2] Ս. Կարապետյան, Ջավախք, Երևան, 2006, էջ 490:

[3] Ս. Կարապետյան, նույն տեղում, էջ 492:

[4] «Հորիզոն», 1912, N 190, էջ 3:

[5] «Հորիզոն», 1913, N 187, էջ 3:

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են