ՓՈՔՐ ԴԱՂԵԹ - ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ
Եկեղեցու հիմնադրումը: Փոքր Դաղեթը կամ Դաղեթ-Խաչենը հայաբնակ գյուղ է Վրաստանի Թեթրիծղարոյի շրջանում՝ շրջկենտրոնից 3 կմ հարավ-արևելք: Գյուղը զբաղվում է հացահատիկային բույսերի մշակությամբ, այգեգործությամբ և անասնապահությամբ։ Այն հիմնադրել են Ղարաբաղի Խաչեն գավառից եկած հայերը՝ 1789 թվականին: Գյուղն իր շրջակայքում ունի գյուղատեղիներ, մատուռներ, գերեզմանոցներ, ինչպես նաև Սուրբ Աստվածածին անվամբ քարաշեն եկեղեցի[1], որը հիմնադրվել է 1863 թվականին կալվածատեր Քանանյանցի միջոցներով: Այդ փաստող շինարարական արձանագրության բովանդակությունն է. «Ի ՀԻՄԱՆԷ ՇԻՆԵԱՑ ԶՏԱՃԱՐՍ ԶԱՅՍ ԱՍՏՈՒԾՈՅ ՏԵՂՈՅՍ ԿԱԼՈՒԱԾԱՏԷՐ ԱԶՆՈՒԱԶԱՐՄ, ԿՈԼԼԷԺՍԿԻ ԱՍՍԵՍՈՐ ԶՕՀՐԱԲ ՅՈՎՍԷՓԱՅ ՈՐԴԻ ՔԱՆԱՆԵԱՆՑ Ի ԲԱՐԵՈՂՋՈՒԹԻՒՆ ԻՒՐ ԸՆՏԱՆԵԱՑ ԻՒՐՈՑ, ի 1863 ԱՄԻ Ի ԹԱԳԱՒՈՐՈՒԹԵԱՆ ԱՂԷՔՍԱՆԴՐԻ Բ-ի ԵՒ Ի ՀԱՅՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ՄԱՏԹԷՈՍԻ ԱՌԱՋԻՆԻ»[2]:
Սուրբ Աստվածածին եկեղեցին հիշատակվում է նաև Վրաստանի և Իմերեթի թեմի կոնսիստորիայի ֆոնդի արխիվային վավերագրերում: Մասնավորապես եկեղեցու անունն առկա է թեմի եկեղեցիների ինչպես 1885-1886 թվականների[3], այնպես էլ 1907 թվականի տեղեկագրերում[4]:
Հավելենք, որ գյուղն ունեցել է նաև հոգևոր դպրոց և հոգաբարձություն:
Ճարտարապետություն. Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցված է տուֆից, պատկանում է երկթեք դահլիճի տիպին: Ընդհանուր չափերն են՝ 9,5x6,68 մ: Մուտքը հարավային կողմից է, որի վերևում՝ տուֆի մեջ զետեղված է խաչ, իսկ պատին՝ որմնախորշ: Երկթեք տանիքը երեսապատված է թիթեղյա ծածկով: Ներսում պատերը սվաղած են և ներկած: Առաստաղը կամարակապ է: Արևելյան մասում Սբ Խորանն է, որի աջ և ձախ կողմերում ավանդատներն են: Հյուսիսային պատին տեղադրված է մկրտության ավազանը[5]:
Եկեղեցին խորհրդային տարիներին. Սուրբ Աստվածածին եկեղեցին փակվում և վերածվում է պահեստի: Գյուղի բնակիչների կողմից տարիներ շարունակ եկեղեցին մաքրվում և խնամվում է, ինչի շնորհիվ այն կանգուն է մնում, իսկ հետագայում՝ հիմնանորոգվում։
Եկեղեցու վերաօծումը. 2013 թվականի սեպտեմբերի 8-ին՝ Սուրբ Աստվածամոր ծննդյան տոնին, ձեռամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, վերաօծվեց Վրաստանի Թեթրիծղարոյի շրջանի Փոքր Դաղեթի Սուրբ Աստվածածին եկեղեցին: Այն վերանորոգվեց և հոգևոր ծառայության կոչվեց ծնունդով Դաղեթից, ռուսաստանաբնակ Արսեն Աղամիրյանի, Սեյրան Փերիխանյանի, Արտյոմ Առուշանյանի և Լևոն Կարախանյանի բարերարությամբ[6]:
Վիրահայոց թեմ
Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն
[1] http://armenianchurch.ge/hy/lurer/34-news/537-phoqr-daghet-surb-astvacacin: Վիրահայոց թեմի մամլո Դիվան:
[2]«Արձագանք», 1884, N 41, էջ 602:
[3]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3877, թ. 58-ի շրջ.:
[4]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3912, մաս 1, թ. 38-ի շրջ.-39:
[5]Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն: Վիրահայոց թեմ :