Материалы

ԳՈՐԾՈՂ ԵԿԵՂԵՑԻՆԵՐ և ՄԱՏՈՒՌՆԵՐ

ԾԻՐԱ - ՍՐԲՈՑ ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏԱՑ /ՍԲ. ԳԵՎՈՐԳ/ ԵԿԵՂԵՑԻ

2 tsira-srboc hreshtakapetacis eklesiaՀԻՇԱՏԱԿՎՈՒՄ Է 1860 ԹՎԱԿԱՆԻՆ

Ծիրա գյուղը գտնվում է Սամցխե-Ջավախքի Ախալցիխեի շրջանում։ Գյուղի Սուրբ Գևորգ կամ Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցին կառուցվել է 1860 թվականին: Մասնավորապես, 1860 թվականին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վրաստանի և Իմերեթի թեմի կոնսիստորիայի ֆոնդի արխիվային վավերագրերից մեկում գրված է. «նորոգ շինեալ» Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցի[1]: 1863 թվականին եկեղեցին հիշվում է որպես փայտաշեն կառույց[2]:

Եկեղեցու անվանափոխություն. Եկեղեցու` Սուրբ Գևորգ անվան վերաբերյալ հիշատակություն կա արդեն 20-րդ դարի սկզբի Ծիրա գյուղի վերաբերյալ արխիվային վավերագրերում (մասնավորապես՝ 1906 և 1912 թվականներ)[3]:

Ըստ հուշարձանագետ Ս. Կարապետյանի` եկեղեցու անվանափոխությունը տեղի է ունեցել 1860-1906–ական թվականների ընթացքում: Անվանափոխությունը 1 Tsira Srboc Hreshtakapetacis Eklesiaպայմանավորված է եղել իրականացված հիմնավոր վերակառուցմամբ: Հեղինակը հենվել է ինչպես արխիվային վավերագրերի, այնպես էլ եկեղեցու մուտքից վեր արված 1882 թվականի շինարարական արձանագրության հաղորդած տվյալների վրա[4]:

Ճարտարապետություն. Եկեղեցին երկթեք ծածկի տակ առնված սրբատաշ քարով, կրաշաղախով կառուցված ուղղանկյուն հատակագծով կառույց է: Արևելյան ճակատում խորանը դուրս է շինության հիմնական ծավալներից և շեշտված է կիսաբոլորակ ելուստով: Միակ մուտքը բացված է հարավային ճակատից: Լուսավորությունն իրականացվել է 9 լուսամուտների միջոցով: Արևմտյան ճակատային գագաթին ունեցել է փոքրիկ զանգակատուն, որը չի պահպանվել[5]:

3Եկեղեցական իրեր. Եկեղեցական իրերի շարքում հատկապես արժեքավոր է եղել 1786 թվականին Ս. Պետերբուրգում հրատարակված պատկերազարդ Ավետարանը: Այդ մասին տեղեկություններ են պահպանված 1908 թվականին գյուղի երեսփոխանի ընտրությունների վերաբերյալ արխիվային վավերագրերում[6], որտեղ նշվում է նորընտիր երեցփոխի տնօրինությանը հանձնված եկեղեցու ունեցվածքի՝ 47 անուն զանազան գրքերի, անոթների, սպասքի, խաչերի մասին[7]։

Հիմնանորոգություն և վերաօծում. Դեռևս 1990-ական թվականներից սկսված եկեղեցու վերանորոգման աշխատանքների ընթացքում նախ վերանորոգվել է եկեղեցու տանիքը: 2007 թվականի գարնանից Սուրբ Գևորգ (Սբ Հրեշտակապետաց) եկեղեցու հիմնանորոգման աշխատանքները նոր թափ ստացան: Ղազախստանում բնակվող գործարար Ալեքսանդր Մաթևոսյանի նյութական օժանդակությամբ վերանորոգվեց եկեղեցու հատակը, ինչպես նաև բարեկարգվեց եկեղեցու ներքին ու արտաքին տեսքը: 2010 թվականի ապրիլի 8-ին Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի գլխավորությամբ տեղի ունեցավ Սուրբ Գևորգ (Սբ Հրեշտակապետաց) եկեղեցու վերաօծման արարողությունը, որից հետո եկեղեցում մատուցվեց անդրանիկ պատարագը:[8]

Վիրահայոց թեմ

Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն



[1] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3833, թ. 97-ի շրջ.:

[2] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3843, թ. 60-61:

[3] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3912, թ. 109-ի շրջ.-110; գ. 1286, թ. 9:

[4] Ս. Կարապետյան, Ախալցխա, Երևան, 2008, էջ 209-210:

[5] Նույն տեղում, էջ 210:

[6] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 1286, թ. 5:

[7] Տե´ս նույն տեղում։

[8] Վիրահայոց թեմի մամլո դիվան: Տես նաև /http://panarmenian>.net/arm/news/45498:

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են