ԲՈՒՂԱՇԵՆ - ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԵԿԵՂԵՑԻ
ՀԻՄՆԱԴՐՎԵԼ Է 19-ՐԴ ԴԱՐԻ ԱՌԱՋԻՆ ԿԵՍԻՆ:
Եկեղեցու հիմնադրում. 1830 թվականին Կարնո գավառի Տանձուտ և Բռնակապան գյուղերի հայ բնակիչները վերաբնակեցվել են Բուղաշենում: Այդ տարիներին էլ ժողովրդի միջոցներով գյուղում կառուցվել է փայտաշեն, ապա՝ քարաշեն, փայտածածկ եկեղեցի: Եկեղեցին օծվել է Սուրբ Հարություն անվամբ: 1840 թվականի դրությամբ եկեղեցու ծխականների թիվը եղել է 111[1]: 1840-ական թվականներին այն դեռևս փայտաշեն էր,[2] 1880-ական թվականներին` քարաշեն, փայտածածկ[3]: 1899 թվականին եկեղեցին ավերվել է երկրաշարժից, հիմնովին վերանորոգվել՝ 1909 թվականին: Պահպանվել է նաև վերանորոգումը փաստող շինարարական արձանագրությունը[4]:Եկեղեցին վերանորոգումից հետո գործել է մինչև 1930-ական թվականները: Խորհրդային տարիներին այն փակվել և վերածվել է պահեստի, իսկ քահանան՝ աքսորվել[5]:
Ճարտարապետություն. Եկեղեցին կառուցված է մոխրագույն տուֆից: Պատկանում էերկթեք սրահի տիպին: Ընդհանուր չափսերն են 15,93x10,14 մ: Արևմտյան ճակատը կառուցված է սրբատաշ քարով: Նույն կողմի ճակտոնին կանգուն է վեց սյուների վրա հենված սրածայր վեղարով զանգակատունը[6]:Եկեղեցու ճակատամասերը զարդանախշած չեն: Պատուհանները բացված են հարավային և հյուսիսային պատերին: Մուտքը բացված է արևմտյան պատին: Մուտքի վերևում հայերեն լեզվով արձանագրություն կա: Երկթեք տանիքը երեսապատված է թիթեղով: Ներքին տարածքում պատերը սվաղած են և ներկած: Արևելյան մասում խորանն է, որի աջ և ձախ կողմերում ավանդատներն են: Հյուսիսային պատին մկրտության ավազանն է: Առաստաղը երեսապատած է պլաստիկ մոդուլներով[7]:
Ծխատերքահանաներ. Բուղաշեն գյուղի Սուրբ Հարություն եկեղեցու քահանաներից են եղել Մարտիրոս Սաղաթելյանը[8], Մինաս քահ. Մկրտչյանը[9], Գալուստ քահ. Պալյանցը[10], ովքեր քահանայագործել են 1830-1880-ական թվականներին:
Դպրոց. Գյուղի եկեղեցա-ծխական դպրոցի վերաբերյալ հիշատակությունների կարելի է հանդիպել 1860-ական թվականներին վերաբերող փաստաթղթերում: Մասնավորապես, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վրաստանի և Իմերեթի թեմի դպրոցների 1869 թվականի տեղեկագրի համաձայն՝ Բուղաշեն գյուղի եկեղեցա-ծխական դպրոցը տվյալ պահին ունեցել է 28 աշակերտ: Այն հիմնադրվել է տեղի հասարակության միջոցներով, 1864 թվականին[11]:
Եկեղեցու վերաօծում. 2009 թվականի օգոստոսի 8-ին, ձեռամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի և մասնակցությամբ Սամցխե- Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տ. Բաբգէն աբղ. Սալբիյանի՝ վերաօծվեց Ախալքալաքի շրջանի Բուղաշեն գյուղի Սուրբ Հարություն եկեղեցին, որին հաջորդեց անդրանիկ պատարագի մատուցումը: Սուրբ Հարություն եկեղեցին վերանորոգվել և տարածքը բարեկարգվել է ծնունդով բուղաշենցի, ռուսաստանաբնակ Խաչատուր Եղոյանի միջոցներով[12]:
Վիրահայոց թեմ
Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն
[1]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3800, թ. 4-ի շրջ.:
[2]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3802(1), թ. 63-ի շրջ.-64:
[3]«Արձագանք», 1885, N 3, էջ43:
[4]Ս. Կարապետյան, Ջավախք, Երևան, 2006, էջ 126:
[5]Վիրահայոցթեմիմամլոդիվանը: www.aysor.am/am/news/2009/08/13/churchsacr/49626
[6]Ս. Կարապետյան, նույն տեղում:
[7]Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն:
Վիրահայոց թեմ:
[8]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 457, թ. 50:
[9]ՀԱԱ, ֆ. 53, ց. 2, գ. 1031, թ. 2:
[10]ՀԱԱ, ֆ. 53, ց. 2, գ. 1044, թ. 2:
[11]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3977, թ. 55-իշրջ.-56:
[12]Վիրահայոցթեմիմամլոդիվանը: www.aysor.am/am/news/2009/08/13/churchsacr/49626