ՄԱՄԶԱՐԱ - ՍՈՒՐԲ ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ ԵԿԵՂԵՑԻ
Նինոծմինդայից 8 կմ հյուսիս-արևելք գտնվող Նամզարա (Մամզարա) գյուղում է գտնվում Ջավախեթի միակ Սուրբ Մեսրոպ Մաշտոց անունը կրող եկեղեցին:
Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին կառուցվել է 2013 թվականին: Եկեղեցին կառուցվել և շրջակա տարածքը բարեկարգվել է բարերարությամբ ռուսաստանաբնակ գործարար Հակոբ Խաչատրյանի:
Նույն թվականի նոյեմբերի 16-ին տեղի է ունեցել Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու օծումը՝ ձեռամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, մասնակցությամբ` Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Բաբգէն վրդ. Սալբիյանի, Նինոծմինդայի և հարակից գյուղերի հովիվ Տեր Արմաշ քհն. Պողոսյանի և Տեր Տաթև քհն. Մարուքյանի: Եկեղեցու օծման կարգը սկսվում է նախորդ երեկոյան կատարված նավակատիկի՝ դռնբացեքի արարողությամբ: Օծվում են եկեղեցու 16 սյուները, մկրտության ավազանը, սրբապատկերները: Եկեղեցու օծման կարգից անմիջապես հետո Տեր Արմաշ քհն. Պողոսյանի կողմից մատուցվում է Սուրբ Պատարագ։ Եկեղեցու բակում տեղադրված է ցեղասպանության զոհերի հիշատակի խաչքար[1]:
Ճարտարապետություն․ Եկեղեցին կառուցված է բազալտից: Ընդհանուր չափսերն են 12,05 x 7,55 մ: Մուտքը արևմտյան կողմից է, որի վերևի մասում ագուցված է խաչքար, իսկ ներքևի մասում առկա է եկեղեցու կառուցման վերաբերյալ 8 տողանոց արձանագրություն․
ԿԱՄՕՔՆ ԱՍՏՈՒԾՈՅ ԿԱՌՈՒՑԱՒ | ՍՈՒՐԲ ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ ԵԿԵՂԵՑԻՍ՝ | ԲԱՐԵՐԱՐՈՒԹՅԱՄԲ ՏԻԱՐ ՀԱԿՈԲ | ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՅԱՐԵՒՇԱՏՈՒԹՅՈՒՆ ԻՒՐ | ԾՆՈՂԱՑՆ ՄՆԱՑԱԿԱՆ ԵՒ ԾՈՒԻՆԱՐ | ԽԱՉԱՏՐՅԱՆՆԵՐԻ | Ի ԹՈՒԻՆ ՀԱՅՈՑ ՌՆԿԲ ԵՒ Ի | ՓՐԿՉԱԿԱՆ 2013 Թ. ։
Մուտքի անմիջապես վերևում` տանիքի վրա, կառուցված է փոքրիկ զանգակատուն։ Եկեղեցին լուսավորվում է եկեղեցու արևմտյան, ինչպես նաև աջ և ձախ պատերին բացված կամարաձև պատուհաններից։ Եկեղեցու արևելյան մասում է գտնվում Սբ Խորանը՝ իր աջ ու ձախ ավանդատներով։ Առաստաղը ծածկված է փայտյա կամարաձև ծածկով[2]:
ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ԵԿԵՂԵՑԻ
Եկեղեցու հիմնադրումը. Նամզարա գյուղում է գտնվում նաև 19-րդ դարի առաջին կեսին կառուցված Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, որի վերաբերյալ Վրաստանի և Իմերեթի թեմի կոնսիստորիայի արխիվային վավերագրերը տեղեկություններ են հաղորդում սկսած 1830-ական թվականներից: 1840 թվականի թեմի եկեղեցիների տեղեկագրի համաձայն` եկեղեցու ծխականների թիվը կազմել է 113-ը:[3] 1860-ական թվականներին եկեղեցին դեռևս փայտաշեն էր[4], 1880-ական թվականներին հիշատակվում է որպես քարաշեն, փայտածածկ կառույց[5]: 20-րդ դարի սկզբին եկեղեցու տարեկան կապիտալը կազմել է 171 ռ. 40 կ. արծաթով[6]: Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու շուրջը տարածվում է 19-րդ դարի հայկական գերեզմանատունը:
Ճարտարապետություն. Սուրբ Լուսավորիչ եկեղեցու արտաքին չափսերն են 17,25x7,10 մ: Եկեղեցին ունի կիսաշրջանաձև խորան[7]:
Ծխատեր քահանաներ. Սուրբ Լուսավորիչ եկեղեցու քահանա է հիշատակվում Տեր Հովհաննես Հովհաննիսյանը[8]:
Դպրոց. Վրաստանի և Իմերեթի թեմի դպրոցների տեղեկագրի համաձայն` Մամզարա գյուղի եկեղեցա-ծխական դպրոցը հիմնադրվել է 1864 թվականին, հասարակության միջոցներով: 1869 թվականի դրությամբ ունեցել է 25 սովորող, 1 ուսուցիչ[9]: Ուսուցիչներից հիշատակվում է Գալուստ Համբարձումյանցը[10]:
Վիրահայոց թեմ
Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն
[1] http://armenianchurch.ge/hy/lurer?start=815: Վիրահայոց Թեմի Մամլո Դիվան:
[2] Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն: Վիրահայոց թեմ:
[3] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3800, թ. 4:
[4] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3848, թ. 74:
[5] «Արձագանք», 1885, N 3, էջ 41:
[6] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3912, մաս 1, թ. 111-ի շրջ.-112:
[7] Ս. Կարապետյան, Ջավախք, Երևան, 2006, էջ 412:
[8] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 457, թ. 60:
[9] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3977, թ. 54-ի շրջ.-55:
[10] ՀԱԱ, ֆ. 56, ց. 15, գ. 52, թ. 44: