ՍԱԶԵԼ - ՍՈՒՐԲ ՀՌԻՓՍԻՄԵ ՄԱՏՈՒՌ
Եկեղեցու կառուցում. Սազել գյուղի Սուրբ Խաչ եկեղեցուց քիչ հեռու գտնվում է ուխտատեղի, որի վրա կառուցվել է մատուռանման պարզ շինություն: 1990-ական թվականներին Սազելի տարածքում` «Փոս արտեր» կոչված վայրում հայտնաբերված և սուրբ համարված քարի վրա էլ հետագայում կառուցվեց Սուրբ Հռիփսիմե անվամբ մատուռը[1]: Այն կառուցվել է և օծվել 1998 թվականի ապրիլի 2-ին, Մառլեն Հովհաննեսի Համբարձումյանի նախաձեռնությամբ[2]։
Ճարտարապետություն. Մատուռը կառուցված է սրբատաշ տուֆից` երկարացված քառանկյան ձևով: Ընդհանուր չափսերն են 5 x 3,98 մ: Ճակատամասերը նախշազարդված չեն: Կամարատիպ մուտքը բացված է արևմտյան պատին, որը շրջագծված է հայերեն արձանագրություններ ունեցող երեք սալիկներով: Արևմտյան պատին կից քառասյուն շինություն է, որը ծածկոցի դեր է կատարում: Ծածկը կամարաձև է, երեսապատված թիթեղով: Ներքին տարածքում պատերը սվաղած են[3]:
Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար. 2017 թվականի ապրիլի 23-ին, օրհնությամբ Վիրահայոց թեմի բարեխնամ առաջնորդ Գերշ․ Տեր Վազգեն Եպս․ Միրզախանյանի, Ախալցիխեի շրջանի Սազել գյուղի Սուրբ Հռիփսիմե մատուռի բակում, ձեռամբ Ախալցիխեի հոգևոր տեսուչ Հոգշ․ Տեր Հակոբ աբեղա Սահակյանի և Ախալցիխեի շրջանների հոգևոր հովիվ Արժ․ Տեր Թորգոմ քհն․ Վարդանյանի, կատարվեց խաչքարի օրհնության կարգ։ Խաչքարը կանգնեցվեց գյուղի բնակիչ, բարերար Մարտիրոս Սողոմոնյանի հովանավորությամբ՝ ի հիշատակ 1915 թվականի Հայոց Մեծ Եղեռնի Սուրբ Նահատակների։ Քանդակագործ`Համլետ Մանասյան[4]։
Վիրահայոց թեմ
Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն