ՓՈՔՐ ԽԱՆՉԱԼԻ - ՍՈՒՐԲ ՀԱԿՈԲ ԵԿԵՂԵՑԻ
ՀԻՇԱՏԱԿՎՈՒՄ Է 1850-ԱԿԱՆ ԹՎԱԿԱՆՆԵՐԻՑ
ՀԻՄՆՈՎԻՆ ՎԵՐԱՆՈՐՈԳՎԵԼ Է 1875 ԹՎԱԿԱՆԻՆ:
Եկեղեցու հիմնադրումը. Նինոծմինդայից 5.5 կմ հարավ-արևմուտք գտնվող Փոքր Խանչալի գյուղի եկեղեցին հիշատակվում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վրաստանի և Իմերեթի թեմի 1840 թվականի տեղեկագրում: Եկեղեցու անունը չի նշվում: Ծխերի թիվը կազմել է 189[1]: 1860-ական թվականներին հիշատակվում է՝ որպես փայտաշեն կառույց[2]: Եկեղեցին հիմնովին վերակառուցվել է 1875 թվականին: Այդ են վկայում եկեղեցու բարավորին և մուտքից հարավ պահպանված շինարարական արձանագրությունները: Օծումը տեղի է ունեցել նույն թվականի սեպտեմբերին Գրիգոր արքեպս. Սաքինյանցի ձեռամբ[3]: 20-րդ դարի սկզբին եկեղեցու կապիտալը կազմել է 257ռ. 69 կ. արծաթով[4]: Եկեղեցու շուրջ տարածվում է գերեզմանոցը:
Ճարտարապետություն․ Եկեղեցին կառուցված է համակ սրբատաշ և կոփածո քարով: Տանիքը երկթեք է, որը պահվում է երկու բոլորաձև սյուներով: Միակ մուտքը արևմտյան ճակատից է: Արտաքին չափսերն են 16,80×10,33 մ: Մկրտության ավազանը կառուցված է հյուսիսային պատի մեջ[5]:
Ծխատեր քահանաներ․ Փոքր Խանչալի գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցու քահանաներից է եղել Վարդան քհն. Մովսիսյանը[6]: Քահանայագործել է 1860-80-ական թվականներին:
Դպրոց․ Փոքր Խանչալի գյուղի եկեղեցա-ծխական դպրոցը բացվել է 1864 թվականին հասարակության միջոցներով[7]: 1870-ական թվականներին ուսուցիչ է հիշատակվում Կարապետ Խոպերյանցը[8]:
Եկեղեցու վերանորոգություն. Փոքր Խանչալիի Սուրբ Հակոբ եկեղեցին ևս խորհրդային տարիներին փակվել է և այդ տարիների ընթացքում հայտնվել անմխիթար վիճակում: Հետխորհրդային տարիներին եկեղեցին պարբերաբար բարեկարգվում է գյուղի բնակիչների կողմից: Սակայն բուն վերանորոգչական աշխատանքները սկսվել են 2015 թ., Արտակ և Բաբկեն Իսպիրյան եղբայրների միջոցներով: Վերակառուցվել է եկեղեցու փլված գմբեթը, տանիքը, մաքրվել և բարեկարգվել եկեղեցու սրահը, հեռացվել է հին ծեփը: Եկեղեցու ներքին հարդարման աշխատանքները դեռևս ավարտված չեն: Սբ Պատարագը կատարվում է Վեմ քարով:
Վիրահայոց թեմ
Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն
[1] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3800, թ. 4:
[2] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3848, թ. 74:
[3] Ս. Կարապետյան, Ջավախք, Երևան, 2006, էջ 531-532:
[4] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1,գ. 3912, մաս 1, թ. 111-ի շրջ.-112:
[5] Ս. Կարապետյան, նույն տեղում, էջ 531:
[6] ՀԱԱ, ֆ. 53, ց. 2, գ. 2868, թ. 3; գ. 2873, թ. 2; գ. 2897, թ. 3:
[7] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3977, թ. 54-ի շրջ. -55:
[8] ՀԱԱ, ֆ. 56, ց. 15, գ. 52, թ. 44: