Материалы

ԳՈՐԾՈՂ ԵԿԵՂԵՑԻՆԵՐ և ՄԱՏՈՒՌՆԵՐ

ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ

2 Untitled-6 cosspy ՀԻՄՆԱԴՐՎԵԼ Է 1805/1806 Թ.

ՀԱՍՑԵ՝ Ք. ԹԲԻԼԻՍԻ, ԱՐՄԱԶԻ ՆՐԲ.18

Եկեղեցու կառուցում. Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցին ճարտարապետական հրաշալի մի կառույց է` կառուցված դեռևս 1805 թվականին, վաղարշապատցի վարպետների ձեռքերով ու թբիլիսցիների ծախսերով: Եկեղեցու ամբողջ պատմությունը վկայում է այն մասին, որ այն մշտապես եղել է հավատավոր հայորդաց ուշադրության և հոգածության կենտրոնում, ինչի մասին են վկայում բավականին հաճախ տարվող վերակառուցողական աշխատանքները (1845, 1854, 1884, 1898, 1900, 1912, 1944):

Թբիլիսիի կենտրոնական, հեղինակավոր ու հայաշատ Հավլաբար թաղամասում գտնվող Էջմիածնեցոց Սուրբ Գևորգ եկեղեցու (այժմ՝ Սուրբ Էջմիածին) կառուցման և հետագա վերանորոգությունների մասին պահպանվել են թե´ արխիվային վավերագրեր և սկզբնաղբյուրներ, թե´ եկեղեցու պատերին առկա արձանագրություններ: Մասնավորապես եկեղեցու կառուցման վերաբերյալ տեղեկություններ են հաղորդում 1815 թվականին կազմված և Ներսես Աշտարակեցուն ներկայացված Տեր-Հովհան քահ. Մարտիրոսովի զեկուցագիրը և Էգնատե Իոսելիանիի 1837 թվականին կազմած Թիֆլիսի եկեղեցիների նկարագրությունը: Հիմնադրման հավանական տարեթիվ է համարվում 1805/1806 թվականը, որի մասին գրում է պրոֆ. Լ. Մելիքսեթ-Բեկը «Վրաց աղբյուրները Հայաստանի և հայերի մասին» աշխատության մեջ[1]:

Ճարտարապետություն. Սուրբ էջմիածին եկեղեցին կառուցված է աղյուսից, որի գմբեթակիր մույթերը գլանաձև են, իսկ ուղղանկյուն ավանդատներից հյուսիսայինը դուռ ունի դեպի Ավագ խորան, սակայն նրանց երկրորդ հարկերը չեն բացվում դեպի դահլիճ և փաստորեն թաքստոցներ են: Արևմտյան դուռը (եկեղեցին մուտքեր ունի նաև հյուսիսից և հարավից) բացվում է 1 Tbilisi avlabari surb ejmiatsinուղղանկյուն մի նախամուտքի մեջ, որը շենքի ընդհանուր ծավալից դուրս է: Երկայնական պատերի լուսամուտները բավական խոշոր են (լայնությունը ներսից' 1,5 մ): Կան նաև կլոր պատուհաններ և խորշեր, իսկ արևելյան ճակատը ձևավորված է հատակագծում կիսաշրջանաձև զույգ խորշերով[2]:

Վերանորոգությունները 19-րդ դարում և 20-րդ դարի սկզբին. Համաձայն Է. Իոսելիանիի կազմած Թիֆլիսի եկեղեցիների նկարագրության` 1837 թվականին եկեղեցու շենքը փայտածածկ, ուղղանկյունաձև կառույց էր՝ առանց գմբեթի և փոքր զանգակատնով[3]: Հիմնովին վերակառուցելու նախագիծը կազմվեց 1845 թվականին: Այդ գործի համար հրավիրված փորձառու վարպետների վկայության համաձայն` հնի տեղում կառուցվելիք նոր եկեղեցու ծախսը կազմելու էր շուրջ 20.000 ռուբլի: 1846 թվականի վերանորոգման արդյունքում եկեղեցին ստացավ գմբեթավոր տաճարի տեսք: Այդ մասին արձանագրությունը պահպանված է եկեղեցու արևմտյան մուտքի վերևում զետեղված շինարարական արձանագրությունում[4]: Պահպանվել են նաև 1845-1846 թվականներին վերանորոգության աշխատանքներին առնչվող պաշտոնական արխիվային վավերագրերը[5]: Ցավոք, առկա նյութերը մեզ հնարավորություն չեն ընձեռում որոշելու եկեղեցու վերանորոգության ավարտի տարեթիվը, սակայն հստակ է, որ շինարարությունը տեղի է ունեցել 1850-ական թվականների վերջին:

1898 թվականին եկեղեցին կրկին նորոգության կարիք ուներ. «...մեր եկեղեցին քայքայելու չափ հնացել է և բոլորովին քանդվելու առաջն առնելու համար հարկավոր է տանիքը ամբողջապես նորոգել, որը սպառնում է եկեղեցու գավթի արևմտյան պատի փլվելուն... »[6]: 1900 թվականին ճարտարապետ Պ. Ն. Գրիգորյանցը կազմում է եկեղեցու վերանորոգության նախահաշիվը (մոտ 3500 ռուբլի): Ծխականների խնդրանքով կոնսիստորիան թույլ է տալիս սեփական միջոցներով ձեռնամուխ լինել վերանորոգությանը[7]: Նորոգումներն ընթացան 1912 թվականին:

20-րդ դարի հիմնանորոգություններ: 1944-1945 թվականներին եկեղեցին ենթարկվեց հարկավոր նորոգումների: Եկեղեցու մասնակի նորոգումներ կատարվեցին նաև 1983 թվականին: 3Էջմիածնեցոց Սուրբ Գևորգ եկեղեցին մեկն է Վրաստանում գտնվող հայոց սակավաթիվ եկեղեցիներից, որը շարունակեց գործել նաև խորհրդային տարիներին: Նրա չափից ավելի անմխիթար վիճակը վտանգավոր էր և սպառնում էր անսպասելի փլուզմամբ: Իրավիճակն ավելի վատթարացավ 2001 թվականին Թբիլիսիում տեղի ունեցած երկրաշարժից հետո:

2002 թվականից Վիրահայոց թեմի առաջնորդությունը ստանձնած Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի նախաձեռնությամբ, 2004 թվականին կազմվեցին եկեղեցու վերանորոգման նախագծերը: 2006 թվականին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, «Հայաստան» Համահայկական հիմնադրամի և Արգենտինայի հայության համատեղ ջանքերով կազմվեց նոր նախագիծ: Փլուզման ենթակա եկեղեցին հիմնանորոգվեց 2006-2010–ական թվականներին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի բարեպաշտ հայորդիների աջակցությամբ[8]: 2011 թվականին Վրաստան կատարած հովվապետական այցի ընթացքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարքի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց վերանորոգված տաճարի վերաօծման արարողությունը:

2011 թվականի հունիսի 12-ին Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի նախաձեռնությամբ Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու հարևանությամբ բացվեց Վիրահայոց թեմի առաջնորդարանի և բարերարների նյութական աջակցությամբ կառուցված «Հայարտուն» կրթա-մշակութային և երիտասարդության կենտրոնը՝ 1921-1930-ական թվականներին, Հովհ. Թումանյանի ղեկավարած նույնանուն կազմակերպության օրինակով:

Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցուն կից «Հայարտուն» կենտրոնում այսօր գործում են Սուրբ Եղիա մարգարեի անվան կիրակնօրյա դպրոցը (1997), Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան շաբաթօրյա դպրոցը (2010), «Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանը (2011), մի շարք ստեղծագործական խմբակներ և բարեսիրական ծրագրեր: Վերոնշյալ կառույցների ծավալած ազգանվեր գործունեության և բեղմնավոր աշխատանքի շնորհիվ հնարավոր է դառնում մայրենի լեզվի պահպանումը, ազգային-եկեղեցական տոների և ավանդույթների վերականգնումը, հայ-վրացական մշակութային կապերի ամրապնդումն ու զարգացումը:

Վիրահայոց թեմ

Վրաստանի հայկական պատմական և մշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն



[1] Լ. Մելիքսեթ-Բեկ, Վրաց աղբյուրները Հայաստանի և հայերի մասին, հատոր Գ, Երևան, 1955, էջ 270:

[2] Մ. Հասրաթյան, Թբիլիսիի հայկական եկեղեցիների ճարտարապետությունը, «Էջմիածին » 2009(Զ), էջ 72:

[3] П. М. Мурадян, Армянская эпиграфика Грузии, Тбилиси 1988, с.88.

[4] Պ. Մուրադյան, Հին Թիֆլիսի Հայոց եկեղեցիները, Ս. Էջմիածին, 2009, էջ 60:

[5] ՀԱԱ, ֆ. 56, ց. 1, գ. 1782, թ. 1 և շրջ., 6 և շրջ., 10 և շրջ., 12-13:

[6] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3362, թ. 3:

[7] Նույն տեղում, թ. 9-11 և շրջ.:

[8] «Նորաշեն», Վիրահայոց թեմի հոգևոր, մշակութային, լրատվական հանդես, Երևան, 2006/2, էջ 11:

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են