ԲԱԹՈՒՄԻ -ՍՈՒՐԲ ՓՐԿԻՉ ԵԿԵՂԵՑԻ
ՀԻՄՆԱԴՐՎԵԼ Է 1879 ԹՎԱԿԱՆԻՆ ՓԱՅՏԱՇԵՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՀԻՄՔԻ ՎՐԱ
ԿԱՌՈՒՑՎԵԼ 1895- 1899 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ
ՀԱՍՑԵ՝ Ք. ԲԱԹՈՒՄԻ, ԺՈՐԴԱՆԻԱՅԻ ՓՈՂ. 39
Բաթումիի Հայ Առաքելական Սուրբ Փրկիչ եկեղեցին կառուցվել է 1879 թվականին Տեր-Կոստանդին Տեր-Ստեփանյան քահանայի ջանքերով: Եկեղեցին սկզբնական շրջանում եղելէ փայտաշեն[1], սակայն այն շատ արագ քայքայվել է,և արդեն 1887 թվականին նոր եկեղեցու կառուցման անհրաժեշտություն է զգացվել: Տեղի ծխական քահանա Կոստանդին Տեր-Ստեփանյանի գլխավորությամբ հասարակության մի քանի հայտնի անձինք ձեռնամուխ են լինում եկեղեցու կառուցման համար անհրաժեշտ դրամական միջոցների հայթայթմանը: Արշակ Ծատուրյանի, Վասիլ Փարեմուզյանի, Ղազար Տեր-Ղազարյանի և Արշակ Շխիյանցի ջանքերով հավաքվում է մոտ 400 ռուբլի[2], սակայն նյութական միջոցների անբավարարության պատճառով շինարարական աշխատանքներն իրականացվում են մեծ ընդհատումներով [3] և տևում գրեթե քառորդ դար:
1891 թվականի դրությամբ նոր եկեղեցու շինությունը տակավին կիսաշեն էր և ծխականները հաճախում էին աղոթատան վերափոխված հասարակ մի տուն[4]: Նույն թվականին շինարարական աշխատանքները մեծ եռանդով վերսկսելու նախաձեռնություն է ցուցաբերում գնդապետ Գասպար Ստեփանյանցը[5]:1895 թվականին հրապարակված լրատվությունից հայտնի է դառնում, որ Բաթումիի հայոց եկեղեցին կիսաշեն էր. «...նոր փառաւոր եկեղեցու հիմքը վաղուց գցած է, պատերը մօտ մէկ արշին արդէն բարձրացած են, բայց ով գիտէ քանի տարի է, որ շինող չկայ...[6]» : 1898 թվականին կիսաշեն եկեղեցու շինարարությունը շարունակելու հույսը կապվում է բաքվաբնակ մեծահարուստ հայերի օժանդակության հետ: Բաթումին վերջինիս հետ ամուր առևտրական կապեր ուներ, ուստի որոշվում է համապատասխան միջոցներ հայթայթելու համար ծխատեր քահ. Մեսրոպ Մելյանին ուղարկել Բաքու[7]: Եկեղեցու շինարարությանը նյութական մեծ օժանդակություն է ցուցաբերում նաև հայտնի մեծահարուստ և ազգային բարերար Ալեքսանդր Մանթաշյանցը: Վերջապես 1899 թվականին եկեղեցու շինարարությունը մոտենում է ավարտին, որի վրա ծախսվում է 25 000 ռուբլի[8]: Բաթումիի Սուրբ Փրկիչ եկեղեցու նախագիծը կազմել է ավստրիացի ճարտարապետ Ռոբերտ Մարֆելդը:
1900 թվականի դեկտեմբերի 12-ի թիվ 1330 կոնդակով Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն է տալիս նորակառույց եկեղեցուն[9]: Նույն թվականի դեկտեմբերի 17-ին տեղի ունենալիք օծման արարողության կապակցությամբ հրավեր է ուղարկվում Մկրտիչ Խրիմյան Կաթողիկոսին[10]:
Ճարտարապետություն. Սուրբ Փրկիչ եկեղեցին կառուցված է այրված աղյուսից և պատկանում է խաչաձև գմբեթավոր ոճին: Արտաքին չափսերն են 9,61x6,5 մ: Գեղարվեստական և տարածական ոճը՝ խաչաձև է: Հարավային և հյուսիսային պատերը զարդարված են կիսաշրջանաձև դեկորներով: Շենքի անկյուններում կառուցվում են դեկորատիվ սյուներ, արևմուտքից ճակատային մասը շրջանաձև է: Եկեղեցին ունի երեք մուտքեր՝ հարավից, արևմուտքից և հյուսիսից: Կենտրոնական գմբեթը գտնվում է արևելյան կողմում: Ներքին պատերը սվաղված են և ներկված: Ձախակողմյան հատվածում տեղադրված է մկրտության ավազանը:
Եկեղեցին խորհրդային տարիներին.Բաթումիի Սուրբ Փրկիչ եկեղեցին փակվում է 1923 թվականի ապրիլի 26-ին. «...այսօր, ամսոյս 26-ին, առաւոտեան ժամի մօտաւորապէս 10-ին կառաւարութիւնը կնքեց հայոց Ս. Փրկիչ եկեղեցին: Պատճառը խորհուրդիս անյայտ է»[11]:
1930-1958–ական թվականներին եկեղեցու շենքը օգտագործվել է որպես կինովարձույթի պահեստ: 1959 թվականին խորհրդային իշխանությունները ցանկանում են քաղաքի, այսպես կոչված, բարեկարգման պատրվակով, քանդել եկեղեցու շենքը: Տեղի հայ բնակչությունը կազմակերպում է ստորագրահավաք և նամակ-դիմում հղում Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինին՝ խնդրելով միջամտել և արգելք հանդիսանալ եկեղեցու փլմանը: Մայր Աթոռից Բաթումի են ժամանում հոգևորականներ Վահան եպս. Քալանթարյանը և Հովհաննես սարկավագը՝ Սբ Էջմիածնի գրավոր խնդրանքը փոխացնելու Աջարիայի Գերագույն Խորհրդի նախագահ Ալեքսանդր Թխիլիաշվիլուն: Եկեղեցին փակվում է, իսկ քաղաքային իշխանությունները բավարարվում են եկեղեցու մետաղյա պարիսպները քանդելով: Եկեղեցին ետին պլանում թողնելով՝ նրա աջ ու ձախ կողմերում բարձրահարկ շենքեր են կառուցվում: Ավելի ուշ, 1959-1991 թվականներին, այն ծառայում է իբրև աստղադիտարան:
Հետխորհրդային շրջան. 1992 թվականի մարտի 3-ին քաղվարչության որոշմամբ եկեղեցու շենքը փոխանցվում է Աջարիայի հայերի «Վերածնունդ» բարեգործական միությանը: Նույն թվականից տեղի հայության նյութական միջոցներով սկսվում են եկեղեցու վերանորոգության աշխատանքները, որն ավելի մեծ թափ է ստանում 1996-2000–ական թվականներին: Դրան հետևում է եկեղեցու վերաբացումըև նրա ամբողջական գործունեության ծավալումը[12]:
Բաթումիի Սուրբ Փրկիչ եկեղեցին իր ակտիվ գործունեությունն է դրսևորում Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի առաջնորդության առաջին իսկ տարիներից: 2007 թվականին բացվում է Բաթումիի Սուրբ Փրկիչ եկեղեցուն կից «Սբ Մեսրոպ Մաշտոց» կիրակնօրյա դպրոցը: 2009 թվականին եկեղեցուն կից հիմնվում է «Մեր ապագա» երիտասարդական կառույցը, իսկ 2012 թվականին` «Տիկնանց միությունը»:
2015 թվականին Վիրահայոց թեմի Առաջնորդի ղեկավարությամբ, ՀՀ Սփյուռքի նախարարության, Ջինիշյան հիշատակի հիմնադրամի, Սուրբ Փրկիչ եկեղեցու ծխական համայնքի և Վիրահայոց թեմի նյութական միջոցներով, Բաթումիում իր գործունեությունն է սկսում Ալեքսանդր Մանթաշյանցի անվան կրթության, մշակույթի և երիտասարդության կենտրոնը: Հիմնադրված կենտրոնը Վիրահայոց թեմի սեփականությունն է և Աջարիայի հայության շրջանում ծառայում է ազգային մշակույթի զարգացմանն ու հայկական ինքնության պահպանմանը[13]:
Վիրահայոց թեմ
Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն
[1]Տե´ս Ս. Կարապետյան, Հայկական եկեղեցիները Վրաստանում, Նորաշեն 2006/6, էջ 6-7:
[2]Տե´ս «Մշակ», 1887, N 6, էջ 1:
[3]Տե´ս«Նոր-Դար», 1889, N 150, էջ 3;1890, N 153, էջ 3:
[4]Տե´սՍ. Կարապետյան, նույն տեղում:
[5]Տե´ս«Նոր-Դար», 1891, N 84, էջ 3:
[6]«Նոր-Դար»1895,N 151, էջ 3:
[7]Տե´սՀԱԱ, ֆ. 56, ց. 1, գ. 9472, թ. 2:
[8]Տե´ս«Տարազ», 14 նոյեմբերի, 1899, N 43, էջ 1004:
[9]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3024, թ. 9:
[10]ՀԱԱ, ֆ. 56, ց. 18, գ. 264 թ. 142:
[11]ՀԱԱ, ֆ. 57, ց. 3, գ. 525, թ. 30:
[12]Տե´ս Ս. Կարապետյան, նույն տեղում:
[13]Վիրահայոց թեմի մամլո դիվան: