Материалы

ԳՈՐԾՈՂ ԵԿԵՂԵՑԻՆԵՐ և ՄԱՏՈՒՌՆԵՐ

ՓՈՔՐ ՍԱՄՍԱՐ - ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԵԿԵՂԵՑԻ

2 patara samsari-surb harutiunis eklesia ՀԻՄՆԱԴՐՎԵԼ Է 19-ՐԴ ԴԱՐԻ ԱՌԱՋԻՆ ԿԵՍԻՆ:

1829-1830-ական թվականներին Կարնո նահանգից Ախալքալակ գաղթած հայերի մի մասը 1836 թվականին հիմնում Էխթիլա Սամսար (Փոքր Սամսար) գյուղը, որը գտնվում է Ախալքալաքից 18 կմ հյուսիս-արևելք:

Եկեղեցու կառուցում. 1852 թվականին գյուղացիները եկեղեցի կառուցելու ցանկություն են հայտնում[1]: Սուրբ Հարություն անվամբ եկեղեցու վերաբերյալ հիշատակությունների հանդիպում ենք արդեն 1860-ական թվականների արխիվային վավերագրերում: Մասնավորապես եկեղեցու անվան մասին հիշատակվում է 1866 թվականի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վրաստանի և Իմերեթի թեմի եկեղեցիների տեղեկագրերից մեկում, ըստ որի տվյալ պահին այն դեռևս փայտաշեն էր[2]: Հին եկեղեցին վերակառուցվել է 19-րդ դարի վերջին: 1891 թվականի վերանորոգման մասին տեղեկություններ է հաղորդում եկեղեցու արևմտյան մուտքի բարավորին պահպանված շինարարական արձանագրու­թյունը[3]: Սակայն 1899 թվականի դեկտեմբերի 19-ի երկրաշարժից այն քանդվել է, վերականգնվել` 1900 թվականին: Եկեղեցին այժմ կանգուն է[4]: Վկայություն կա այն մասին, որ երբ 1907 թվականի ապրիլի 27-ին Խրիմյան Հայրիկը մեկնել է Թիֆլիս՝ հանդիպելու Կովկասի Փոխարքայի հետ, հետդարձի ճանապարհին անցել է Ջավախքի գյուղերով և օծել մի քանի եկեղեցիներ, որոնցից է եղել նաև Փոքր Սամսարի Սուրբ Հարություն եկեղեցին[5]:

Ճարտարապետություն. Սուրբ Հարություն Եկեղեցին կառուցված է խառը տեսակի տուֆից և պատկանում է երկթեք դահլիճի տիպին: Ընդհանուր չափսերն են 16,94x9,47 մ: Հարավային 1 Axalqalaqi Patara Samsari Surb Harutyunճակատամասի ստորին աջ անկյունում երկու զարդանախշ է երևում: Հյուսիսային և արևելյան պատերը սվաղած են ցեմենտի լուծույթով: Հարավային և հյուսիսային պատերին բացված են քառանկյուն պատուհաններ: Մուտքն արևմտյան կողմից է, որի աջ կողմում և վերին մասում առկա է հայերեն արձանագրություն: Մուտքի վերևի մասում տուֆից խաչ է քանդակած: Տանիքի արևմտյան մասում կառուցված է զանգակատունը: Տանիքը երկթեք է` երեսապատված թիթեղով: Ներքին տարածքում պատերը սվաղած են և ներկած: Դալիճը սյունաշարով բաժանված է երեք նավի: Արևելյան մասում խորանն է՝ աջ և ձախ կողմերում գտնվող ավանդատներով[6]:

Ծխատեր քահանաներ. Սուրբ Հարություն եկեղեցու քահանաներից են եղել Խաչատուր քհն. Աբգարյանցը[7], Մակար քհն. Հարությունյանը[8]: Քահանայագործել են 1860-1880-ական թվականներին:

Գերեզմանատուն. Սուրբ Հարություն եկեղեցու շուրջը տարածվում է գերեզմանոցը, որտեղ պահպանվել են նաև 19-րդ դարի տապանաքարեր:

Եկեղեցու վերականգնում. 2005 թվականին խորհրդային տարիներին պահեստի վերածված եկեղեցին մաքրվել է և հիմնանորգվել գյուղի բնակիչ Հուսիկ Աբգարյանի կողմից, իսկ 2006 թվականին՝ վերանորոգվել Հովիկ Աբգարյանի կողմից: 2008 թվականի օգոստոսին Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օրհնությամբ և ձեռամբ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհնաուր առաջնորդական փոխանորդ Տ. Բաբգէն աբեղա Սալբիյանի ու մասնակցությամբ հոգևոր հովվի, օծվեցին Փոքր Սամսար գյուղի Սուրբ Հարություն եկեղեցու գմբեթի խաչը և սրբապատկերները: Խաչը պատրաստվել է գյուղի հավատավոր հայորդիներ Արթուր և Սասուն Աբգարյանների նյութական աջակցությամբ: Խաչի օծումից հետո Սասուն Աբգարյանի կողմից այն տեղադրվեց եկեղեցու զանգակատան գմբեթին[9]:

2009 թվականին Սաշա Գաբրիելյանի բարերարությամբ պատրաստվում է Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակին նվիրված խաչքար, որը օծվում և տեղադրվում է եկեղեցու մուտքի մոտ:

Վիրահայոց թեմ

Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն



[1]ՀԱԱ, ֆ. 56, ց. 1, գ. 3436, թ. 8:

[2]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3848, թ. 74-իշրջ.:

[3]Ս. Կարապետյան, Ջավախք, Երևան, 2006, էջ 535:

[4]Ս. Կարապետյան, նույնտեղում:

[5]Արարատ, 1907/ Դ/, էջ 332:

[6]Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն: Վիրահայոց թեմ:

[7] ՀԱԱ, ֆ. 53, ց. 2, գ. 1972. թ. 2; գ. 1991, թ. 3:

[8] ՀԱԱ, ֆ. 53, ց. 2, գ. 1996, թ. 3:

[9]«Էջմիածին», 2008, Ը, էջ147:

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են