ԿԱՐՄԻՐ ԳՅՈՒՂ - ՍՐԲՈՑ ԱՎԵՏԱՐԱՆՉԱՑ ՄԱՏՈՒՌ
Մատուռի կառուցումը. Վրաստանի Քվեմո Քարթլիի տարածաշրջանի Մառնեուլի շրջանի Կարմիր գյուղն ավելի քան 100 տարվա պատմություն ունի: Այն հայաբնակ է: Այստեղ հիմնականում բնակվում են Արևմտյան Հայաստանից տեղահանվածների ու փրկվածների սերունդները։ Այստեղ հայերը պահել ու պահպանել են իրենց լեզուն, հավատքը, ազգային արժեքները։ Ապրելով խորհրդային տարիների աստվածամերժման ժամանակաշրջանում՝ չեն ունեցել իրենց աղոթատեղին ու եկեղեցին, սակայն 2012 թվականին համայնքի բնակիչ Վիլիխան (Վիլիկ) Խաչատուրյանի նախաձեռնությամբ և համայնքի այլ անդամների ու Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի Առաջնորդարանի աջակցությամբ, կառուցվեց Կարմիր գյուղի Սրբոց Ավետարանչաց աղոթատունը: 2012 թվականի հունիսի 2-ին, ձեռամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, կատարվեց նորակառույց աղոթատան օծման կարգը: Մատուռի օծման սրբազան արարողության ավարտին անդրանիկ Սուրբ Պատարագ մատուցեց Մառնեուլիի շրջանի հայության հոգևոր հովիվ Տեր Մովսես քահանա Աշուրյանր[1]:
Մատուռի համառոտ նկարագիր. Սրբոց Ավետարանչաց մատուռը ուղղանկյունաձև աղոթատուն է: Ընդհանուր չափսերն են 6.17x4.43մ: Ճակատային պատերը սվաղած են ցեմենտի լուծույթով: Կիսաշրջանաձև մուտքն արևմտյան կողմից է, որի վերևում ծածկոց կա: Երկթեք տանիքը երեսապատված է թիթեղով: Ներքին տարածքում պատերը սվաղած են: Արևելյան մասում՝ մեկ աստիճան բարձրության վրա, սուրբ սեղանն է, որի մեջ տուֆե խաչքար է քանդակված: Հյուսիսային պատին տեղակայված է մկրտության ավազանը[2]:
«Սրբոց Ավետարանչաց» մատուռը Մառնեուլիի շրջանի հայկական ութ համայնքների միակ գործող սրբավայրն է[3]: 2015 թվականին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, Կարմիր գյուղում կանգնեցվեց Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակի խաչքար:
Հուշակոթողը կանգնեցվեց ծնունդով տեղացի, այժմ ռուսաստանաբնակ Դավիթ Դավթյանի, Գրիգորի Էլոյանի նախաձեռնությամբ և հովանավորությամբ։ Նրանց են միացել նաև ՌԴ տեղափոխված մի շարք կարմիրգյուղացիներ: Հիշատակի խաչքարի հանդիսավոր օծումը տեղի ունեցավ 2015 թվականի հունիսի 26-ին:
Կարմիր գյուղում կանգնեցված Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակի խաչքարը առաջինն է Քվեմո Քարթլիի տարածաշրջանի Մառնեուլիի հայաբնակ գյուղերի շրջանում[4]։
Վիրահայոց թեմ
Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն
[1]«Էջմիածին», 2012, ( Զ), էջ 140:
[2]Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն: Վիրահայոց թեմ:
[4]http://armenianchurch.ge/hy/news/34-news/959-karmir-gyugh: Վիրահայոց թեմի մամալո դիվան: