ՆԱՐԴԵՎԱՆ - ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ ԵԿԵՂԵՑԻ
ՀԻՄՆԱԴՐՎԵԼ Է 19-ՐԴ ԴԱՐԻ ԱՌԱՋԻՆ ԿԵՍԻՆ:
Եկեղեցու հիմնադրումը. Ծալկայի շրջանի Նարդևան գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցու վերաբերյալ հիմնական տեղեկությունները հաղորդում են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վրաստանի և Իմերեթի թեմի կոնսիստորիայի ֆոնդի արխիվային վավերագրերը: Մասնավորապես, ամենավաղ հիշատակությունը թվագրվում է 1839-1840 թվականներով: Նարդևան գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցու հիմնադրման նույնանման տեղեկություն է հաղորդվում նաև Վրաստանի ազգային արխիվում պահվող համապատասխան ֆոնդերում[1]: 1840 թվականի թեմի եկեղեցիների տեղեկագրի համաձայն` Սուրբ Սարգիս եկեղեցու ծխականների թիվը 334 էր[2], քահանա է հիշատակվում Տեր Մանուկ Սարգսյանը[3]: 1860-ական թվականներին եկեղեցին հիշատակվում է՝ որպես քարաշեն կառույց[4]: 1885 թվականին «Արձագանք» թերթում տպագրված «Ճանապարհորդական հիշատակարան»-ի հաղորդած տվյալներով, շրջանի հայկական եկեղեցիներում պահվող արծաթյա անոթեղենները և ավետարանները հայ գաղթականներն իրենց հետ բերել էին նախկին բնակավայրերից: Նարդևան գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցին ևս ունեցել է գրչագիր թղթյա Ավետարան` գրված Երզնկա քաղաքում հայոց ՌԽԱ թվին («ի' Հայրապետութեան Տեառն Դաւթի և յարքեպիսկոպոսութեան Երզնկայի Տեառն Ռոտակեսի»)[5]: Եկեղեցին ունեցել է նաև Ժամագիրք, Խորհրդատետր, Սիմեոնի փոքր Տոնացույց[6]:
Ճարտարապետություն․ Եկեղեցին եղել է կոփածո քարաշեն, թաղակապ կառույց` շրջապատված քարուկրյա պարսպով[7]: Տաճարը կառուցված է կարմիր տուֆից, պատկանում է բազիլիկ տիպին: Եկեղեցու արևելյան մասը կիսագետնափոր է: Ընդհանուր չափսերն են 12,01x9,54 մ: Մուտքը արևմուտքից է, որի վերևի հատվածը զարդանախշված է: Մուտքի անմիջապես վերևում առկա են երկու հայատառ արձանագրություններ[8]․
1. 2005. ՆՈՐՈՔԵՑ ՊԱՐՈՆ | ԳՐԻԳՈՐ ՄԵԼԹՈՆՅԱՆ. Ֆ. (Թարգմանություն, 2005. Վերականգնված պարոն Գրիգոր Մելտոնյան Ֆ. կողմից)։
2. ՅԻՇԱՏԱԿԵՆ ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ ԵԿԵՂԵՑԻՍ | Ի ԳՈՒՂՆ ՆԱՐՏԻՎԱՆՆՈՒ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ [Ե] ՄԻ | ԿԳԴԵԼՈՆԵՐՆ Ի ԿԱՐՆԱ ՆՈՐՈՔԵՑԻՆ 1865 ԱՄԻ.
(Հիշատակ է Սբ Սարգիս եկեղեցիս ի գյուղն Նարդևանու հասարակության նորոգեցին 1865 ամի)[9]:
Ծխատեր քահանաներ.Նարդևան գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցու քահանաներից են եղել Հակոբ քհն. Մարտիրոսյանը[10], Թորոս քհն. Սնղճյանցը[11]: Քահանայագործել են 1860-1880-ական թվականներին:
Դպրոց. Նարդևան գյուղի մեկ սենյակից բաղկացած եկեղեցա-ծխական դպրոցը տեղակայված է եղել եկեղեցու գավթում[12]: Հետագայում փակվել է: 1906 թվականի դրությամբ գյուղը դպրոց չի ունեցել[13]:
Եկեղեցու վերանորոգություն. Խորհրդային տարիներին Նարդևան գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցին ևս փակվել է և վերածվել պահեստի: Համագյուղացիները վկայում են, որ եկեղեցու զանգը հանվել և որպես գույք հանձնվել է գյուղի դպրոցին, սակայն հետագայում համագյուղացիների ջանքերով այն հետ է վերադարձվել եկեղեցուն[14]: Հետխորհրդային տարիներին եկեղեցին մասնակի վերանորոգության է ենթարկվել գյուղի բնակիչների կողմից: Ներկայումս եկեղեցին գործում է և ծառայում ժողովրդի հոգևոր կարիքներին։
Վիրահայոց թեմ
Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն
[1]Վրաստանի ազգային արխիվ: https://archival-services.gov.ge/saeklesio/regions/location/48:
[2]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3800, թ. 4 և շրջ.:
[3]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 457, թ. 55 և շրջ.:
[4]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3848, թ. 75:
[5]«Արձագանք», 1885, N 3, էջ 41:
[6]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 2589, թ. 123:
[7]«Արձագանք», նույն տեղում:
[8]Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն:
Վիրահայոց թեմ:
[9]Ա. Դավիթյան, Հայկական և հայախառը բնակավայրերը Վրաստանում, Երևան 1997, էջ 421:
[10]ՀԱԱ, ֆ. 53, ց. 2, գ. 4285, թ. 2:
[11]ՀԱԱ, ֆ. 53, ց. 2, գ. 4292, թ. 2; գ. 4316, թ. 2:
[12]«Արձագանք», նույն տեղում:
[13]ՀԱԱ, ֆ. 35, ց. 1, գ. 174, թ. 61: